Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 11-ից հետո ամերիկացի ճանաչված լրագրող, ԱՄՆ կառավարության մամուլի ծառայության աշխատակից Կա

Նոյեմբեր 17,2001 00:00

Արեւմուտքի վերջը եկել է Սեպտեմբերի 11-ից հետո ամերիկացի ճանաչված լրագրող, ԱՄՆ կառավարության մամուլի ծառայության աշխատակից Կարլ Ռոուենի 2001թ. սկզբում տպագրված գիրքը՝ «Մոտալուտ ռասայական պատերազմն Ամերիկայում», իսկական մարգարեություն է թվում։ «Ամերիկան կանգնած է ռասայական եւ կրոնական պատերազմի առջեւ, որը կկործանի նրան։ Այդ պատերազմի նախանշաններն ամենուրեք են։ Ես զգում եմ նրա շունչը»,- նախազգուշացնում էր Ռոուենը։ Ըստ նրա՝ սպասվող պատերազմի եւ դրա հետեւանքով ծնված ներքին տեռորի համեմատությամբ Քաղաքացիական պատերազմը, որը միլիոնավոր կյանքեր խլեց եւ ծաղկող Հարավը փլատակների կույտ դարձրեց, ընդամենը մանկական խաղ կթվա։ Այս դաժան հեռանկարը սպառնում է Ամերիկային։ Իսկ Եվրոպա՞ն։ Եվրոպային ի՞նչ է սպասվում։ Այստեղ էլ կապույտ երկինք ու վարդագույն եզերք կարծես չի երեւում։ Ըստ ամերիկացի դեմոգրաֆ Նիկոլաս Էբերստատի կանխատեսումների, հինավուրց Եվրոպայի ներկայիս վիճակը բավականին տխուր եզրահանգումների տեղիք է տալիս։ Մասնավորապես, պրն Էբերստատը կարծում է, թե Երկրագնդի ողջ բնակչության թվաքանակը մինչեւ 2050թ. անընդհատ կաճի՝ հասնելով մոտավորապես 9-10 մլրդ-ի, որից հետո աճը կկանգնի։ Բայց արդեն արեւմտյան քաղաքակրթության ճակատագիրը որոշված կլինի։ Ընդ որում, որեւէ լավ բան եվրոպացիների համար այդ ճակատագիրը չի հուշում։ Սակայն խոսենք թվերի լեզվով։ 1950թ. Երկրագնդի 12 ամենաշատ բնակեցված երկրներից 5-ը զարգացած եւ առաջավոր էին՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, ԳՖՀ-ն, Իտալիան եւ Ֆրանսիան։ Ընդամենը 5 տարի անց՝ 1955-ին, այդ ցուցակում զարգացած երկրներից մնացին միայն ԱՄՆ-ը եւ ԳՖՀ-ն։ Փորձենք պատկերացնել, թե 2050թ. որոնք կլինեն աշխարհի ամենախիտ բնակեցված երկրները, եթե այսօր պատկերը հետեւյալն է. Հնդկաստան (1 մլրդ 231մլն բնակիչ), Չինաստան (1 մլրդ 198 մլն), Պակիստան (306 մլն), Նիգերիա (279 մլն), ԱՄՆ (272 մլն), Ինդոնեզիա (251 մլն), Բրազիլիա (188 մլն), Բանգլադեշ (178 մլն), Եթովպիա (176 մլն), Զաիր (146 մլն), Իրան (143 մլն), Մեքսիկա (127 մլն)։ Բնականաբար, պետք է հաշվի առնել այն փաստը, որ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում բնակչության աճը շատ ավելի դանդաղ է ընթանում, քան, ասենք, Զաիրում եւ Եթովպիայում։ Եվրոպացիները մինչեւ 10 անգամ չափում են ու մի անգամ կտրում, աֆրիկացիները հասցրած են լինում 10-12 երեխա ունենալ։ Եվ ընտանիքի պլանավորման կենտրոնների հետ էլ բանգլադեշցիներն ու հնդիկները կարծես այնքան լավ հարաբերություններ չունեն, որքան ամերիկացները, որոնք տասնյակ գիտահետազոտական ինստիտուտներ են աշխատեցնում՝ «ինչպես երեխա չունենալ» գլուխկոտրուկի հերթական, հազարերորդ լուծումը գտնելու համար։ Այս ամենը գալիս է ասելու, որ ոչ այնքան հեռու ապագայում, ժողովուրդները, որոնք մի քանի տասնյակ տարի առաջ Արեւմուտքի գաղութային տիրապետության տակ էին գտնվում, կդառնան Երկրագնդի լիիրավ տերերը։ Ն. Էբերստատի կանխատեսումներով, 2050-ին Ֆիլիպիններում շատ ավելի մարդ կբնակվի, քան ցանկացած եվրոպական երկրում՝ ներառյալ Ռուսաստանը։ Այսօր Եվրոպայում ապրում է մոտավորապես այնքան մարդ, որքան Աֆրիկայում, այնինչ 21-րդ դարի կեսերին Աֆրիկայի բնակչության թիվը եռակի կգերազանցի Եվրոպայի բնակչության թվին։ Եվրոպան՝ իր պլանավորված ընտանիքներով, շատ շուտով կդառնա ծերուկների աշխարհամաս. «Իտալիայում 2050 թվին մինչեւ 5 տարեկան երեխաների թիվը կկազմի բնակչության հազիվ 2%-ը, այն դեպքում՝ երբ 65-ն անց մարդիկ կկազմեն 40%-ը»,- կանխատեսում է Էբերստատը։ Այս մռայլ վիճակը սպառնում է ողջ Եվրոպային, որտեղ, ըստ դեմոգրաֆիկ տեսությունների, մինչեւ 2050 թ. 7 տարեկանից ցածր յուրաքանչյուր երեխայի դիմաց կբնակվի 65-ից մեծ 4 ծերունի։ Բնականաբար, այս բոլոր տվյալները խոսում են ոչ միայն արեւմտյան քաղաքակրթության կործանման, այլեւ՝ քրիստոնեության նահանջի եւ իսլամի հզոր վերելքի մասին։ Այսինքն, առանց թալիբների ուժային մեթոդների էլ, ըստ դեմոգրաֆների, ոչ շատ հեռու ապագայում, իսլամը տոնելու էր իր հաղթանակը։ Հնդկաստանը նպատակասլացորեն վերաճելու է Հարավային Ասիայի եւ Հնդկական օվկիանոսի տարածաշրջանի գլխավոր ուժը, ընդ որում, այդ ժամանակ արդեն Հնդկաստանի մուսուլման բնակիչների թիվը հարյուրավոր միլիոնների կհասնի, իսկ երկիրն ինքը շրջապատված կլինի խիտ բնակեցված մուսուլմանական երկրներով։ Եվ ընդհանրապես, եթե չլիներ համոզմունքը, որ, ի տարբերություն Հայաստանի սոցիոլոգիական-վիճակագրական ծառայությունների, ամերիկյանները իրենց վիճակագրությունը չեն համապատասխանեցնում սրա կամ նրա քիմքին, կարելի էր պնդել, որ բերված թվերը փաստում են, որ դեմոգրաֆիկ տենդենցները իսլամական ժողովուրդների շահերից են բխում։ Նորից դառնանք թվերի խոսուն լեզվին. բերենք Եվրոպայի մահմեդական բնակչության մի քանի թվային տվյալներ, ընդ որում՝ ոչ այնքան թարմ։ Եվ այսպես, Ֆրանսիայում բնակվում է 3 մլն մահմեդական, Գերմանիայում՝ 2 մլն, Անգլիայում՝ 2 մլն, Իտալիայում՝ 500 հազար, Սկանդինավներում՝ 500 հազար, Հոլանդիայում՝ 350 հազար, Բելգիայում եւ Ավստրիայում՝ 300 հազարական, Իսպանիայում՝ 250 հազար եւ Շվեյցարիայում՝ 200 հազար։ Նորից հիշելով եվրոպացիների չաճելու եւ իսլամական բնակչության գերաճելու «խասյաթները», ստիպված ենք ցավով արձանագրել, որ Եվրոպայի տխուր ապագան կանխորոշված է։ Այս մռայլ ֆոնի վրա դիտարկելով աշխարհաքաղաքական ներկա իրադարձությունները, պիտի նկատենք, որ եթե նույնիսկ բուշյան քաղաքականությունն Աֆղանստանում հաղթանակով ավարտվի (ինչին շատ վերլուծաբաններ խիստ կասկածում են), դա մարդկությանը չի փրկի իսլամիզմի ահագնացող վտանգից։ Արեւմտյան քաղաքակրթության վերջն, այնուամենայնիվ, հեռու չէ։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել