Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արդեն երկու տարի է դիմում եմ տարբեր ատյաններ, ինչպես նաեւ «Առավոտին»՝ բողոքս ուղղելով կոնկրետ պաշտոն

Նոյեմբեր 17,2001 00:00

Օրենքների «տեղը» լավ գիտեմ Արդեն երկու տարի է դիմում եմ տարբեր ատյաններ, ինչպես նաեւ «Առավոտին»՝ բողոքս ուղղելով կոնկրետ պաշտոնատար անձանց, որոնց անտարբերությունից եւ թուլությունից երեւում է, որ մեր երկրի մենաշնորհն է «կաշառակերությունը»։ Վերջերս ոչ միայն նորից դիմեցի «Առավոտին», այլեւ հորս միջոցով բողոքս գրավոր հանձնեցի նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Պ. Հայրիկյանին, որտեղ խոստումներ տալուց հետո, թե այս անգամ գոնե հետամուտ կլինեն, չգիտես ինչու, մեկ ամիս գանգատս իրենց մոտ պահելուց հետո «պաս» տվեցին Գլխավոր դատախազությանը, դե, սրանք էլ արեցին այն, ինչ անում են շուրջ երկու տարի, այսինքն, «չենք ուզում, չենք անում, լավ ենք անում եւ վերջ»։ Հետաքրքիր է, գլխավոր դատախազը տեղյա՞կ է, թե ինչպես են աշխատում իր ենթակաները, իսկ կոնկրետ՝ նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Սամվել Մանուկյանը։ Քանզի ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Նոր Նորք համայնքի դատախազությունը կաշառք ուտելու միջոցով կայացրել է ապօրինի որոշում ի օգուտ 4 հանցագործների, ոտնահարելով օրենքն ու իմ իրավունքները իբրեւ քաղաքացու, առավել եւս՝ իբրեւ 1-ին խմբի հաշմանդամի։ Ամբողջ հանրապետության մասշտաբով՝ թերթի միջոցով, որոշ պաշտոնատար անձանց մեղադրում եմ կաշառակերության մեջ. փոխարեն որեւէ մեկը վերադաս օրգաններից այցելեր ինձ, պարզելու, թե այդ ինչ եմ ասում թերթով մեկ կամ էլ թե սխալ եմ, թե ճիշտ, այլ պարոն Մանուկյանը հենվելով կաշառակերների տված տվյալների վրա, շատ հանգիստ ձեւով ինձ պատասխանում է, որ այդ հարցը լուծեմ դատական կարգով։ Հարգելի պարոն Մանուկյան, ես դատարանի տեղն էլ լավ գիտեմ, օրենքներն էլ, իմ իրավունքներն էլ, այն էլ եմ հասկանում, որ դուք գիտակցելով հովանավորում եք կաշառակերներին եւ ձեր թողտվությամբ նպաստում եք մեր համայնքի բարձիթողի վիճակին (երեւի այդ գումարից իրենց էլ է բաժին հասել)։ Այս անգամ էլ դիմեմ նոր գլխավոր դատախազին՝ Արամ Թամազյանին. – Խնդրում եմ լուծեք իմ արդար պահանջը, որ ձերբակալվեն իմ նկատմամբ խարդախություն կատարած անձինք՝ Գագիկ եւ Գառնիկ Սուքիասյանները, Արթուր եւ Գագիկ Ադոջյանները։ Հեռուստատեսությամբ «02»-ով պատժում են այն մարդուն, որը 4000 դրամ է վերցրել եւ չի կարողանում վերադարձնել, իսկ իմ 2000 դոլարի համար ոչինչ չեն անում, առաջինի դեպքում որակում են իբրեւ խարդախություն, իսկ իմ դեպքում՝ բարություն (2000 դոլարն ո՜ւր, 4000 դրամն ո՜ւր)։ Հիմա էլ իմ իրավունքների մասին։ Նախ, ի՞նչ է անում Հայրիկյանն իր թիմով, եթե նույնիսկ նախագահի հովանու տակ չի կարողանում ազդել որեւէ պաշտոնատար անձի վրա, երբ նրանք գռեհկորեն խախտում են մարդու իրավունքները, ոտնատակ անում Սահմանադրությունը։ Եթե նույնիսկ իրենց թողտվությամբ նպաստում են կաշառակերության ծաղկմանը, ապա երեւի ճիշտ կլիներ նման կազմակերպությանը տալ հակառակ անուն՝ «հանցագործների եւ կաշառակերների իրավունքների պաշտպանության» հանձնաժողով։ Վերջապես ձանձրացել եմ արդեն ձեր կառավարման ատյաններից, ձեր արարքով տանում եք ողջ ժողովրդին կործանման։ Ժողովրդին տալիս եք «ընտանեկան նպաստ», իսկ երբ որեւէ մեկը իր հարազատից, դրսից մի ծանրոց է ստանում, իսկույն իմանում եք եւ կտրում այդ խղճուկ գումարը, իսկ երբ ամբողջ երկրով մեկ ես կոնկրետ անձանց մեղադրում եմ կաշառակերության եւ օրենքը խախտելու մեջ, չե՞ք լսում, թե՞ պարզապես ձեզ համար սովորական երեւույթ է կաշառակերությունը, իսկ նման մարդիկ էլ ոչ միայն մնում են իրենց տեղում, այլեւ չեն էլ փորձում իրենց «սխալն» անգամ ուղղել։ Անհարմար է, վերջապես, չէ որ Եվրամիությանը խոսք եք տվել սահմանադրական օրենքների ճիշտ կատարում, իբրեւ թե պատժում եք կաշառակերներին, գողերին եւ կանխում բազում բացասական այլ երեւույթներ։ Բա նման ձեւով մտնո՞ւմ են եվրոպական ընտանիք կամ էլ կազմակերպում «կեղծ» տոնակատարություն նվիրված քրիստոնեության ընդունման 1700-ամյակին (ամոթ է, ամոթ)։ ԳԱՅԱՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել