Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մի

Նոյեմբեր 17,2001 00:00

ԹԻՎ ԿԱ ԱՍՏՂԵՐԻՆ, ԹԻՎ ՉԿԱ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ Մի քանի տարի սրանից առաջ Հայաստանում կար հարյուր փաստաբան (կառավարության կողմից սահմանված էր քվոտա) եւ այդ քանակը լիովին բավարարում էր բնակչությանը իրավաբանական ծառայություն մատուցելու պահանջարկը։ Իսկ այսօրվա դրությամբ, փաստաբանների թիվն ավելացել է շուրջ յոթ անգամ։ Արդյունքում առաջացել է փաստաբանական ծառայության առաջարկի եւ պահանջարկի ահավոր դիսպրոպորցիա (անհամամասնություն)։ Շատ փաստաբան ունենալու ձգտում ունեցողները վկայակոչում են, թե արտասահմանյան որոշ երկրներում հազար բնակչի հաշվով, մեր համեմատ, փաստաբանները շատ են։ Սակայն հաշվի չեն առնում, որ այդ երկրներում հարյուր հազար բնակչի հաշվով հանցագործությունների թիվը շուրջ 15 անգամ ավելի է, իսկ քաղաքացիական գործերի թիվը՝ հարյուրավոր անգամ։ Ուստի, պետք է ղեկավարվել խելամիտ բավականաչափության սկզբունքով, այն է՝ պետք է ունենալ այնքան փաստաբան, որքան պահանջարկ կա։ Իրողություն է նաեւ այն, որ Երեւանը դարձել է համատարած իրավաբանների քաղաք, գրեթե բոլոր ընտանիքներում իրավաբան կամ իրավաբանի դիպլոմ ունեցող կա, ուստի շատ քչերը փաստաբանի կարիք կունենան։ Իսկ եթե որոշ ընտանիքներում իրավաբան չկա, ապա հարեւանի, բարեկամի ընտանիքում, անպայման, գոնե մեկը կլինի եւ, հարկ եղած դեպքում, իրենց անվճար իրավական օգնություն ցույց կտա։ Եթե Հայաստանում 96 մասնավոր բուհ կա եւ բոլորն էլ, գրեթե, առանց բացառության, իրավաբանական ֆակուլտետ ունեն, հետեւաբար, տասը տարիների ընթացքում նրանք 50 հազար իրավաբանի դիպլոմ տված կլինեն, որոնք, առանց արտոնագրի էլ, պոտենցիալ փաստաբաններ են, եւ այդ թիվը յուրաքանչյուր տարի ավելանում է շուրջ 5 հազարով։ Փաստաբանական գործունեության մասին օրենքի համաձայն, փաստաբանական գործունեություն կարող է իրականացնել այն անձը, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, ներառյալ՝ արտոնագրված ոչ պետական բուհի կրթությունը։ Սակայն, փաստորեն, փաստաբան են ընդունվում նաեւ նրանք, ովքեր չարտոնագրված բուհի դիպլոմ ունեն։ Հարկ է նշել, որ փաստաբանական ծառայություն մատուցելու առաջարկի եւ պահանջարկի անհամամասնությունն առաջ է բերել փաստաբանի կախյալ վիճակ քննիչից ու դատավորից։ Պրակտիկան ցույց է տալիս, որ պաշտպանին հիմնականում ընտրում են ոչ թե մեղադրյալը կամ ամբաստանյալը, այլ քննիչն ու դատավորը, նրանք են խորհուրդ տալիս, թե որպես պաշտպան ում հրավիրել։ Դրա ապացույց է հանդիսանում նաեւ այն, որ նույն (իրավաբանական աշխարհում ճանաչում չունեցող) փաստաբանը հաճախ է մասնակցում նույն քննիչի կամ դատավորի, ինչպես նաեւ նույն քննչական բաժնի եւ նույն դատարանի վարույթում գտնվող գործերի քննությանը։ Փաստորեն, քրեական գործերի քննությանը մասնակցող փաստաբանները 30-40 հոգի են։ Նրանցից յուրաքանչյուրը, որպես պաշտպան, ավելի շատ գործերի քննության են մասնակցում, քան ուրիշ 50-60 փաստաբան միասին վերցրած։ Հարկ է նշել նաեւ, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու եւ կանխարգելելու միջոցառում կհանդիսանա նաեւ այն, որ պարզվի, թե ինչու նույն քննիչի, նույն դատավորի վարույթում գտնվող գործերի քննությանը, հիմնականում, նույն փաստաբանն է մասնակցում, այն դեպքում, երբ հանրապետությունը ողողված է փաստաբաններով, որոնք անգործության են մատնված փաստաբանի պահանջարկի սակավության պատճառով եւ պարապության մատնվելու հետեւանքով որակազրկվում են։ Եվս մի հանգամանքի մասին։ Փաստաբան դառնալու մոլեռանդ ձգտում չէր լինի, եթե մեր քրեական դատավարության օրենսգրքով սահմանված չլիներ, որ պաշտպան կարող է լինել միայն փաստաբանը։ Նման պահանջի պատճառով կասկածյալը, մեղադրյալը կամ ամբաստանյալը չի կարող որպես պաշտպան հրավիրել նույնիսկ իրավագիտության դոկտորին, ճանաչված քրեագետին, 30-40 տարի դատավոր ու դատախազ աշխատած իր հարազատին, ծանոթին ու բարեկամին, միայն այն պատճառով, որ նա արտոնագիր կոչվածը չունի։ Քանի որ իր ցանկությամբ պաշտպան ընտրելու իրավունքից զրկելը անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտում է, ուստի անհրաժեշտ է քրդատօրի 68-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «Պաշտպան է նա, ում ցանկանում է հրավիրել կասկածյալը, մեղադրյալը կամ ամբաստանյալը»։ ՇԱԼԻԿՈ ԴԱՐԲԻՆՅԱՆ Փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել