վահրամ մարտիրոսյան խաչի անվամբ ծպտվածները նախորդ գլուխների համառոտ բովանդակությունը 1123թ.: Երուսաղեմի թագավոր Բալդուին Բ-ի զորքը ջարդվում է Բալակ ամիրայի կողմից: Թշնամուց հետապնդվող մի խմբի Բեհեսնի բերդաքաղաք է ընդունում Լեւոն Ռուբինյանը, թեեւ ավագ եղբոր` Կիլիկիայի իշխանաց իշխան Թորոսի դրդմամբ պայման էր կնքել ամիրայի հետ` չաջակցել խաչակիրներին: Բեհեսնի է ժամանում նաեւ ներկա թագուհի Եվմորֆիան, որից թուրքերը շատ բարձր փրկագին են պահանջում գերված թագավորի համար: «Ֆրանկների» վիճակը բարդացնում է այն, որ նախկինում գերվել էր Եդեսիայի կոմս Ժոսլինը, որի դուստր միանձնուհի Ստեֆանին էլ Բեհեսնիում է եւ տեղավորվել է գավառի ատենադպիր Մատթեոս քահանա Ուռհայեցու տանը: Թագուհու հրամանով Մարաշի կոմս Ժոֆրուա Վանականը նշանակվում է խաչակիր զորքերի սպարապետ: Նրան են շնորհվում Եդեսիայի կոմսության գավառներ, ինչը վիրավորում է Ստեֆանիի կրտսեր եղբայր Ժոսլինին: Իսկ Լեւոն իշխանի ձիանոցում հանկարծ բոր է տարածվում, որի պատճառը դեղերի թերի մատակարարումն է: Կալանավորվում է ավագ ձիապահը, որին հետո գտնում են խցում խեղդված: Կասկածվում են գանձապետ Դերենիկը եւ ախոռապետ Դամիանոսը: Մատթեոսը տեղատարափի տակ մնալու պատճառով ծանր հիվանդացել է. Ստեֆանին հաճախ աղոթք է կարդում նրա սնարի մոտ: 33. մինչդեռ կիրակի երեկոյան աներեւակայելի բան պատահեց, որն աղետի պատճառ դարձավ Բժիշկ Տիրատուրը նորից բաժակ էր գցել մեջքիս, իրիցկինն արդեն պոկել էր դրանք, բայց ես շատ թույլ էի զգում ինձ, նույնիսկ ավելի թույլ, քան` նախորդ օրը: Ձեռք ու ոտքիս մատները թմրել ու սառչում էին, ինչը ստույգ նշան համարեցի, որ շուտով Աստծո դատաստանին կներկայանամ: Բայց ուրիշ բան չէի էլ փափագում, միտքս ոչինչ չէր քաշում դեպի կյանքի ունայն գրավչությունները: Իրիցկինն ուշադիր ինչ-որ սփռոց էր ասեղնագործում` մեկ-մեկ տարօրինակ հայացք գցելով Ստեֆանիի կողմը, որ Սուրբ գրքից սաղմոսներ, աղոթքներ ու առակներ էր կարդում, իսկ հայրս զմայլված լսում էր ընթերցանությունը, չնայած լատիներեն չէր հասկանում: Երբ միանձնուհին ավարտեց ու տեղից վեր էր կենում, հայրս անսպասելի խոսակցություն բացեց. – Ֆրանկները փոմփոլավոր ձիեր կ՛սիրե՞ն, չէ՞, անուններն էլ Տուբեթ կ՛դնեն,- հարցրեց նա Ստեֆանիին: – Մենք արտասանում ենք` «տուպետ», որ հենց փոմփոլավոր է նշանակում,- պատասխանեց միանձնուհին եւ, առանց քաշվելու, չռված ձեռքով իր գլխաշորի գագաթին ձիու բաշի ցցունքը պատկերեց: – Լավ բան է լեզու իմանալը,- հոգոց հանեց հայրս,- այ, մարդ լատիներեն գիտենար: Մատթեոսը շատ լեզու գիտե, իսկ ես` մենակ արաբերեն: Բայց արաբերենը չեմ հաշվե, որովհետեւ արհեստիս շնորհքն է, որ գիտեմ: Պայտարը մե դանգի արժեք չունի առանց արաբերենի: Ճիշտ կըսեմ,- հավատացրեց նա, երբ տեսավ, որ Ստեֆանին ժպտում է,- գերի ընկնիս, Սեբաստիայի շուկայում ծախեն, զույգ՛մ կոշիկի հետ փոխող չի ճարվի, թե որ իմացան` պայտար ես ու արաբերեն չգիտես: Ձիերի բոլոր տեսակների, մարմնի անդամների անուններն արաբերեն են… որոշներն են մենակ պարսկերեն, էն էլ` հնուց եկող բան է: Իսկ մեր արհեստի գրքերն արաբերեն են ու արաբերեն: – Ես Երուսաղեմում եղած ժամանակս ընդամենը մի քանի արաբերեն բառ եմ սովորել, բայց հունարենին լավ ծանոթ եմ, քանի որ երկրորդ մորուս հոռոմ էր,– ասաց միանձնուհին` խորթ մորը ռամիկների ձեւով «մորու» կոչելով: – Հունարենն` ի՞նչ, հայ չկա, որ չիմանա,- առանց ձեռագործից կտրվելու նետեց իրիցկինը,- իսկ ես նույնիսկ հայերենից էլ լավ գիտեմ: Եդեսիայում` նրա հորական տանը հայերեն համարյա չէին խոսում, որը կարելի էր բացատրել նրանով, որ աներս հունարենի քերական էր: – Տավրոսյան լեռներն անցար, առանց հունարենի մարդահաշիվ չես: Չէ, ի՞նչ կ՛ըսեմ` անլեզու-անբերան անասուն ես,- արձագանքեց հայրս:- Էդոր համար էլ հոռոմների քթերը ցից են. իրանք ուրիշ լեզու չ՛գիտեն, բացի` հունարենից, բայց հիսուն տարի էլ մեր մեջ ապրին, հայերեն սովորողը չեն: Մեր շահնշահ Գագիկը ողջ չեղներ, որ էդոնց օրուարեւ չտար: Ստեֆանին ինձ հարցրեց, թե ով է շահնշահ Գագիկը: Ես բացատրեցի, որ հայրս խոսում է մեր հին հայրենիքի` Հայաստանի Գագիկ Բ Բագրատունու մասին` Աշոտի Արքայի որդու, Գագիկի որդու, Աբասի որդու, Սմբատի որդու, Երկաթի որդու, որն Անիի թագավորության վերջին գահակալն է եղել: Նա իշխել է ընդամենը երկու տարի` Փրկչի 1043-45 թվականներին, երբ Վահրամ Պահլավունի սպարապետի օգնությամբ մաքրեց երկրի սահմանները թուրքերից եւ հրաժարվեց կատարել իր հորեղբոր` Հովհաննես-Սմբատ թագավորի կտակը: Մինչդեռ այդ մորթապաշտը Բյուզանդիային էր ժառանգել Անին` դիմացը ստանալով խաղաղության հավաստիքներ ու ցմահ բարձր ռոճիկ: Տեսնելով, որ տասնութամյա պատանին ամրացնում է իր գահը եւ տիեզերահռչակ Անին գնում է ձեռքից` Կոստանդին Իներորդ Մոնոմախ կայսրն այն աստիճան է ցնորվում, որ որպես միջնորդ ու երաշխիք ուղարկելով Քրիստոսի ավետարանն ու Սուրբ Խաչի նշանը, նրան կանչել է Կոստանդնուպոլիս` իբր թե հորեղբոր կտակը չեղյալ հայտարարելու ու բարեկամության դաշինք կնքելու: Պատմում են, որ բովանդակ քաղաքը դղրդացել – դուրս է եկել հայոց Գագիկին արքայավայել դիմավորելու, եւ օրեր շարունակ կայսրը մեծարել է նրան: Բայց, սուտ երդումներով մեծամեծներին վերացնելու բյուզանդական սովորությանը հավատարիմ, Մոնոմախը կալանել է պատանուն, հենց որ հայ իշխաններն, արքայադավ Սարգիսի հրահրմամբ, որին կայսրը շնորհել էր վեստի տիտղոս ու համապատասխան ռոճիկ, որ հայոց կողմերի համար չափազանց ճոխ էր, Կոստանդնուպոլիս էին ուղարկել Անիի քառասուն բանալիները: – Միջագետքում եւ Կիլիկիայում հայերը շատացել են հատկապես այդ ժամանակներից,- պարզաբանեցի ես: – Իսկ ի՞նչ պատահեց այդ թագավորի հետ,- հետաքրքրվեց Ստեֆանին: – Նա անսասան է մնացել երեսուն օր, բայց երբ տեսել է, որ ուրիշ հնար չկա, ստորագրել է Անին հանձնելու թուղթը: Բազիլեւսն էլ նրան, որպես թագավոր մարդու, նվիրել է Կեսարիայից ոչ հեռու գտնվող Կալոն Պիղատ ու Պիզու քաղաքները, որոնք այդ ժամանակ դեռ կայսրության խորքերում էին: Բայց որպեսզի Գագիկը հանկարծ նորից չապստամբի, Մոնոմախը չի վստահել նույնիսկ, որ նա անձամբ տեղափոխի իր տունն ու ցեղը, այլ պալատականներից մեկին է հանձնարարել այդ գործը: – Մարտիրոս պապդ կ՛պատմեր, որ երբ Անիի զորքն ու ժողովուրդն իմացել են նախարարների նենգությունը, հավաքվել են առաջին թագավորների գերեզմանոցում, աղիողորմ սգացել են հայոց գահը, ողբացել, որ անտերունչ են դարձել ու զարհուրելի անեծքներ են թափել Գագիկին դավողների գլխին: Բայց հետո թագավորը ոխը լավ հանեց հոռոմներից,- բռունցքը թափ տվեց հայրս:- 1065 թվականին էր, ես տասնվեց տարեկան տղա էի` տասնյոթի մեջ: Էդ տարի էր, որ Կարսի Գագիկ Բագրատունին, ում որ մյուսից տարբերելու համար Աբասյան կ՛ըսենք, սելջուկների ահից թագավորությունը հոռոմներին տվեց, մեր ընտանիքն էլ, թափառական եղած, հաստատվեց Կեսարիայում: Մեկ էլ լուր առանք, թե Անիի Գագիկը կու՛գա մեր քաղաք: Գնացինք թագավորին տեսնելու, Արեւմտյան դարպասներից ուղեկցեցինք մինչեւ հրապարակ: Ջղայնացած կ՛երեւար: Բայց շատ զարմացանք, որ մետրոպոլիտ Մարկոսի պալատն իջեւանեց, չգնաց հայ մեծատունների մոտ, չնայած կ՛աղաչեին-կ՛պաղատեին: Ճիշտ է, Մարկոսը Կեսարիա քաղաքի տերն էր ու հույների երկրով մեկ մեծ համբավ ուներ, բայց շատ կ՛անարգեր հայ ազգն ու շների անունը Արմեն կ՛դներ: Չնայած որ մեր թագավորին, կամա թե ակամա, վարդապետների ու քահանաների հետ դիմավորեց, տունն էլ զարդարել էր տվել ուզածիդ պես: Չգիտեմ, թե հայրս ինչու էր պատմում այս դեպքը, որը նրանից իմացել էի դեռ փոքրուց: Երեւի թե չիմանալով, թե ուրիշ ինչպես ֆրանկ կոմսի դստերն արտահայտի իր երախտագիտությունը, որ աղոթք է կարդում որդու համար: Բայց ավելի անհասկանալի էր մնում ինձ համար այն, թե ինչն էր, մանավանդ` այլազգիներին, հրապուրում նրա պատմությունների մեջ, որոնք հայրենի բարբառով էր շարադրում, որ բոլորը լսում էին բերանները բաց` ինչպես այս պահին` Ստեֆանին: – Ընձի մեջի մարդ է ըսել, որ իր աչքով ամեն ինչ տեսել է` Մարկոսի հացարար Պետրիկը: Երբ որ քեֆի նստած ժամանակ գլուխները կտաքանան,- շարունակեց հայրս,- թագավորը կ՛ըսե. «Լսել եմ, դու մի ազնվացեղ շուն ունես, մենք ուզում ենք տեսնել դրան»: Մետրոպոլիտը կ՛պատասխանե. «Ահա դռների մոտ մեր դիմացն է»: Թագավորը կ՛պահանջե, որ կանչե: Մարկոսը ուրիշ շան անուն կու՛տա, «Ցերբերո՛ս, Ցերբերո՛ս» կ՛ըսե, մոտիկ չի գա: Գագիկն, ուրեմն, կ՛իմանա, որ իրան կ՛խաբեն, կ՛ըսե` իր անունը տուր, որ մոտենա: Գինին գլուխը տված` Մարկոսը ձեն կու՛տա` Արմե՛ն, Արմե՛ն: Շունը ձագ կ՛եղնի, բայց` մե առյուծի չափ. վռազ մոտիկ կվազե: Մեր թագավորը կ՛հարցնե. «Ինչու՞ ես դրան այդ անունը դրել»: Իսկ մետրոպոլիտը կ՛պատասխանե. «Որովհետեւ լակոտ է»: Գագիկը կ՛հրամայե ծառաներին, որ քրձի մեծ պարկ՛մ բերեն ու շանը գցեն մեջը: Հազիվ կ՛կրնանան էնպես բռնել, որ իրանց շատ չխածռտե: Մարկոսը կ՛կարծե, թե շանը կ՛ուզեն իրանից խլեն, ու կ՛ճվա թագավորի ծառաների վրա: Իսկ թագավորը կ՛ըսե. «Եպիսկոպոսին էլ գցեք` տեսնենք` լակո՞տ է, ինչպես որ ասում է»: Ու նշան կ՛ենե, որ Մարկոսին էլ բռնեն ու պարկի մեջ գցեն: Հետո թիկնապահներին կ՛կարգադրե, որ կլոր դեպի պարկը կանգնին մեջքով ու խթաններով խթեն, մինչեւ որ շունը գազազի: Ահավոր պատերազմ կ՛սկսվի պարկի մեջ, ատամների կրճտոց ու վայնասուն կ՛լսվի: Մենք դուրսն էինք հավաքված, բայց բոռոցներն ու կաղկանձյունը կ՛առնեինք… Օրվա մեծ մասն էդպես կ՛ծեծեին շանն, ու էսիկ կատաղած կ՛թափեր պիղծ հերետիկոսի արյունը: Այ էդպես տանջանքով շանսատակ եղավ Մարկոսը: Ստեֆանին ասաց, որ ինքը միշտ վախեցել է շներից, որովհետեւ երեխա ժամանակ երկու անգամ իրեն կծել են` սրունքից ու ազդրից: Իսկ հայրս, որ նորից հասել էր իր աչքով տեսածին, ոգեւորված պատմեց, որ Գագիկ թագավորը հրամայել է ավարի մատնել Մարկոսի տունը. հափշտակել է ոսկու եւ արծաթի անհամար գանձեր, նրա քառասուն լուծ գոմեշը, վեց հազար ոչխարը եւ ձիերի ու ջորիների մեծ երամակով վերադարձել իր տուն: – Թե որ կ՛ուզես իմանաս,- եզրափակեց հայրս,- էս էր հոռոմոց մեջ Գագիկի կատարածը: Իրանից ո՛չ առաջ, ո՛չ էլ հետո էդպես բան ուրիշը չի էրել: Ես մտածեցի, որ միանձնուհուն դուր չի գա այն, որ Գագիկը եպիսկոպոսի է սպանել, եւ ասացի, որ ես թագավորին ուղեկցող իշխաններից մի քանիսի հետ զրուցել եմ ու պարզել եմ նրա զայրույթի պատճառը: Ժամանակին Դուկաս կայսրը ոչ աստվածահաճո մի ձեռնարկ է հղացած եղել: Առանց վախենալու սուրբ Հոգուց, որ լուսավորեց մկրտությունը, չհիշելով Պողոս առաքյալի պատգամը, թե` «Մկրտվածին երկրորդ անգամ մկրտողները Աստծո որդուն կրկին անգամ են խաչում` մեռած գործ նախաձեռնելով», նա ուզում էր նորից մկրտել հայ ժողովրդին` ըստ Քաղկեդոնի կարգի: Եվ Գագիկը Կեսարիա էր ժամանել Կոստանդնուպոլսից, որտեղ կայսեր հրավերով պալատի ճեմարանում եւ Սուրբ Սոֆիա տաճարի ատյանում հոռոմ իմաստասերների ու հռետոր վարդապետների հետ բանավիճել էր մեր սուրբ դավանանքի շուրջ: Նա հաղթել էր հոռոմներին, քանի որ ճարտարախոս էր ու գիտուն մեր նշանավոր վարդապետների պես, եւ կայսրից բազում նվերներ էր ստացել, բայց դառնացած է եղել, որ հայրենիքից զրկելուց հետո Բյուզանդիան ուզում էր մեզ հավատքից էլ զրկել: Իսկ այս մետրոպոլիտ Մարկոսն աննկարագրելի փորձանքներ էր բերում հայոց գլխին, որպեսզի շեղեր մեզ պապենական դավանանքից: Ստեֆանին հիշեց, որ կոմս Ժոսլինն էլ էր բողոքում, թե հույները խաբել են խաչակիրներին: Նա կարծես ինչ-որ բան էր ուզում պատմել, բայց այդ պահին դրսից ուժեղ ժխոր լսվեց, ու եկավ սարկավագ Գրիգորի ձայնը, թե` «Ամոթ է, դու այրի չես»: «Այրի չեմ` բա ի՞նչ եմ, ավելի վատ եմ»,- ի պատասխան հնչեց զինվորի կին Եսթերի գոռոցը: «Հանգստացի՛ր, գոնե տեր հորը խնայիր` հիվանդ է»,- փորձեց նրան ձայնակոխ անել տնտես Խաչեղբայրը, բայց Եսթերը հակադարձեց, թե ինչ օգուտ, որ ինքն առողջ է, եթե սեւաբախտ է: Իրիցկինն ու հայրս արագ դուրս շտապեցին: Քիչ անց սենյակ մտավ կարմրատակած Գրիգորը, որը տեղեկացրեց, թե Լեւոն Ռուբինյանն արել է Թորոս իշխանիկի համար խոստացած մատաղը եւ Սուրբ Գեւորգին է հատկացրել ամեն եզան ու ոչխարի մեկական ուսերը, ինչպես նաեւ` ծնոտներն ու փորերը: Դրանց հետ միասին իմ տուն էին բերել նաեւ բոլոր մորթիները` որպես մագաղաթացու: Ես մաղթեցի, որ մատաղը ելնի առ Աստված, օրհնեցի իշխանին, որ եկեղեցու ամբողջ բաժինն է ուղարկել, եւ ոչ շատ ուրիշների նման անտեսել հինավուրց կարգը, հետո հարցրի վեճի մասին: Գրիգորը խնդրեց կողմնորոշել իրեն, որպեսզի արդար կատարի բաշխումը, քանի որ արդեն հայտնվել է Եսթերը, որն իր համար այրու բաժին է պահանջում: Ես ասացի, որ նրան երկու տարի դեռ կա, որպեսզի այրի համարվի, եթե, իհարկե, խեղճ ամուսինը չհայտնվի: Ապա թվեցի այն այրիների ցուցակը, ովքեր իրենց առաքինությամբ արժանացել էին, որ այս նվիրատվությունից մեկական բաժին ստանան: Ինքը` սարկավագը, թող նույնպես վերցնի մեկը, եկեղեցու մյուս սպասավորներին տա կեսական, իսկ երկուսուկեսն էլ ավագ քահանայիս հասանելիքն է: Գրիգորը դուրս եկավ` իրիցկնոջ հետ բաժինները հաշվելու ու միսը դրանց քանակով կտրատելու, ես ու Ստեֆանին մնացինք սենյակում մենակ: 34. ստեֆանին երկար աչքերիս էր նայում, հետո հանկարծ հարցրեց ինչ-որ տարաշխարհիկ ձայնով. – Ի՞նչ բան է սերը, տեր հայր: – Սերն առ Աստվա՞ծ, քույր: – Ոչ մարդկանց միջեւ, ավելի ճիշտ՝ տղամարդու եւ կնոջ: – Պողոս առաքյալն ասում է. «…այրը կնոջ գլուխն է, ինչպես որ Քրիստոսը եկեղեցու գլուխն է… Այրե՛ր, սիրեցե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսն էլ սիրեց եկեղեցին ու իր անձը մատնեց նրա համար»: – Բայց ամեն տղամարդ կարո՞ղ է սիրել իր կնոջը, ինչպես որ Քրիստոսը եկեղեցին սիրեց, ամեն մի կին կարո՞ղ է հնազանդ լինել իր ամուսնուն, ինչպես որ եկեղեցին` Քրիստոսին: – Իսկ ուրիշ ի՞նչ պետք է անեն տղամարդիկ ու կանայք: – Իրենց նվիրեն Քրիստոսին: Կամ նույնիսկ, թեկուզ առանց եկեղեցուն ուխտ տալու, ողջախոհություն պահպանեն: Ինչպես, օրինակ` Սուրբ Երուսաղեմի առաջին թագավոր Գոդֆրուա Բուլոնացին, որը մահացավ կույս, թեեւ երեսունութ տարեկան էր, երբ Աստված նրան իր մոտ կանչեց: – Նա պարկեշտության տիպար էր,- համաձայնեցի ես:- Աշխարհի կենտրոն Երուսաղեմին իշխելով ուղիղ մեկ տարի` 1099 թվականի հուլիսի 14-ից ցերեկվա ժամը 3-ից մինչեւ 1100-ի նույն օրվա նույն ժամը, նա հրաժարվեց գլխին թագ դնել այն վայրում, որտեղ Քրիստոսն իր փշե պսակն էր կրել: Բայց, քույր Ստեֆանի, Սուրբ գրքում ասված է` աճե՛ք եւ բազմացե՛ք: Դեռ ավելին, պատվիրվում է` թո՛ղ քո հորն ու մորը, հարի՛ր քո կնոջը, եւ մեկ մարմին դարձե՛ք: Բացառությամբ ներքինիների, պատգամում է Փրկիչը, որ մոր որովայնից են այդպես ծնվել կամ մարդկանց կողմից կրտվել, «ով որ կարող է տանել, թող տանի»: Ես ակամայից քարոզի շեշտով արտասանեցի Սուրբ գրքի խոսքերը, եւ նույնիսկ վերմակը հետ գցեցի վրայիցս ու թափ էի տալիս ձեռքս: – Տեր Մատթեոս, ինչքան ես նիհարել,- հանկարծ նկատեց միանձնուհին, հետո անսպասելի քնքշությամբ հանդիմանեց,- պետք է լավ սնվես, որ կազդուրվես: Ես վերմակը միանգամից վրաս քաշեցի` նեղվելով, որ նա փոխանակ իր տված հարցի մեկնաբանությունը լսի, ուշադրությունը շեղում է կողմնակի բաների վրա: Բայց միաժամանակ քաղց զգացի, որն անմիջապես էլ անցավ, երբ նայեցի սեղանին դրված պնակին, որի մեջ սառել էր բրնձապուրը: Ստեֆանին տեսավ հայացքս ու հարցրեց. – Իսկ խնձոր կուտե՞իր: Սկուտեղի վրա շարված խնձորները, որ ծխականներիցս մեկն էր բերել, մեծ էին ու ոսկեգույն: Ես գլխով արեցի: Նա վեր կացրեց ինձ, վերմակով ծածկեց մեջքս, նստեց կողքիս` անկողնու վրա, եւ սկուտեղը գիրկը դրած սկսեց դանակով մաքրել խնձորներից մեկը: – Տեր հայր, ճիշտ է, որ այդ խոսքերը կան Աստվածաշնչում, բայց մի՞թե ամուսնացած մարդիկ մեծ մասամբ դժբախտ չեն: Ասենք, եթե ես միանձնուհի չլինեի ու ամուսնանայի, ով իմանա` թե ինչ ամուսնու էի հանդիպելու: Եվ ինչպե՞ս էի սիրելու նրան, եթե լիներ, օրինակ, թեթեւամիտ: Կամ` վատնող: Կամ` որ ավելի վատ է` ժլատ. չէ որ մյուս ազգերն ասում են, թե ֆրանկ տղամարդիկ ժլատ են: Կամ բռի լիներ, երբ ես տանել չեմ կարողանում կոպտությունը: Կամ` կարճահասակ: Կամ տառերը չճանաչեր: «Անե՛ծք քեզ, չար սատանա,- մտածեցի ես,- ինչպե՞ս կարելի է, որ միանձնուհին նման բաներ խոսի բարձր-բարձր»: Ուզում էի պատասխանել, որ մարդու համբերությունն է որոշում նրա առաքինության չափը, բայց պարզապես հարցրի. – Իսկ եթե նա լիներ քաջ, ուսումնասեր ու օրինավոր: Ստեֆանին սկսեց շերտ-շերտ ինձ կերցնել խնձորը: Նրանից չորացրած ծաղիկների անուշ հոտ էր գալիս: – Այդ դեպքում էլ կարող էր պատերազմում սպանվել կամ նավաբեկության ենթարկվել ու ծովում խեղդվել: Իսկ ամուսնու մահից հետո այրի կնոջ ճակատագիրն ի՞նչ է. հոգսեր, աղքատություն ու ցուրտ: – Բայց ամուսնությունն իր քաղցր պտուղն էլ ունի, քույր Ստեֆանի: Երեխաները` երկրային այդ հրեշտակները: – Իսկ երկունքի ցավերը, տեր Մատթեոս: Իսկ այն, որ քանի-քանիսը մեռնում են ծննդաբերելիս` այդպես էլ չտեսնելով իրենց զավակի՞ն: Կամ` որ երեխաների՞ն է պատուհասը տանում: – Հավատավոր հոգիները մեռնում են ուրախությամբ,- ասացի ես,- քանի որ թոթափվում են այս աշխարհի պատրանքներից: Բայց ավելի շատերն, անշուշտ, ապրում են, եթե մարդկությունը շարունակում է իր մեղսավոր գոյությունը… – Մի ուրիշ վտանգ էլ այն է, որ երեխաները կարող են տգեղ կամ անհնազանդ լինել: Ինձ հանկարծ թվաց, որ նա մեկ ուրիշի խոսքերն է կրկնում, միգուցե` մենաստանի մայրապետի, եւ ես այլեւս չհակաճառեցի: Խնձորը համեղ էր. զուր չէին ասում, որ հիվանդի միրգ է, որը եթե մարդ միշտ սոված փորին ուտի, դեղ է բոլոր ցավերի համար: Ես ախորժակով ծամում էի, եւ երեւի շրթունքներիս խնձորի հյութ էր հայտնվել` Ստեֆանին թեւքի միջից հանեց թաշկինակն ու սրբեց բերանս: Ես շատ բարձրահասակ էի իրենից, այդ պատճառով ձգվեց վեր, եւ կուրծքը քսվեց իմ շապիկին: Նույն ժամանակ ոտքս սկսեց զգալ նրա աջ ազդրի տաքությունը: Մարմնիս մեջ ցանկություն զարթնեց, ես հասկացա, որ առնանդամս կանգնում է, բայց չկարողացա վրան ազդել: Մի պահ քարացել էի, հետո փորձեցի աննկատելի շարժել շապիկս, որպեսզի ծալք առաջացնեի այդ տեղում, ու դրսից ոչինչ չերեւար: Չգիտեմ` հաջողվե՞ց, թե՞` ոչ, որովհետեւ չհամարձակվեցի հայացքս ցած իջեցնել, այլ անընդհատ ուղիղ նայում էի իմ դիմաց: Ստեֆանին դադարեցրեց ինձ խնձոր տալը, եւ նայեց նույն կողմը: – Սա ի՞նչ բան է,- հանկարծ բացականչեց նա: Ես չգիտեի, թե ինչ պատասխանեմ, երբ մեկ էլ գիտակցեցի, որ հարցնում է ոչ թե նրա մասին, ինչն ինձ էր անհանգստացնում, այլ` մեր դիմացի պահարանին դրված կավե անոթի: Փոքր հապաղումով, քանի որ շունչս կտրվում էր, ես բացատրեցի, որ հինավուրց սկահակ է, որը գտել եմ Անարզաբա քաղաքի մերձակա ավերակներից: Անարզաբան նույն Տրովադան է, Տրոյան, եւ հնարավոր է, որ սա Պրիամոս թագավորի սպասքից է: Մեջը դրված կանաչ սլաքների փունջն էլ նույն տեղից եմ հայտնաբերել, եւ ենթադրում եմ, որ նիզակի ու նետերի բրոնզե ծայրակալներ են: Բայց մինչ ես խոսում էի, նա, առանց իմ կողմը շուռ գալու, շատ կամաց սկսեց աջ արմունկը բերել դեպի ինձ: Երկու անգամ ինձ թվաց, թե արդեն հասել է առնանդամիս: Աչքերս փակեցի ու քաղցր սպասումով, բայց եւ զարհուրած հետեւում էի, թե երբ արմունկը կքսվեր ինձ: Եթե այդպիսի բան պատահեր, ես երեւի չդիմանայի: Երեւի ժայթքում լիներ, որից ամբողջ մարմինս կցնցվեր, եւ նա ամեն ինչ կհասկանար: Ինչպես արդարանայի այդ խայտառակության համար: Ես թուքս կուլ տվեցի ու մի կերպ շշնջացի, թե մրսում եմ` ավելի լավ է պառկեմ: Ստեֆանին վեր կացավ, ես զգուշությամբ ոտքերս տեղափոխեցի վերմակիս տակ: Նա ծածկեց ինձ` մի տեսակ վերացած ժպտալով, ու մոտեցավ հնադարյան սկահակին` վրայի նկարներին նայելու: Ես հեւում էի` դեռ վերահաս փորձանքի ահից ուշքի չեկած: Եկեղեցին շատ խիստ ապաշխարություն է պահանջում նույնիսկ սովորական երազախաբության համար, եթե նրա պատճառը մեղսավոր մտքերն են, ձեռնաշարժությունը, որկրամոլությունն ու հարբեցողությունը: Ուրեմն այս պարագայում ես ինչ փրկություն պիտի ակնկալեի: Հավանաբար միայն բորոտանոցում սպասավորության մտնելը մեղքիս թողության հույս տար: – Համարյա անվնաս է սկահակը` շուրթից մի փոքր կտոր է միայն թռած,- ասաց Ստեֆանին: Նա մի փոքր շիկնել էր ու շատ գեղեցիկ էր:- Իսկ վրայի մարդիկ ինչ ծիծաղելի դիրքով են որս անում. մի ոտքը վեր բարձրացրած` կարծես պարելիս լինեն: Պահարանը մոտ էր դռանը. նա միանգամից, առանց ինձ հրաժեշտ տալու դուրս եկավ: Ես մնացի ապշանքի ու անորոշության մեջ… Ի՞նչ է հետեւելու սրան.. Իհարկե, բժիշկ Տիրատուրն ինձ հազիվ թե ոտքի հաներ: Մի կողմից դա լավ էր. մահն ինձ կազատեր կատարվածի ձայնձայնումից, բայց մյուս կողմից, անտեղի չէր, իհարկե, Նոր Կտակարանի նախազգուշացումը, թե` «Չկա ոչինչ ծածուկ, որ հայտնի չդառնա»: Իսկ ինչպես հեռանաս կյանքից` առանց իմանալու, թե ինչ համբավ ես քեզնից հետո թողնում: Երբ նորից սենյակ մտավ սարկավագ Գրիգորը, որ ինձ ներկայացնի, թե ինչպես են բաժանել մատաղը, ես նրան հարցրի, թե Բեհեսնի գալի՞ս է արդյոք հեքիմ Մխիթարը: Պատասխանեց` սովորականի պես. երբ որ կանչում են: Խնդրեցի, որ հանդիպելիս ականջին ասի, թե տեր Մատթեոսն ուզում է, որ այցելի իրեն: Շարունակելի