Աշխատո՞ւմ են, արդյոք, բոլոր «օրգանները» Լեռնային երկիր Հայաստանը հացի՝ այդ կարեւոր սննդատեսակի իր պահանջարկի 70 տոկոսը եւ դեռ ավելին միշտ էլ ներկրել է դրսից։ Դեռեւս խորհրդային տարիներին Հայաստանում հացահատիկ աճեցվում էր ամբողջ մշակովի հողատարածքների 10%-ում։ Մեր հանրապետությունում հացահատիկացան բացառիկ շրջան էր համարվում Սիսիանը, որի արտադրածով կարելի էր կերակրել ամբողջ Զանգեզուրի լեռնաշխարհը։ Այն տարիների համբավավոր շրջանն այսօր էլ է հացահատիկ մշակում, բայց՝ նախկինի մեկ երրորդի չափով (ցավոք, այս տարի եւս Սիսիանում երաշտ էր)։ Այնուամենայնիվ, այս փոքրիկ համեմատությամբ նշեցինք, թե որքան կարեւոր է մեզ համար հացարտադրությունը եւ ինչ զոհողությունների գնով է այն մեզ տրվում։ Թեեւ պարենի միջազգային կազմակերպություններն ու առանձին երկրներ տարբեր առիթներով (երաշտ) ու տարբեր ժամանակներում երբեմն իրենց օգնությունն ու օժանդակությունն են բերում Հայաստանին, այնուամենայնիվ գաղտնիք չէ, որ այսօր էլ հանրապետության բնակչության մեծամասնությունը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում։ Եվ դա՝ հիմնականում նաեւ հացի բարձր գնի եւ մեզանում վաղուց ընդունված թերքաշ լինելու պատճառով։ Հացի բարձր գինը պայմանավորում են ներկրման եւ միջազգային շուկայում ցորենի հաճախակի տատանվող գնով, իսկ թերքաշությո՞ւնը… Դա էլ իր «պատմական» ու տեղական պատճառներն ունի՝ դարերից եկող մեր «մշակված համեստությունը» եւ վախվորածությունը։ Երկրորդ, ամենակարեւորը՝ պետության անտարբերությունը։ Շուկայական հարաբերությունների պայմաններում անհատ ձեռներեցներին հնարավորություն տրվեց զբաղվելու հացաթխման արտադրությամբ։ Եվ քանի որ մեզանում մարդիկ չգիտեին շուկայական հարաբերությունների օրենքներն ու դրանցից բխող կարգը, «մխրճվեցին» հացի առեւտրի տենդի մեջ (այսօր էլ շարունակվող) եւ սկսեցին շահագործել ժամանակաշրջանը, որն այսօր էլ դեռ կոչվում է անցումային։ Դրան հակառակ, գերմանացի հայտնի պրոֆեսոր Լյուդվիգ Էրհարդը, որն այդ հարաբերությունների լավագույն մասնագետ է, գտնում է, որ շուկայական հարաբերությունների առաջին եւ անհրաժեշտ պայմանը ազատությունն ու կարգուկանոնն է։ Բացվում են ջրի ծորակները։ Մի փոքր տաքություն եւ «ջրախեղդ» ալյուրը՝ թերքաշ հացի վերածված, մտնում է «շուկա»։ Այսօր ասում ենք՝ ունենք պետություն, պետության համապատասխան օրգաններ։ Կայացա՞ծ է այդ պետությունը։ Հավանաբար ոչ, քանզի այդ պետության բազմաթիվ օրգաններից մեկը՝ պետստանդարտը, իր համապատասխան ստորաբաժանումներով, որն իրավասու է այս հարցում, անգործունյա է ու տեր չի կանգնում ընդհանրապես առեւտրին։ Մնում է, որ մեր այն ղեկավարներին, որոնց համար միեւնույն է այս վիճակը, երբ պետության տվածը նույնիսկ մի փոր հացին չի բավականացնում, երբ հացի մեկ կիլոգրամի գինը թերքաշության պատճառով հասնում է մինչեւ 300 դրամի, ուղղակի ականջի տակ գոռալ՝ պարոնայք պետական այրեր, միայն ձեր անտարբերության պատճառով է այդպես, ձեր ասած շուկայական հարաբերությունը չի նշանակում բարձիթողի վիճակ, տնտեսական քմահաճություն։ Շուկայական հարաբերությունների ժամանակ էլ պետությունը իր կարեւոր դերակատարությունը պետք է ունենա (Չինաստանի օրինակը), պետք է գործի դնի իր «օրգանները»։ ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԱՏՐՅԱՆ Կարծում ենք, հացարտադրությունը մեր երկրում տնտեսության այլ հատվածների հետ համեմատած, լավ վիճակում է։ Պարզապես «Առավոտը», իր սկզբունքներին հավատարիմ, խոսքի իրավունք է տալիս յուրաքանչյուր ասելիք ունեցողի, ինչը չի նշանակում, որ համաձայն է հոդվածագրի բոլոր դիտարկումներին։