Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 15-16-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ Օրհուսի պայմանագրին նվիրված 2-րդ տարածաշրջանային սեմինար

Նոյեմբեր 17,2001 00:00

Կառավարության թիվ մեկ խնդիր՝ Սեւան Նոյեմբերի 15-16-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ Օրհուսի պայմանագրին նվիրված 2-րդ տարածաշրջանային սեմինարը։ Նախատեսվում էր, որ եւ ԱՊՀ միջկառավարական բնապահպանական խորհրդի 12-րդ նստաշրջանի եւ սեմինարի մասնակիցները համատեղ մամլո ասուլիսով պետք է հանդես գային։ Սակայն, քանի որ սպասվող ճաշկերույթի գայթակղությունը ավելի մեծ էր՝ ասուլիսը վերածվեց ճաշի ընթացքում լրագրողների անձնական նախաձեռնությունների։ Ըստ էության, մարդկանց ճաշը լրագրողները հարամեցին։ Այդ ընթացքում պարզվեց, որ ՀՀ կառավարությունը, ի դեմս նախարար Վարդան Այվազյանի, օր ու գիշեր մեր բնապահպանական հարցերն է լուծում։ Ինչպես եզրակացրեց նախարարը. «Բնապահպանության համար ամենամեծ թույնը բնակչության աղքատությունն է»։ Այս տեսանկյունից մեր կառավարությունը, փաստորեն, երկու խնդիր ունի. կամ՝ վերացնել աղքատությունը, կամ՝ վերացնել ազգաբնակչությունը։ Երկու դեպքում էլ հարցը բնապահպանական դրական լուծում կստանա։ Նախարարն էլ լրագրողներից բողոքելու խնդիր չի ունենա, թե «մեկ այս ծայրից եք հարց տալիս, մեկ՝ մյուս»։ Քանզի կամ խնդիրներ չեն լինի, կամ՝ լրագրողներ։ Իսկ ընդհանրապես, կառավարությունն՝ ի դեմս Վարդան Այվազյանի, խիստ է կարեւորում «Սեւանի փրկության խնդիրը»։ Գոյություն ունի Սեւանի փրկության 300 մլն դոլարանոց համալիր եւ 2,6 մլն դոլարանոց տարեկան ծրագիր (վերջինս ընդգրկում է Որոտանի ջրամբարի վերականգնումը)։ Այն պարզ հաշվարկից, որ Սեւանը կհաջողվի փրկել 150 տարի հետո, նախարարը բարկացավ ու հայտարարեց. «Կարող է՝ միանգամից ֆինանսավորում գա՝ հարցը լուծենք»։ Դե, ինչպես ասում են. կապրենք՝ կտեսնենք։ Ինչ վերաբերում է օրվա թեմային՝ Օրհուսի պայմանագրին, բնապահպանության նախարարությունը ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի հետ համատեղ հասարակական մատչելիության սենյակ է բացելու։ Այն տեխնիկապես հագեցած լինելով՝ ապահովելու է դաշնագրում ամրագրված հասարակության տեղեկատվության մատչելիությունը։ Միջոցառման ներկա տարածաշրջանի ՀԿ-ների եւ կառավարական հատվածի ներկայացուցիչները չէին դադարում դաշնագրի գովքն անելուց եւ հերթական անգամ իրարից բաժանվում էին՝ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի տնտեսական եւ բնապահպանական հարցերով խորհրդական Ֆրանկ Էվերսի խոսքով ասած՝ «Հասկացած, որ ընդհանուր գործեր ունեն»։ Միակ իրատեսական մոտեցումը ՌԴ շրջակա միջավայրի պահպանության փոխնախարար Կիրիլ Յանկովինն էր (նա մասնակցում էր ԱՊՀ միջկառավարական էկոլոգիական խորհրդի նստաշրջանին)։ Փոխնախարարը հայտարարեց, որ իր երկիրը չի վավերացրել դաշնագիրը եւ մոտ ապագայում չի էլ պատրաստվում։ Պարզվում է, որ այդ ոլորտի ՌԴ օրենսդրությունը բավականին խիստ է, դաշնագրի վավերացումը գուցե թե երկիրը մեկ քայլ ետ տանի։ Նա եւս հետաքրքրություն ցուցաբերեց դաշնագիրը վավերացրած 16 երկրների աշխատանքի իրական արդյունքների վերաբերյալ։ Հուսանք, որ սա Օրհուսի կոնվենցիայի վերջին կենացն էր, հաջորդ քայլը կլինի առաջին գործը։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել