ՈՎ՝ ՈՒՄ ԴԱՐԴԸ ԼԱՑԻ Անավարտ շինարարության բնակշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերի ներդրած միջոցների դիմաց առաջացած պետական պարտքի ձեւակերպման, սպասարկման եւ փոխհատուցման մասին ՀՀ կառավարութունը կայացրել է երկու որոշում՝ թիվ 110 /30.04.97թ./ եւ թիվ 432 /2.08.2000թ./։ Համաձայն այդ որոշումների. «Անավարտ շինարարության բնակշինարարական կոոպերատիվների վարչությունները ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում իրենց հաշվեկշռում գտնվող անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների շինարարության կատարողական ակտերը, անավարտ շինարարության բնակշինարարական կոոպերատիվ բնակելի տների առանձին փայատերերի հաշվին կատարած ֆինանսական հատկացումների համապատասխան բանկի տեղեկանքը եւ փոխադարձ հաշվարկների փաստաթղթերը /պատվիրատու եւ կապալառու կազմակերպությունների ակտեր/… փայատերերի պահանջած գումարի վերջնական չափը որոշելու համար»։ Չափը նախատեսվելու է որոշումներին կից սահմանված կարգով։ Ի դեպ, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվում է նաեւ մինչեւ 2001թ. հոկտեմբերի 1-ը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել «… փոխհատուցվող գումարների հատկացումների վերաբերյալ ժամանակացույց» եւ «…վերջնական հաշվարկների իրականացման մեխանիզմների վերաբերյալ առաջարկություն»։ Ինչ վերաբերում է փաստաթղթերի ներկայացման ժամկետներին, դրանք արդեն մի քանի անգամ հետաձգվել են՝ ամբողջական չլինելու պատճառաբանությամբ։ Ըստ վերջին հետաձգման, այն երկարացվել է մինչեւ 2002թ. մարտի 30-ը։ Ի դեպ, եթե ամեն ինչ բարով-խերով վերջանա, պետական պարտքի գումարը հաշվարկելուց հետո այն փոխանցվում է համապատասխան գանձապետական բաժանմունքում այդ նպատակի համար բացված հաշվին կամ Հայխնայբանկի բաժանմունք՝ քաղաքացու ցանկությամբ, նրա անվամբ ավանդ ձեւակերպելու համար։ Փայատերերին վճարում կատարելիս առաջնահերթությունը տրվում է՝ հիմք ընդունելով փայատերերի հանդեպ պարտավորությունների առաջացման պահը, նույն տարում վճարումների առաջնահերթությունը որոշվում է բնակելի տան պատրաստվածության ավելի բարձր աստիճանով։ Կառավարության վերոբերյալ հալած յուղի նման որոշումների կատարողականն այնքան էլ կամ բնավ էլ, հալած չէ։ Նախ, որոշումները վերաբերում են միայն քաղաքապետարանների հաշվեկշռում գրանցված բնակարանաշինարարական կոոպերատիվներին։ Այսպես կոչված, տնտեսական եղանակով կազմավորված կոոպերատիվներից կառավարությունը «ձեռքերը լվացել է»։ Ինչպես «արդարացիորեն անհանգստացավ» ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի բյուջետային ծախսերի եւ ծրագրավորման գլխավոր վարչության պետ Մ.Երանոսյանը. «Անօրինական կլինի, եթե պետությունն իր վրա վերցնի այդ պարտքը եւս»։ Տնտեսական եւ ոչ տնտեսական եղանակով կազմավորված կոոպերատիվների տարբերությունը հետեւյալն է. առաջինները՝ իրենց գումարով, իրենց նախագծով կապալառու /տվյալ դեպքում՝ շինարար/ էին վարձում եւ շենք կառուցում։ Երկրորդները՝ գումարը մուծում էին բանկ, փաստաթղթերը փոխանցում քաղաքապետարանի այն ժամանակվա բնակշինվարչություն եւ պատգամում իրենց համար կապալառու ընտրել, տունը կառուցել։ Ու հիմա՝ առաջինները թող գնան «իրար միս ուտեն», որովհետեւ ԽՍՀՄ փլուզման, անկախացման ճանապարհին պատահած բազում պատճառներով, կառույցներն այդպես էլ կիսատ մնացին։ Իսկ երկրորդները՝ բերանները բաց՝ կառավարության ձեռքին նայեն։ Որովհետեւ աշխատանքներն իրականացնող ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության բյուջետային ծախսերի եւ ծրագրավորման վարչության աշխատակիցները դեռ չեն հասկացել՝ ի՞նչ եւ ինչպե՞ս պետք է անեն ու անընդհատ հակասության մեջ են քաղաքապետարանի «Շինարարություն եւ բարեկարգում» ՊՓԲԸ-ի հետ։ Դրանցից մեկն էլ այն է, որ ներկայացված գործերից շատերում կատարողական ակտերն են բացակայում, որոշներում բանկի տեղեկանքները կնիք չունեն եւ այլն։ Նախնական տեղեկանքներով, փաստորեն, հաշվարկներն արված են, բայց փաստաթղթերի թերի լինելու պատճառով դրանք չեն կարող հիմք ծառայել։ Մինչ օրս 33 բնակարանաշինարարական կոոպերատիվի գործեր են ներկայացվել /այն էլ, փաստորեն, թերի/, որից միայն 1-ը՝ Լոռու մարզից։ Մյուս մարզերը լռում են։ Սա՝ այսպես։ Բայց որ արդեն 2001թ. հոկտեմբերի 1-ը անցել է եւ ֆիննախը կառավարությանը փոխհատուցման գումարի ժամանակացույց եւ վերջնական հաշվարկների իրականացման մեխանիզմների վերաբերյալ առաջարկներ էլ չի ներկայացրել /որովհետեւ՝ չունի/, նույնպես փաստ է։ Ու երբ փորձում ես մեղավորներ փնտրել՝ ֆուտբոլի գնդակի վիճակում ես հայտնվում։ Ու հանկարծ պարզվում է, որ կառավարությունն ա՛ն- մե՛ղ-է՛։ Ձեզ ո՞վ էր խնդրել կոոպերատիվ ստեղծեիք, շենք սարքեիք, համ էլ Ղարաբաղ ուզեիք ու կարգեր փոխեիք՝ մեր մանուկ կառավարությանն էլ պահանջներ ներկայացնեիք։ Ուրեմն՝ սպասեք, հենց մեծանա ու խելքը հասնի՝ մի բան կանի։ Գուցե։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ