Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփելով «Միավորված բանկ» ԲԲԸ խնամակալության գործընթացի մեկ տարվա արդյունքները եւ անդրադառնալով «Առ

Նոյեմբեր 17,2001 00:00

Ծանոթ է յուրաքանչյուրի խնդրին Ամփոփելով «Միավորված բանկ» ԲԲԸ խնամակալության գործընթացի մեկ տարվա արդյունքները եւ անդրադառնալով «Առավոտ» օրաթերթում բանկի ավանդատուների բարձրացրած հարցերին, ներկայացնում ենք հետեւյալը: «Միավորված բանկ»-ի ֆինանսական վիճակի վատթարացման հիմնական պատճառը բազմաթիվ վարկառուների կողմից բանկի նկատմամբ սահմանված ժամկետում պարտավորությունների չկատարումն է: Դա իր հերթին հանգեցրել է ժամկետները լրացած ավանդների վճարման համար բանկի միջոցների անբավարարությանը: Ինչպես ցույց տվեց ժամանակը, այդ խնդիրը ունի ոչ միայն մեր բանկը: «Միավորված բանկ»-ից հետո 2000-2001թթ. ընթացքում մի շարք բանկերի նկատմամբ նույնպես հաստատվեց խնամակալություն, իսկ մի քանի բանկի հարց գտնվում է «օրակարգում»: Տրամադրված եւ ժամկետին չմարվող վարկերի դատական կարգով վերադարձման գործընթացը բանկերը ստիպված են իրականացնել անկատար օրենսդրական դաշտի պայմաններում, ուր «ապահովված են» առավել բարենպաստ պայմաններ ոչ թե ավանդատուների եւ բանկերի, այլ վարկառուների համար: Վերջիններս օգտագործում են գործող օրենքով պայմանավորված ցանկացած հնարավորություն եւ բողոքարկում են բանկի օգտին կայացված վճիռները` այդ միջոցով անընդհատ հետաձգելով վճիռների հարկադիր կատարումը: Անդրադառնալով «Առավոտ» օրաթերթի միջոցով բանկի ավանդատուների կողմից կատարված հարցադրումներին, ներկայացնում ենք նաեւ հետեւյալ պարզաբանումները: Ավանդատուների կողմից նշվում է, որ վճարումները կատարելիս բանկի կողմից հաշվի չեն առնվում նրանց սոցիալական եւ կենցաղային խնդիրները: Ունենալով ավանդատուների հետ հաճախակի հանդիպումներ, բանկի ղեկավարությունը անմիջականորեն ծանոթ է նրանցից յուրաքանչյուրի խնդրին, սակայն դատարանի կողմից հաստատված խնամակալության ծրագրով սահմանված է ավանդատուներին վճարումների կատարման հստակ հերթականություն (կախված ավանդների մեծությունից), իսկ յուրաքանչյուր հերթի մեջ՝ վճարումների հավասարաչափ կատարման բանկի պարտավորություն: Այսինքն, ծրագրով ուղղակի սահմանափակված է առանձին ավանդատուների խնդիրները առավել ծանր գնահատելու դեպքում նրանց արտահերթ վճարումներ կատարելու խնամակալի իրավունքը: Պետք է նշել, որ հակառակ դեպքում կխախտվեն խնամակալության ծրագիրը (նաեւ գործող օրենսդրությունը) եւ ավանդատուների շահերը: Խնամակալության ծրագրի 2.7 կետով դատարանի կողմից սահմանվել է ֆիզիկական անձանց ավանդների վճարման հերթականություն: Միեւնույն ժամանակ, ցանկության դեպքում ավանդատուները կարող են արտահերթ կարգով օգտվել խնամակալության ծրագրով նախատեսված հետեւյալ հնարավորությունից՝ կնքել ավանդի ամբողջ կամ մասնակի գումարի դիմաց վարկային պարտքի եւ գրավի կամ բանկին պատկանող շարժական ու անշարժ գույքի ձեռքբերման գործարքներ՝ պահպանելով ծրագրով սահմանված համամասնությունները: Առ 31.10.2001թ. ֆիզիկական անձանց չվճարված ավանդների մայր գումարների ընդհանուր թիվը կազմում է 2,3 մլն ԱՄՆ դոլար, այլ ոչ թե 15.0 մլն դոլար, ինչպես ենթադրաբար նշվել է ավանդատուների կողմից: Երկրորդ հերթի չվճարված ավանդների ընդհանուր գումարը կազմում է 225.1 մլն դրամ կամ 399.7 հազ. ԱՄՆ դոլար, իսկ ավանդատուների թիվը՝ 197: Միեւնույն ժամանակ բոլոր ֆիզիկական անձանց թվում 350 ԱՄՆ դոլարից մինչեւ 25,000 ԱՄՆ դոլար ունեցող ավանդատուների թիվը կազմում է ընդամենը 275 անձ, իսկ գումարը՝ 904.2 հազ. ԱՄՆ դոլար: Մնացած 1375.4 հազ. ԱՄՆ դոլարը կազմված է 25,0 հազ. ԱՄՆ դոլարը գերազանցող 16 ավանդատուների գումարներից: Հարկ է նշել, որ բանկի պարտավորությունների եւ ակտիվների գումարները արտացոլվում են յուրաքանչյուր եռամսյակ մամուլում հրապարակվող բանկի հաշվեկշռում: Ինչ վերաբերում է ավանդատուների անվանական ցուցակների եւ կատարվող վճարումների հրապարակմանը, դա չի թույլատրվում ՀՀ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով, նաեւ հակասում է ավանդատուների շահերին: Տեղեկացնում ենք նաեւ այն մասին, որ «Միավորված բանկ» ԲԲԸ կանոնադրական հիմնադրամում հայ-ռուսական համատեղ խոշոր ձեռնարկության կողմից նշանակալի գումարի չափով մասնակցություն ձեռք բերելու հարցը գտնվում է քննարկման ընթացքում: Դրական որոշում կայացնելու դեպքում հնարավոր կլինի առավել արագ իրագործել բանկի առողջացման ծրագիրը, ինչը անմիջականորեն կնպաստի նաեւ ավանդների վերադարձման խնդրի կարգավորմանը: Ներկայացնելով «Միավորված բանկ»-ի խնամակալության ընթացքը եւ առկա խնդիրները, այդուհանդերձ գտնում ենք, որ կարճ ժամանակահատվածում ֆիզիկական անձանց նկատմամբ պարտավորությունների ամբողջությամբ կատարումը իրատեսական է: Մասնավորապես, բացի դատական կարգով վերադարձվող վարկային միջոցներից, նախատեսվում է իրականացնել բանկին պատկանող խոշոր անշարժ գույքի վաճառք, որից ստացված միջոցները կբավարարեն ֆիզիկական անձանց երկրորդ հերթի ավանդները ամբողջությամբ եւ երրորդ հերթի ավանդները մասնակի վճարելու համար: Այդ ուղղությամբ բանկի կողմից կատարված առաջարկությունները ուսումնասիրվում են մի քանի հնարավոր գնորդների կողմից: «Միավորված բանկ» ԲԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել