«ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆ Ի՞ՆՉ ԲԱՆ Է» Անտղամարդ մնացած ալավերդցիների ընտանիքները, օրերով սոված Գ. Ամիրխանյանի թոռները եւ ապրուստի ծայրաստիճան վատ վիճակի մասին մյուս վկայությունները ոչ մի կերպ չեն համապատասխանում այս օրերի աշնանային Լոռվա բնության ողջ շքեղությանը։ Ալավերդիի ծննդատան աշխատակիցների անտանելի վիճակի վերաբերյալ բողոքներին ծանոթացանք ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի այցելության օրը։ Ծննդատունը վերանորոգելու համար նա ԱԺ նախագահի ֆոնդից 1 մլն դրամ է հատկացրել։ Բայց ծննդատունն այնքան անմխիթար վիճակում էր, որ հայտնի չէ, թե այդ 1 մլն դրամով հսկա բուժհիմնարկի վերանորոգումը որտեղից սկսես, ինչը վերանորոգես, ինչը՝ թողնես։ Պարզ չէ անգամ՝ հստակ ստուգման պարագայում թույլ կտրվի՞ այս բուժհիմնարկը շարունակել շահագործել որպես ծննդատուն։ Թող ներեն այս հիմնարկում նվիրումով աշխատողները, բայց նույնիսկ կարելի է ասել, որ այստեղ հակահիգիենիկ պայմաններ են, ինչի մեղքը դժվար թե կարելի է վերագրել աշխատողներին։ Ծննդատան աշխատակիցներ Մարինե Խաչատրյանը, Նազիկ Թամազյանը, Աստղիկ Մուրադյանը բողոքում էին իրենց վիճակից. «Տներում ինչ կար՝ վաճառել ենք, ամուսիններին էլ՝ Ռուսաստան ուղարկել»։ Նրանք նշեցին, որ արդեն 4 տարի է, ինչ աշխատավարձ չեն ստացել. աշխատավարձի պարտքեր կան դեռ 1998 թվականից։ Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ցածր աշխատավարձով աշխատելու համար. «Ովքեր ոչ թե փողի համար են աշխատում, այլ իրենց կոչման համար։ Մնում է, որ պետությունը հոգատարություն ցուցաբերի, նրանց արժեքը գնահատի»։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ «արժեքը» բուն իմաստով լիներ եւ կոնկրետ ֆինանսական արտահայտություն ստանար։ Իսկ աշխատակիցներից մեկի բոցաշունչ ելույթն ավարտվեց «մի քիչ էլ աշխատավարձ տվեք ժողովրդին» կոչով։ Մի սոնոգրաֆիկ (էխոյի) ապարատ էլ ուզեցին, որովհետեւ իրենց բոլոր այցելուներին ուղարկում են պոլիկլինիկա, որոնք էլ այդտեղի այցելուների գերակշիռ մասն են կազմում։ Նախօրոք տեղյակ լինելով աշխատավարձերի խնդրին, Ա. Խաչատրյանը հարցրեց, թե քանի՞ ամիս աշխատավարձ չեն ստացել. «Միայն թե չասեք՝ աշխատավարձն ի՞նչ է»։ Նրանք այնքան նեղության մեջ են, որ անգամ 4000 դրամ ավանսը ամեն ամիս ստանալու դեպքում, նշում են, որ յոլա կգնան։ «Մեր տղաները գնում են բանակ, գալիս, հետո էլ մեկնում Ռուսաստան։ Այնինչ, անգամ 15.000 դրամ աշխատավարձ ստանալու պարագայում կնախընտրեն այստեղ մնալ»,- նշում են ալավերդցիները։ «Ամեն շաբաթ մի քանի խոշոր ձեռնարկություններ են բացվում»,- սա ԱԺ նախագահի մխիթարանքն էր։ Հետեւեց պատասխանը. «Ինչ էլ որ բացվում է, մեզ չի հասնում։ Ընտանիքների կերակրողը, պահողը մեր ծննդատան աշխատողներն են»։ Արմեն Խաչատրյանն էլ, թե՝ «նայեք՝ ավանդույթ չդառնա»։ Լվացքատան աշխատողը նշեց, որ մյուսներից ավելի վատ վիճակում է, քանի որ «ռոճիկ չեմ ստանում, նպաստ չեմ ստանում, ընտանիքում 3 հոգի ենք, միայն ես եմ աշխատում, օգուտ էլ չունեմ»։ Ալավերդցի Գալյա Ամիրխանյանը նշեց. «8 զինվոր ունենք (մի մասը զինվորացու), բայց ոչ նպաստ ենք ստանում, ոչ օգնություն։ Աղջկաս ամուսինը 2 անգամ ինսուլտ է ստացել, բայց որովհետեւ աշխատում է՝ նպաստից զրկել են։ Երեխաների դպրոցի փողը մուծած չի։ Նեղվեմ ո՞չ։ Հլա մի իրենց երեխան 3 օրով հաց չուտի, տեսնեմ ինչ կլինեն»։ Իհարկե, կարելի է ասել «բալերը չի հերիքում նպաստի ցուցակում ընդգրկելու համար» կամ այլ անհեթեթություններ։ Բայց ակնհայտ էր, որ այդ տատիկը իր 8 տղա թոռներով, որոնցից 3-ը բանակում են, նեղն են, օրվա հացի կարոտ։ Ու այս հարթության վրա նպաստն էլ, ցուցակն էլ, բալերն էլ էական չեն։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ