Ղարաբաղի խնդիրը՝ հակաահաբեկչական պայքարի ներքո Արձագանքելով Ալիեւի բարձրացրած աղմուկին, Մինսկի խմբի համանախագահները եկան տարածաշրջան (Բաքու-Ստեփանակերտ-Երեւան)։ Եկան ու գնացին, իսկ հարցը մնաց նույն տեղում։ Երբ ասում ենք՝ «համանախագահները», հարկավոր է մի ճշտում կատարել. առաջին անգամը չէ, որ խմբի այցին եւ բոլոր խորհրդակցություններին, որպես լիարժեք անդամ, մասնակցում է Ռուսաստանի փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը։ Ժամանակն է եզրակացություն անել, որ ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ը համաձայնել է, որպեսզի Ռուսաստանը ավելի ակտիվ դեր խաղա ղարաբաղյան կարգավորման հարցում։ Ալիեւի ու Քոչարյանի մոտակա հանդիպումն էլ կկայանա Մոսկվայում, հավանական է՝ Պուտինի մասնակցությամբ։ Ընդհանուր առմամբ, դա, իհարկե, նպաստավոր է մեզ համար։ Սակայն իրավիճակը նպաստավոր է նաեւ Ադրբեջանի համար, որի հետ լավ հարաբերությունները շատ կարեւոր են ԱՄՆ-ի համար, այժմ վարվող հակաահաբեկչական գործողությունների ներքո։ Եվ փորձառու Հեյդար Ալիեւը ակտիվորեն փորձում է բոլոր հնարավոր օգուտները ստանալ ստեղծված կացությունից։ Որոշ չափով դա նրան հաջողվում է («Առավոտ», թիվ 211, էջ 17)։ Նպաստավոր իրավիճակը ընդամենը նախադրյալ է, որից դեռ պետք է կարողանալ օգտվել։ Այդ տեսակետից մենք զիջում ենք ինչպես ակտիվությամբ, այնպես էլ քայլերի բազմազանությամբ։ Ոչ ստանդարտ պայմաններում պետք են ոչ ստանդարտ մոտեցումներ։ Ցավոք, ստանդարտ են ոչ միայն Հայաստանի, այլեւ Ղարաբաղի գործողություններն ու հայտարարությունները։ Վերջինս կարծես թե բավականին ազատ է նոր լուծումներ փնտրելու եւ «անկանխատեսելի» քայլեր կատարելու հարցում։ Սակայն Ղուկասյանը, հետեւելով Օսկանյանին, ընդամենը դրական գնահատեց համանախագահների բերած առաջարկները։ Ասվեց նաեւ, որ Ղարաբաղը չի հրաժարվի իր անկախությունից եւ որ պետք են ուղղակի բանակցություններ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ, սակայն դա համոզիչ չհնչեց, քանզի հակասում է հենց համանախագահների առաջարկություններին։ Իսկ համանախագահների այցից հետո, երբ Ադրբեջանը մերժեց առաջարկային փաթեթը, Ղուկասյանը անգամ ափսոսանք հայտնեց այդ առիթով։ ծց, ֆՑՏ ցՋպ վՌ Չ ՍՈՍՌպ ՉՏՐՏՑՈ վպ սպջՌՑ։ Արեւմուտքին անընդհատ հաճոյանալու ցանկությունը կարող է նաեւ բերել միանգամայն հակառակ արդյունքի։ Օրերս Եվրախորհրդարանը մերժեց Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը։ Այստեղ կարելի է համաձայնել նախարար Օսկանյանի հետ, որ ցանկալի չէ այդ մարմնին կից Ղարաբաղի հարցով հանձնաժողովի ստեղծումը։ (Հաշվի առնելով Ադրբեջանի եւ Թուրքիայի դիվանագիտական ակտիվությունը)։ Իսկ ի՞նչն էր խանգարում, օրինակ, ԼՂՀ ղեկավարությանը ալիեւյան ոճով մի վերջնագիր ներկայացնել, որ «եթե ղարաբաղյան խնդիրը արագ եւ արդարացի լուծում չստանա, ապա Ղարաբաղը կվերամիավորվի Հայաստանի հետ»։ Կամ՝ «Ղարաբաղի բանակը գտնվում է մարտական վիճակում եւ պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացմանը»։ Համանախագահները կփորձեին մեղմել, համոզել… Հնարավորություն կստեղծվեր մանեւրելու, զիջումներ կորզելու, մեկ անգամ եւս վերահաստատելու հակամարտության կողմ լինելու փաստը եւ այլն։ Վերջապես, անդրադառնանք հարցի բովանդակային կողմին։ Համանախագահները հայտարարեցին, որ նրանց առաջարկներն ընդամենը հին մոտեցումների մանրամասն տարբերակներն են։ Այսինքն, խոսքը գնում է նորից «գրավյալ տարածքների» եւ փախստականների վերադարձի, խաղաղարար ուժերի մասին։ Դե յուրե՝ Ադրբեջանի կազմում, դե ֆակտո՝ անկախություն։ Բազմիցս խոսվել է այդ տարբերակի վտանգների մասին եւ թե ինչ պայմաններում դե յուրեն կարող է դառնալ դե ֆակտո։ Սակայն մեր ղեկավարությանը դա կարծես թե բոլորովին չի անհանգստացնում։ Թվում է, որ հույսը դնում են նրա վրա, թե Ադրբեջանը պետք է անընդհատ մերժի, իսկ մենք «գոհունակությամբ ընդունենք» ներկայացվող առաջարկները, թե ժամանակը նորից կձգվի փոփոխվող միջազգային կացության ներքո… Բայց մի գեղեցիկ օր այս սցենարը կարող է եւ չաշխատել։ Միգուցե ավելի հեռատես կլիներ՝ օգտագործելով Ռուսաստանի աճող հեղինակությունը, փորձել ավելի սերտ համագործակցել այդ երկրի քաղաքական ու դիվանագիտական ատյանների հետ՝ մեզ համար ավելի նպաստավոր տարբերակներ եւ պայմաններ գտնելու նպատակով։ Հնարավոր է, որ մենք սխալվում ենք, եւ այդ աշխատանքը արդեն ընթացքի մե՞ջ է։ Տա՛ Աստված։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ