ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ ՀԱՎՈՒՐ ՊԱՏՇԱՃԻ Իսկ երբեւէ մտածե՞լ եք՝ ո՞վ է կառավարում քաղաքականությունը: Կամ՝ ո՞րն է հայերիս քաղաքականության քաղաքականությունը: Սա ոչ բառախաղ է, ոչ էլ հռետորական հարց, որ պատասխան չի ակնկալում ի սկզբանե: Ո՞րն է մեր քաղաքականության նպատակը, բովանդակությունը, իմաստը: Կա՞, թե՞ չկա հայեցակարգ: Եվ ընդհանրապես ի՞նչ է այդ գրողի տարած քաղաքականությունը, որով անպատասխանատու զբաղվում ենք բոլորս, պատասխանատվության կոչելով բոլորին, բայց ոչ մեզ: Կամ՝ գոնե սահմանազատե՞լ ենք՝ ո՞վ ինչի՞ համար է պատասխանատու, ո՞վ ի՞նչ իրավունքներ ու ի՞նչ պարտականություններ ունի: Կասեք՝ Սահմանադրությունը այդ հարցերին պատասխանում է: Կասեմ՝ պատասխանում է տեսականորեն: Գործնականում ունենք սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն: Եվ մի ծավալուն փաթեթ, որ սահմանում է այդ փոփոխությունները: Այսինքն՝ գրված են հազարավոր բառեր, որոնք ինչպես գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում՝ հոդվածների փոփոխությամբ ստանում ենք նույն իրավիճակի մեկ այլ տարբերակ: Օրինակ՝ վերաբաշխելով լիազորությունները՝ ի՞նչ ենք ստանում արդյունքում: Նախագահական կառավարման ուժեղացո՞ւմ, թե՞ խորհրդարանական լիազորությունների մեծացում՝ այս հարցը շատ քիչ նշանակություն ունի երկրի շարքային քաղաքացու համար, ում պետք է ուժեղ պետություն, որն ապահովում է իր ազգային անվտանգությունը եւ կենսամակարդակի բարձրացումը: Մնացած խնդիրները քաղաքական են, իսկ երբ քաղաքականությամբ վատ են զբաղվում քաղաքական գործիչները, քաղաքականությունը դառնում է բոլորի գործը: Ահա եւ բոլորը երեւակայում են, որ իրենք կարող են կառավարել երկիրը, նախարար չեն սոսկ թյուրիմացաբար, որովհետեւ իրենց գյուղացին դարձավ նախարար, իսկ իրենք համադասարանցի էին, պատգամավոր էլ էսօր-վաղը կդառնան, եթե հաջողվի խցկվել որեւէ կուսակցական ցուցակ կամ բավարար նախընտրական փողեր գտնել, մնացածը տեխնիկայի հարց է: Իսկ ի՞նչ են անելու հետո հարցին հանճարեղ պատասխան էր գտել մի լրագրող՝ 1999 թ. հունիսին գրելով, որ խորհրդարանը իր 131 պատգամավորներով լուծում է նոր 13100 աշխատատեղերի ստեղծման հարցը՝ յուրաքանչյուր պատգամավորին 100 խորհրդական, որ օգնեն պատգամավոր լինելուն… Նույնը վերաբերում է նախարարություններին, որոնց ղեկավարները իբրեւ քաղաքական գործիչներ կարող են ընդհանրապես իրենց ոլորտի հետ ոչ մի կապ չունենալ՝ կենսաբանը կարող է քաղաքաշինություն ղեկավարել, պատմաբանը սոցիալական քաղաքականություն որոշել, տնտեսագետը՝ տարածքային կառավարում, կաթնարդյունաբերության ինժեները՝ բնապահպանություն, էլեկտրոնիկայի ինժեները արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը կհամակարգի, ինժեներ մեխանիկը ֆինանսներն ու էկոնոմիկան կտնօրինի, պոլիտեխնիկն ու մանկավարժականը ավարտածը՝ արդարադատությունը, ֆիզիկոսը պետական գույքը կկառավարի, վերջապես էլեկտրոնային սարքերի ինժեները վարչապետ կլինի, եւ այլն, եւ շարունակաբար… Կասեք՝ նախարարական կրթության հատուկ հաստատություններ չկան, եւ արհեստավարժների կառավարությունն էլ ժամանակին փայլուն ապացուցեց, որ ոչնչով ավելին չէ քաղաքական նկատառումներով ձեւավորված կառավարությունից: Այո, բայց ով ինչ է շահում այս ամենից: Պետական կառավարման համակարգ գոյություն ունի՞, թե՞ չունի: Կրկնում եմ՝ համակարգ: Ինստիտուտներ կան: Բայց ինչպե՞ս են գործառնում: Ի՞նչ սկզբունքներով, ի՞նչ խնդիրներով: Համակարգերը ենթադրում են հաստատուն քաղաքականություն, որը բոլորովին չի փոխվում անձերի փոփոխությունից: Չի փոխվում, որովհետեւ ունի իր հաստատուն նպատակը եւ նպատակի իրականացման հաստատուն մեխանիզմները: Մեզ մոտ որեւէ նախարարի փոփոխություն առաջացնում է փոխնախարարների եւ վարչության պետերի, եթե ոչ ամբողջ աշխատակազմի փոփոխություն՝ ըստ նախարարի կուսակցական պատկանելության եւ ընկերական-բարեկամական կապերի: Եթե նկատի ունենանք ինչ հաճախականությամբ են փոխվում նախարարները, պատկերացրեք աշխատանքի արդյունավետությունը: Կամ՝ օրենքները: Վաղուց առաջացել է օրենքի մասին օրենքի ընդունումը: Որովհետեւ օրենքներն ընդունվում են երկար-բարակ քննարկումներից հետո՝ լսումներում, հանձնաժողովներում, նիստերում, որից հետո ստորագրում է ՀՀ նախագահը: Եվ առանց բացառության անմիջապես սկսվում են օրենքների փոփոխությունների ու լրացումների մշակումները՝ անցնելով նույն փուլերով: Ինչու՞: Կատարելագործման նպատակով: Ինչ-որ պահի մայր օրենքից մնում է միայն նախնական մտադրությունը: Ուրեմն՝ ի՞նչ արդյունավետություն է ունենալու այդ օրենքը գործողության մեջ: Այս եւ այլ խնդիրների շուրջ խոսակցությունները անվերջ շրջանառվում են ու փակ շրջանակի օրենքով վերադառնում ելման կետ: Այն պարզ պատճառով, որ խոսակցությունից գործ անցման անհրաժեշտության գիտակցությունը չկա: Եվ քանի որ համակարգերն ու հայեցակարգերը մնում են լրագրողների արտոնություն, պետական քաղաքականության բարձունքները թողնելով աննվաճ, ապրում ենք հընթացս՝ օրվա մեջ օրվա անելիքը որոշելով ու վաղվա օրվա աղոտ ուրվագիծ իսկ չունենալով: Ահա եւ քաղաքականության քաղաքականությունը մնում է ապրիորի հասկացություն ու գերադասում ենք ջրհորի կողքին ծարավից բողոքել, որովհետեւ չգիտենք՝ ջուրն ինչպես հանել ջրհորից: Իսկապես մնում է հավատալ ծարավին եւ չմտածել ծարավը հագեցնելու մասին: Քանի դեռ Եվրախորհրդից համապատասխան պարտավորություն չի իջեցվել եւ Համաշխարհային բանկն էլ չի արտոնել:8230 ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ