Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողական

Նոյեմբեր 17,2001 00:00

ժրսՌ ՊՐցչ ՏՍՈջՈսր255 ՉՊՐցչ Լրագրողական հետաքննության փորձ Այն, որ լայն հասարակայնությանը ոչ անհայտ Լեւոն Զուրաբյանը «հոկտեմբերի 27-ի» կազմակերպիչն է եւ ՀՅԴ «Դրո» խմբի իրական ղեկավարը, արդեն բազմիցս նշվել է եւ ոչ ոքի մոտ կասկած չի առաջացնում: Այդ անհերքելի փաստերը, կարելի է ասել, գրված են նրա ահաբեկչական դեմքին: Բայց խորացված լրագրողական հետաքննությունը թույլ է տալիս ենթադրել, որ դրանով պրն Զուրաբյանի գործունեությունը չի սահմանափակվում, ավելին՝ այն դուրս է գալիս Հայաստանի սահմաններից: Այս հետաքննության առաջին իմպուլսը տվեց վերջերս Աֆղանստանում տեղի ունեցած մի պատմություն. մի երկու շաբաթ առաջ Հյուսիսային ալյանսի հրասայլերից մեկի վրա նստած արեւմտյան 6 լրագրողներից երեքը սպանվել են թալիբների կողմից: Կասեք, ի՞նչ կապ ունի դա Լեւոն Զուրաբյանի հետ: Շատ անմիջական. լրագրողներից մեկի (որը չի սպանվել) անունը Լեւոն Սեւունց է (նա պատկերված է լուսանկարում): Կանադական «Մոնրեալ դի գազետ» թերթի այդ թղթակիցը պրն Զուրաբյանի քեռու տղան է՝ երկուսն էլ խորհրդային բեսթսելլեր «Թեհրան» վեպի հեղինակի՝ Գարեգին Սեւունցի թոռներն են: Ի դեպ, 90-ականների սկզբին Լեւոն Սեւունցը աշխատում էր այն ժամանակ ընդդիմադիր «Հայլուրում»: Ահա եւ փակվեց տրամաբանական շղթան: Նման գործերում պատահականություններ չեն լինում: Ինչպե՞ս ստացվեց, որ երեք լրագրողներ զոհվեցին, իսկ պրն Զուրաբյանի բարեկամը չզոհվեց: Պարզ չէ՞, որ Լ.Զուրաբյանը սերտ կապեր ունի թալիբների հետ եւ իր եղբոր միջոցով նախօրոք տեղեկացրել էր նրանց՝ Հյուսիսային ալյանսի տեղաշարժերի մասին: Ըստ որոշ տեղեկությունների, պրն Զուրաբյանը բարձր դիրք է գրավում թալիբական հիերարխիայում եւ ղեկավարում է «Ալ Հարութա» գաղտնի ահաբեկչական կազմակերպությունը: Եթե դրան ավելացնենք, որ Լ. Զուրաբյանը վերջերս երկու տարի անց է կացրել Նյու Յորքի «Կոլումբիա» համալսարանում, ապա, կարծում եմ, այս հրապարակումը որոշակի լույս կսփռի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության իրական կազմակերպիչների վրա: Այդպես է լինում. ապրում ես Հայաստանում, ընկերություն ես անում մարդկանց հետ, իսկ նրանք միջազգային մասշտաբի ահաբեկիչներ են դուրս գալիս: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել