Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբ թագավորը

Նոյեմբեր 17,2001 00:00

Ռոբ թագավորը «Քոչարյանին հասկանում եմ։ Նա բարդույթավորված է, բայց պետք չէ բարդույթավորվել, ասել, թե կասեն՝ մենակ իր մասին է մտածում։ Դու երկրի թագավորն ես եւ քո իրավունքները պետք է կիրառես եւ պաշտպանես։ Առանց թագավորի երկրի հետ էլ գիտենք, թե ինչ է լինում. մի օր ցեղասպանություն է լինում, պրծնում-գնում է»,- հայտարարեց բացառապես «պետական» մարդու իրավունքները պաշտպանող հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը, այս անգամ հանդես գալով՝ որպես երկրի «թագավորի» իրավունքները պաշտպանող։ Ըստ Հայրիկյանի՝ Քոչարյանը «ժամանակավոր բարդույթավորումից» պետք է վեր կանգնի, Սահմանադրությունից բխող վճռականություն հանդես բերի եւ թույլ չտա, որ «բոլշեւիկյան նողկալի ժամանակների ոգով Մայիսի 1-ը եւ Մարտի 8-ը տոն հայտարարող, անմեղ գործընկերոջն առանց խղճի խայթի բանտ ուղարկող խորհրդարանականները» խորհրդարանում հավասար քննարկեն իր եւ առանձին պատգամավորների կողմից ներկայացվող սահմանադրական բարեփոխումների մասին նախաձեռնությունները։ Հայրիկյանի խոսքերով, երբ ՀՀ նախագահի սահմանադրական բարեփոխումների եւ պատգամավորական նախաձեռնությունների միջեւ հավասարության նշան է դրվում, սահմանադրական կոպիտ խախտում է տեղի ունենում։ Հանրապետության նախագահը, Հայրիկյանի տրամաբանությամբ, իրեն հավասարը չունի, եւ չպետք է վերջինս թույլ տա, որ որեւէ մեկը հանկարծ փորձ անի՝ այդ նշանը իր եւ նախագահի միջեւ դնի։ «Մենք գործ ունենք հին հայկական «Նախարարներն՝ ընդդեմ թագավորի» գզվռտոցի ոգով իրականացվող դրսեւորումների հետ, այն տարբերությամբ, որ նախարարների փոխարեն հիմնականում մի քանի տոն լոբի կամ «սալյարկա» արժեցող պատգամավորներ են»,- համոզված է «պետմարդու» իրավապաշտպանը։ Հանրապետության «թագավորի» նախաձեռնությունը ոչնչացնելու գնով սեփական նախաձեռնություններն առաջ տանող խորհրդարանականներին Հայրիկյանն իր «պարտքն» է համարում հիշեցնել, որ Սահմանադրությամբ նախագահը նույնպես առարկության իրավունք ունի։ Խորհրդարանը նախ պետք է պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդը հաղթահարի՝ ընդունելով պատգամավորների նախաձեռնությունը, հետո՝ ներկայացնի քննարկման։ Օրենքները եւ հատկապես՝ Հիմնական օրենք՝ Սահմանադրությունը, ըստ Հայրիկյանի, գերկարեւոր խորհուրդ ունի, որի մասին քիչ է խոսվում։ «Աստված շարքային մահկանացուներին նախ եւ առաջ ներկայացել է օրենքներով. տաս պատվիրանները եւ օրենքները, ըստ էության, խորհրդանշում են Բարձրյալի ներկայությունը»։ Իսկ այդ զգացողությամբ հարցին մոտենալիս, ըստ Բարձրյալի ներկայությամբ իրավունքներ պաշտպանող Հայրիկյանի, պատասխանատվության «առանձնահատուկ զգացումով ես տոգորվում»։ Եվ քանի որ այս ամենի մասին, ըստ Հայրիկյանի, քիչ է խոսվում, վերջինս պետք է երեկ հանդիպեր երկրի «թագավորին»։ Ու, որպես «թագավորի» ընտրություններին էականորեն աջակցած ուժ (ԱԻՄ), կնքահոր իրավունքներով, տեղեկացրեց, որ Աստված, եթե «շարքային մահկանացուներին է օրենքով ներկայացել», ապա՝ թագավորին՝ հատուկ պաշտպանով։ Պարույր Հայրիկյանով։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ Հ. Գ. Սակայն պետք է ընդգծել, որ Հայրիկյանի մտահոգությունը ոչ այնքան իր նշած «սահմանադրական խախտումը» կանխելն էր, որքան՝ հնարավորինս շտապ նախագահ Քոչարյանի Սահմանադրության ընդունումը, որը Քոչարյանի «թագավոր» կարգավիճակը երկրում սահմանադրորեն կամրագրի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել