ՍԻՄ-ը վեցնոցներին կտանի Եվրախորհուրդ «Մեր դեմ խաղ չկա» սկզբունքը իշխանությունների կողմից հետագայում էլ կիրառվելու դեպքում, ՍԻՄ-ը կդիմի նաեւ Եվրախորհուրդ։ Ինչպես նշեց ՍԻՄ փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը, առայժմ ինքը չի հրապարակի այն մարդկանց անունները, ովքեր դա իրականացնում են, սակայն երբ դա պետք լինի, նա դրանք կհրապարակի ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ Եվրախորհրդում։ «Կասեմ, որ Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք փորձում են այսպիսի մեթոդներով ազդել նաեւ կուսակցության պաշտոնաթերթի՝ «Իրավունքի», բովանդակության վրա»։ Իսկ մինչ Եվրախորհրդում նման հայտարարությամբ հանդես գալը, Հայկ Բաբուխանյանի խոսքերով, իրենք ուզում են համոզվել մի բանում. «Եթե համոզվենք, որ դա ոչ թե առանձին պաշտոնյաների, այսպես ասած՝ վեցնոցների, հոգեբանություն ունեցողների նախաձեռնությունն է, որոնք ուզում են իրենց տերերի մոտ առաձնանան, այլ՝ վերին ատյանների կարգադրությունն է, այդ ժամանակ կդիմեն ոչ միայն մեր հասարակությանը, այլ՝ Եվրախորհուրդ»։ Երբ փորձեցինք Հ. Բաբուխանյանից ճշտել, թե, օրինակ, երբ է ՍԻՄ-ը իշխանությունների կողմից նման ճնշումների ենթարկվել, Հ. Բաբուխանյանը Չարենցավանի պատգամավորական ընտրությունները հիշեցրեց. «ՍԻՄ-ի թեկնածուին ճնշման, անօրինական, ուժային մեթոդներով հանեցին ընտրապայքարից, որովհետեւ շատ ռեալ էր, որ նա կընտրվի։ Սա ամենապարզ օրինակներից մեկն է»։ Հայկ Բաբուխանյանը նաեւ նշեց, որ բազմաթիվ գործարարների նկատմամբ, որոնք առնչվում են ՍԻՄ-ի հետ, «հատուկ չգրված օրենքներ են կիրառվում»։ Եվ այս մեթոդը, ինչպես նշեց ՍԻՄ փոխնախագահը, միայն ՍԻՄ-ի նկատմամբ չի կիրառվում, այլ՝ «ով մեզ հետ չէ»-ների։ «Մենք կտրականապես դեմ ենք, որ մեր երկիրը նորից վերադառնա «մեր դեմ խաղ չկա» սկզբունքին, որովհետեւ դա երկրի ոչնչացման մեթոդներից մեկն է»,- համոզված է Հ. Բաբուխանյանը։ «Իսկ ինչո՞ւ է նաեւ ՍԻՄ-ը նման ճնշումների ենթարկվում, երբ ներկա իշխանություններին ոչ արմատական ընդդիմություն են, ոչ էլ սուր հայտարարություններով են առանձնապես աչքի ընկնում» հարցին, Հ. Բաբուխանյանը պատասխանեց. «Համաձայն չեմ, մենք բավականին սուր հայտարարություններ ենք անում։ Սուր հայտարարությունը միայն իմփիչմենթ պահանջելը չէ։ Օրինակ, իմփիչմենթ պահանջելը սուր հայտարարություն չեմ համարում, քանի որ լուրջ չէ այդ հայտարարությունը»։ Իսկ այն հարցին, թե ի վերջո դիմությա՞ն, թե՞ ընդդիմության դիրքերում է այսօր ՍԻՄ-ը, որը չհստակեցվեց ՍԻՄ համագումարում, Հ. Բաբուխանյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ ընդդիմություն ենք, եւ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Մեր բոլոր գնահատականներն ու պահանջները հենց ընդդիմադիր պահանջներ էին»։ Իսկ ՍԻՄ-ն իրեն տեսնո՞ւմ է արդյոք ընդդիմադիր եռյակի կողքին. այս հարցին վերջինս գրեթե վիրավորված պատասխանեց. «Ներկա ընդդիմությունը մենք ենք։ Եռյակը ընդդիմության մի մասն է կազմում, որը նախընտրական շոուներ է կազմակերպում։ Կարծում եմ, եռյակում կան առանձին գործիչներ, որոնք կարող են շատ մեծ դրական դեր խաղալ, բայց եռյակը ընդդիմության մի հատվածն է միայն»։ Վերջերս, Հ. Բաբուխանյանի գնահատմամբ, շատ տարօրինակ ու հակատրամաբանական միտում է նկատվում։ Բոլորին բաժանել են 2 մասի. ով կողմ է նախագահին եւ ով հենց այսօր պահանջում է նախագահի հրաժարականը։ «Աշխարհը չի բաժանվում այդ երկու մասերի վրա։ Կան տարբեր կարծիքներ»։ Օրինակ, ՍԻՄ-ի կարծիքով, այսօրվա իմփիչմենթի պահանջը նախընտրական հնարք է, որովհետեւ «բնականաբար նախագահը մի պահանջով դուրս չի գա։ Քանի որ նախագահական ընտրություններին մեկ տարի է մնացել, ապա ընտրություններով պիտի փոխվի, որը եւ ճիշտ ավանդույթն է»։ Ըստ Հ. Բաբուխանյանի, իրենք եռյակի հետ չհամագործակցելու որեւէ հիմք չունեն, եւ միակ ուժը, որի հետ ոչ մի դեպքում չեն համագործակցի, «ռեւանշիստական» ուժերն են։ Մնացած ուժերի հետ որեւէ խնդիր չունեն։ «Օրինակ, Արտաշես Գեղամյանի հետ կհամագործակցե՞ք» մեր հարցին Հ. Բաբուխանյանի պատասխանը հետեւյալն էր. «Շատ դժվար խնդիր է համագործակցել Գեղամյանի հետ, որովհետեւ նրա դիրքորոշումները շատ անկայուն, փոփոխական են։ Դուք էլ, նույն եռյակն էլ տեսավ, իսկ ՍԻՄ-ը ավելի շուտ համոզվեց, որ Գեղամյանի դիրքորոշումները շատ շուտ են փոփոխվում եւ նրա հետ համագործակցել պրակտիկորեն անհնար է երբեմն դառնում»։ Իսկ թե ընդհանրապես Գեղամյանի առկայությունը եռյակում թուլացնո՞ւմ է եռյակի դիրքերը, թե՞ ոչ, ըստ ՍԻՄ փոխնախագահի, եռյակի խնդիրն է, եւ նրանք պետք է այդ մասին մտածեն, սակայն, իր համոզմամբ, «եռյակն այդտեղ խորհելու բան ունի»։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ