«ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ՝ ՆԱԽԵՎԱՌԱՋ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՑՈՒՄ» Իշխանական բուրգում մենակ մնացած Շեւարդնաձեն արդեն հայտարարել է Վրաստանի կառավարության նոր անդամների անունները, խորհրդարանի նոր խոսնակ Նինո Բուրջանաձեն բանակցում է տարանջատված խմբակցությունների հետ, երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակից դժգոհությունները Ռուսթավելու պողոտայից ետ են քաշվել բնակարաններ, օֆիսներ, գերատեսչություններ: Խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման Կովկասյան ինստիտուտի ղեկավար Գիա Նոդիայի հարցազրույցը փորձ է հասկանալու այս ամենին նախորդած իրադարձությունները եւ հնարավոր հետեւանքները ինչպես Վրաստանում, այնպես էլ Անդրկովկասում: Թերթերը վաղուց էին գրում հեղափոխական իրավիճակի մասին – Վերջերս ծավալված իրադարձությունները բազմաբնույթ էին ու իրար ետեւից: Կարելի՞ է առանձնացնել մեկ-երկուսը, որոնցով պայմանավորվեց ներքաղաքական ճգնաժամն ամբողջությամբ: – Չեմ կարծում, թե Պանկիսի, այնուհետեւ՝ Կոդորի կիրճերում ծավալված իրադարձությունները մեծ նշանակություն ունեցան Վրաստանի ներքաղաքական կյանքում վերջերս տեղի ունեցածի համար: Մի քանի տարի շարունակ հասունանում էր բնակչության սոցիալական, եւ, հատկապես, բարոյական դժգոհությունը տարածված կոռուպցիայից եւ դրա անամոթ ցուցադրումից, անպատժելիությունից, կառավարության՝ որեւէ բան փոխելու անկարողությունից: Թերթերը նույնիսկ գրում էին, որ Վրաստանում հասունանում է հեղափոխական իրավիճակ: «Ռուսթավի-2» հեռուստաընկերության միջադեպն ու դրան հաջորդած բողոքները պատահական չէին, քանի որ կապված էին ընդհանրապես հեռուստատեսության, ընդհանրապես խոսքի ազատության հետ: Մարդիկ սովորել են այն բանին, որ քիչ թե շատ ասվում է ճշմարտությունը: Բայց եթե տեսնում են, որ կառավարությունը ե՛ւ չի կարողանում լուծել խնդիրները, ե՛ւ թույլ չի տալիս ասել թերությունների մասին, այդպիսի իրավիճակը վերջին կաթիլ է դառնում: Աբաշիձե-Շեւարդնաձե մերձեցումը բլեֆ էր – Այս տարվա գարնանը Վրաստանի վարչապետ պետք է դառնար Զուրաբ Ժվանիան, չստացվեց: Այժմ խոսվում է այն մասին, որ այդ պաշտոնում կարող է նշանակվել Աջարիայի ղեկավար Ասլան Աբաշիձեն: – Դա անհնարին բան է: Շեւարդնաձեն իսկապես Աբաշիձեին արել է նման առաջարկություն, բայց այն ընդամենը արարողակարգային էր: Նախ՝ այն պատճառով, որ վարչապետի պաշտոն դեռեւս գոյություն չունի, երկրորդ` որովհետեւ, եթե անգամ գոյություն էլ ունենար, Աբաշիձեն երբեք չէր համաձայնի: Չէր գնա այնտեղ, որտեղ Շեւարդնաձեի ենթական կլիներ. եւ ուրեմն` որտեղից հետո Շեւարդնաձեն կարող էր նրան հանգիստ պաշտոնանկ անել: Ներկայիս պաշտոնում Աբաշիձեն անկախ է Շեւարդնաձեից: Աբաշիձեին վարչապետություն առաջարկելը քաղաքական բլեֆ էր, երկու գործիչներն էլ հասկանում էին դա: Բայց դրանով Շեւարդնաձեն ուզում էր առաջարկել կառավարություն ձեւավորելու մեջ նրա մասնակցությունը` փոխարենն ակնկալելով օգնություն խորհրդարանում: Բայց ընտրությունների ժամանակ տեղի ունեցած սկանդալից հետո պարզ դարձավ, որ Շեւարդնաձե-Աբաշիձե մերձեցումն ավարտվել է: – Ստացվում է, որ Նինո Բուրջանաձեի հաղթանակը հնարավոր եղավ միայն Շեւարդնաձեի եւ Աբաշիձեի կոնֆլիկտի շնորհիվ, ինչից օգտվեց Ժվանիան: – Ինչ-որ տեղ, այո՛, Ժվանիայի հաղթանակն էր, թող որ՝ ոչ երկարատեւ: Միաժամանակ, Նինո Բուրջանաձեն փոխզիջումային գործիչ է, ավելի ընդունելի Շեւարդնաձեի համար, քան որեւէ մեկը արմատական բարեփոխիչներից: Բուրջանաձեի հաղթանակը ցույց տվեց, որ Ժվանիայի դիրքերը այս պահի դրությամբ բավական ամուր են, եւ նա կարող է խոսել նախագահի հետ ուժի բարձունքից: Մյուս կողմից՝ Բուրջանաձեի հայրը ժամանակին Շեւարդնաձեի մարդն էր, ղեկավարում էր հացամթերման նախարարությունը, նրա ընտանիքն ունի հին նոմենկլատուրային կոռումպացված ընտանիքի իմիջ: Ես կարծում եմ, Ժվանիայի համար հեռավոր ապագայի տեսանկյունից ավելի լավ կլիներ տանուլ տալ խորհրդարանական ընտրությունները եւ դառնալ վառ արտահայտված ընդդիմադիր ուժ: Շեւարդնաձեն կարողանում է տպավորություն ստեղծել, բայց չի կարողանում ղեկավարել երկիրը – Բավական տարածված են կարծիքները, որ իր ղեկավարման ողջ ընթացքում Շեւարդնաձեն ավելի շատ զբաղված էր երկրի արտաքին իմիջով, քան լուծում էր կոնկրետ հարցեր ներսում: – Իսկապես, Շեւարդնաձեն բավական ակտիվորեն աշխատում էր արտաքին ուժերի վրա: Ընդհանրապես սա շատ հետաքրքիր երեւույթ է: Մեծ երկրի ղեկավարը իր միջազգային բարձր վարկանիշով հայտնվում է փոքր երկրի ղեկավարի պաշտոնում եւ այդ պատճառով էլ շարունակում է շահագործել իր այդ վարկանիշը: Մանավանդ որ, 1992 թվականին, երբ Շեւարդնաձեն եկավ Վրաստան, բացի միջազգային ասպարեզում իր ճանաչումից քաղաքական ոչ մի այլ ռեսուրս չուներ: Վրաստանի ներսում իրավիճակի տերը բոլորովին այլ մարդիկ էին: Շեւարդնաձեն հմուտ դիվանագետ է, բայց բավական թույլ մենեջեր, թույլ ադմինիստրատոր է: Նա կարողանում է ստեղծել տպավորություն, բայց չի կարողանում ղեկավարել երկիրը: – Մեկնաբանների կարծիքով Շեւարդնաձեի հանդիպումը Աբաշիձեի հետ նշանակում էր Ռուսաստանի նկատմամբ ունեցած կարծր դիրքորոշման փոփոխություն: – Անկախ պետականության ամրապնդումը նշանակում է նախեւառաջ Ռուսաստանից հեռացում: Մանավանդ, որ Ռուսաստանի համար հոգեբանորեն դեռ դժվար է համակերպվել Վրաստանի անկախության հետ… Մենք սովորել ենք այն բանին, որ աշխարհը ճշգրտորեն բաժանված է ազդեցության ոլորտների: Ես կարծում եմ, որ կամ-կամի ժամանակներն արդեն անցել են: Վրաստանը միշտ կլինի Ռուսաստանի որոշ ազդեցության տակ, եւ ամերիկյան ազդեցությունն էլ կլինի, Վրաստանը միշտ կձգտի ավելացնել ամերիկյան ազդեցությունը ռուսականի հաշվին: Քանի որ Ամերիկան ավելի հեռու է, Ռուսաստանից ավելի զարգացած, Ամերիկայի հետ հարաբերություններում չկա հոգեբանական այն բեռը, որ կա Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ուրեմն, խնդիրը կլինի միշտ, հետեւաբար, Ռուսաստանում էլ սխալ են այն կարծիքները, թե Շեւարդնաձեն վատն է, արեւմտամետ է, թե նրանից հետո կգա լավ գործիչը, նա չի լինի արեւմտամետ, կձգտի դեպի Ռուսաստանը: Այդպես չի լինի: – Ի՞նչ հետեւանքներ կունենան ծավալված իրադարձությունները Վրաստանում եւ տարածաշրջանում: – Այն, ինչ կատարվեց Վրաստանում, սկզբունքորեն եւ էականորեն չի փոխի իրավիճակը տարածաշրջանում, քանի որ ներքաղաքական խնդիրներ են: Սկզբում իհարկե կար տպավորություն, թե տեղի կունենա կտրուկ փոփոխություն Ռուսաստանի հետ հարաբերություններում: Դեռ երկու շաբաթ առաջ ես էլ էի այդպես կարծում: Բայց այժմ պարզ է, որ կտրուկ տեղաշարժեր չեն լինի: Նախ կոնֆլիկտ չի լինի Շեւադնաձեի եւ արեւմտամետ ուժերի միջեւ: Բուրջանաձեի ընտրությունը ցույց է տալիս, որ կողմերը կփորձեն գտնել ուժերի հավասարակշռության նոր բանաձեւ, եւ այդ բանաձեւը դարձյալ չի լինի հօգուտ Ռուսաստանի: Աբաշիձեի հետ մերձեցումը ավելի շատ տակտիկական քայլ էր, քան ստրատեգիայի փոփոխություն: ԼԱՈՒՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ «Ռեգիոն» կենտրոն Թբիլիսի-ԵրեւանՀարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ Հետաքննող լրագրողների ընկերակցության Home.media.am/hetq էջում