«ԻՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ «ԳՈՐԾԱՐՔԻ» ԱՐԴՅՈՒՆՔ Է» Բացահայտում է նախկին քաղկալանավոր եւ ներկա պայմանականորեն ազատազրկված Ազատ Արշակյանը։ Նա նաեւ բացահայտեց, որ նախաքննության սկզբում ինքը կասկածվում էր զինված հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ։ Սա ՆԳՆ ղեկավարների «արջուկի ծառայությունն» էր իշխանությանը։ – Դուք չե՞ք պատրաստվում բողոքարկել պայմանական ազատազրկման դատավճիռը։ – Առայժմ ոչ։ – Ձեր փաստաբանը միանշանակ ժխտողական պատասխան էր տվել նույն հարցին, որ բավական տարօրինակ է։ Քանզի քրգործին ծանոթ ցանկացած մեկը կհամոզվի, որ բոլոր հիմքերն ունեիք արդարացվելու։ Չեք գնում այդ ճանապարհով, քանի որ անհեռանկա՞ր եք համարում այն, թե՞ պատճառներն այլ են։ – Ես իմ նախորդ արդարացումների համար նույնպես դիմում չեմ գրել։ 1990 թ. Գերագույն խորհրդի եւ դատախազության որոշումները արդարացմանս վերաբերյալ իմ նախաձեռնությամբ չեն եղել։ Անկեղծ ասած, այն ժամանակ էլ ինձ չէր խանգարում իմ դատվածությունը, այս անգամ էլ չի խանգարում։ Իսկ քանի դեռ չի խանգարում՝ դրա դեմ չեմ բողոքելու։ – Իսկ Ձեր նախորդ դատավարությունների ժամանակ զղջում արտահայտե՞լ եք, ինչպես եղավ այս անգամ։ – Չեմ զղջացել իմ արածի համար ո՛չ նախկինում, ո՛չ էլ այս անգամ։ Քրեական գործի առումով ես զղջալու որեւէ բան չեմ ունեցել, որ դա արտահայտեի դատարանում։ Ես զղջացի միայն, որ իմացել եմ ոչ համապատասխան տեղում զենքի առկայության մասին եւ դրա մասին չեմ հայտնել պատկան մարմիններին։ Հիմա էլ եմ գտնում, որ զենքը պիտի պատշաճ ձեւով պահվի, լինի հսկողության տակ։ Բայց զղջումս չի վերաբերել իմ կենսագրությանն ու համոզմունքներին, դիմադիր կամ ընդդիմադիր, դժգոհ կամ գոհ լինելուն։ – Տարակուսանք է հարուցել վերջին խոսքում Ձեր այն պնդումը, թե հիմա դատարանը շատ ավելի լավն է։ Իմանալով դատական համակարգի առկա վիճակը՝ կոռումպացվածությունը, վերեւից եկող պատվերներով գործելը՝ մի՞թե հիմնավոր եք համարում այդ պնդումը։ Եվ ընդհանրապես, տեղի՞ն է ներկա եւ խորհրդային դատարանների համեմատությունը։ – Ես ուղղակի համեմատել եմ իմ 4 դատավարությունները՝ ԽՍՀՄ-ի օրոք եղած 3-ը եւ այս մեկը։ Պետք է չափազանց անտեղյակ մարդ լինել չտեսնելու համար, որ այսօրվա դատարանները շատ հարցերում ավելի ժամանակակից են ու լավը, քան խորհրդայինը։ Ես չեմ ասել, թե մեր դահիճը ձեր դահիճից լավն է՝ իմ մտքով նման բան չէր անցնի։ Այն դատարանը, եթե նույնիսկ պատվեր չկատարեր էլ՝ պատժիչ էր։ Եթե որեւէ մեկը գտնում է, թե Սովետական Միության դատարաններն ավելի լավն էին, քան Հայաստանի 2001 թվականի դատարանը՝ պատրաստ եմ նրա հետ բանավիճել։ – Ձեր գնահատմամբ, ի՞նչը դեր խաղաց Ձեր նկատմամբ մեղմ դատավճռի համար։ Ինչպե՞ս եղավ, որ դատարանն ու դատախազությունը հանկարծ նկատեցին Ձեր անցած ուղին ու Ձեր վերաբերյալ բազմաթիվ միջնորդությունները, որ համառորեն անտեսվում էին երկու ամիս առաջ։ – Գտնում եմ, որ իսկապես արջի ծառայություն է մատուցվել։ Իմ գործի սկզբնական ընթացքում քննում էին զինված ապստամբություն կազմակերպելու վարկածը։ Մարդիկ կային, որոնք հավատում էին, թե Հայաստանում գոյություն ունի բազմահազարանոց մի կազմակերպություն, որը նախապատրաստում է ռազմական հեղաշրջում։ Այսպես է սկսվել գործը։ Եվ պատկերացրեք, որ քաղաքական ղեկավարությանը զեկուցել են, թե նման բան է պատրաստվում՝ բազմահազարանոց ջոկատներո՜վ, իրենց զենք ու զինամթերքո՜վ։ Այդ վարկածն առաջին ամսվա ընթացքում իսկ հերքվեց, տապալվեց, պարզվեց, որ նման բան չկա։ Ցուցակներ էին հայտնաբերել, որ ընդամենը պարգեւատրման ներկայացվածների անուններն էին։ 250 հոգու «Անկախության բանակը» ներկայացրել էր պարգեւատրման ու ցուցակներում նշված էր, թե որ ջոկատների հրամանատարներն են եղել, նրանց մարտական ուղին։ Այդ ամենն ընդգրկում էր ողջ Հայաստանի տարածքը՝ մոտավորապես 4 հազար հոգի ներկայացվել էին ջոկատ առ ջոկատ, ըստ ստորաբաժանումների։ Օպերատիվ եւ քննչական մարմինները սկզբնական շրջանում կարծել էին, թե սա ինչ-որ մի բանակ է, որը պատրաստվում է զինված հեղաշրջման։ Այդ կասկածը բավական լուրջ էր։ Բայց երբ այն փարատվեց, ստացվեց, որ ես նստած եմ, բայց իմ թիկունքում չկա այդ բանակը։ Նրանք իհարկե կարող էին որեւէ պատրվակով ինձ եւս 2 տարի 2 ամիս պահել։ Բայց մենք՝ պաշտպանական կողմը գնացինք իրավական «գործարքի» մեղադրող կողմի հետ։ Կարծում եմ, որ իմ ազատությունը «գործարքի» արդյունք էր, որը կիրառվում է աշխարհի այլ երկրներում։ Օրինակ՝ ԱՄՆ-ում դա օրինական է։ Այսինքն՝ պաշտպանական կողմը չպնդեց, որ ինձ արդարացնեն ու փոխհատուցեն կորուստներս, իսկ մեղադրող կողմը հրաժարվեց ինձ տարիներ շարունակ բանտարկված պահելու հնարավորությունից եւ բավարարվեց նստածս 2 ամսով եւ 2 տարի պայմանականով։ – Եվ այդ գործարքը բավարարո՞ւմ է Ձեզ։ Իհարկե, ազատության մեջ եք, բայց հանցավոր եք ճանաչվել չկատարածի՝ ուրիշի կուտակած եւ պահած զենքերի համար։ – Ես ունեի այսպիսի հնարավորություն՝ նստել եւս 1,5 տարի, մինչեւ իշխանափոխություն, եթե այդպիսին պետք է լիներ։ 1,5 տարի հետո կարող էի ազատվել եւ արդարացվել, քանի որ իսկապես անմեղ էի։ Ես գիտեմ, որ ի վերջո արդարացվելու եմ։ Մյուս ելքն այժմ դուրս գալը եւ փոխհատուցմանը հետամուտ չլինելն էր։ Ես ընտրեցի սա։ Ինձ բավարարում է իմ ազատ լինելը։ Ինձ համար շատ դառն է եղել նստելը՝ «ջՈ ՊպՐՋՈՉց ՏոՌՊվՏ», որ այդքան իրավասու չեն ՆԳՆ ղեկավարները, ովքեր ծրագրավորել էին այդ մեղադրանքը։ Դա արջի ծառայություն էլ չէր, այլ արջուկի, քոթոթի մատուցած ծառայություն իրենց տերերին։ – Տարակուսանք հարուցող հանգամանքներից մեկն էլ այն էր, որ բարձրաստիճան իշխանավորների մեջ այդքան ընկերներ, նրանց հետ կյանքի ուղի անցած մեկն արժանացավ նվաստացուցիչ վերաբերմունքի՝ ե՛ւ ձերբակալման, ե՛ւ դատարան բերվելու, ե՛ւ բանտում պահվելու ընթացքում։ – Իմ բարձրաստիճան ընկերներն այսօր գտնվում են բարիկադի հակառակ կողմում։ Քաղաքական դաշտում մենք հակառակորդներ ենք, ընդդիմախոսներ։ Որպես ընկերներ՝ ինձ օգնեցին ինչքան հնարավոր է։ Բայց չպետք է գերագնահատենք նրանց հնարավորությունները։ Նրանք մնացին իմ ընկերները, բայց նաեւ հավատարիմ մնացին ու չդավաճանեցին իրենց թիմին։ Նրանք մնացին բարիկադի հակառակ կողմում եւ ինչ-որ էքսցեսներ չարեցին հանուն ընկերության։ Իհարկե, վատ չէր լինի ինձ համար, եթե նրանք ինձ ազատեին ամե՛ն գնով, ամե՛ն ինչ անեին։ Նրանք դա չարեցին։ Բայց այդպես անող ընկերներ գտնվեցին այն թիմում, որտեղ ես եմ։ – Իսկ արդյոք այն, որ մեղադրող կողմը գնաց այդ գործարքին, նաեւ այդ բարձրաստիճան ընկերների բարեհաճության եւ ազդեցության շնորհի՞վ չէր։ – Կարծում եմ, որ իմ քրեական գործը շատ շուտ տապալվեց եւ դա ակնհայտ էր իրավապահ մարմինների համար։ Նրանք հասկացել էին, որ տապալման համար այսօր պատասխանատու են իրենց տիրոջը, իսկ վաղն այսպիսի գործ սարքելու համար պատասխան պիտի տան հասարակությանն ու նոր իշխանությանը։ Ու արդեն հաճոյանում էին ի դեմս ինձ՝ հաջորդ իշխանությանը։ Հաճոյանում էին նաեւ իրենց տիրոջը, ուզում էին իրենց փրկել։ Եվ երբ «քոթոթների» ծրագրած քրեական գործը տապալվեց, նրանք նաեւ հիշեցին, որ այդ բարձր պաշտոններում, այնուամենայնիվ, իմ ընկերներն են, որոնք կրկնակի տուժած էին՝ ե՛ւ որպես իշխանավոր, որոնց արջի ծառայություն էր մատուցվել, ե՛ւ մեր անձնական հարաբերություններում։ Իրենց ընկերոջը հանիրավի տանջել էին՝ դրա համար պատասխանատու էին որպես ծառաներ։ Գործը տապալել էին, պիտի փրկվեին, դրա համար էլ ուզում էին, որ առանձնապես վատ չտրամադրվեի, քանի որ ցուցմունքներ էի տալու հետո իրենց դեմ։ – Դատավարության նախորդ օրը Ձեր խնդրանքով կանխվեց քաղաքական ու իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունը, որով հաստատվում էր, թե գործ ունենք դասական քաղբանտարկյալի հետ։ Կանխել էիք, որպեսզի այն չխանգարե՞ր իրավական գործարքին, թե՞ պատճառներն այլ էին։ – Բոլոր տեսակի իրավապաշտպան կազմակերպությունները կոչված են մարդկանց վիշտը, հոգսը, դժբախտությունը պակասեցնելուն, նրանց վիճակը բարելավելուն։ Իմ կարծիքով, ծրագրված այդ քննարկումն ինձ մի քանի տարի պահելու էր բանտում։ Ես դրանում համոզված եմ, այդ փորձն ունենք եւ տեխնոլոգիային ծանոթ եմ։ Այդպիսի կազմակերպությունները միշտ գայթակղում են բազմաթիվ «դիակապտողների»։ Ինձ համար, իհարկե, ցանկալի չէր «գործարքի» ժամանակ միջամտությունը, որի նպատակը բանտից ինձ ազատելը չէր։ Դեմ էի ցանկացա՛ծ գործողության, որը երկարաձգելու էր ազատազրկման իմ ժամկետը։ Ես կասկածներ ունեի, որ դա կարող է չնպաստել իմ ազատվելուն եւ դրա համար խնդրեցի, որ քննարկումներ անեն մի քանի օր անց, երբ հստակ լինի, որ իրենց գործն ինձ օգնում է։ Բայց ինձ երեւի նաեւ օգնեց այդ կազմակերպությունների վերաբերմունքը։ Նրանցից շնորհակալ եմ, որ ինձ սատար են կանգնել։ Ես զգացել եմ նրանց ուսը, նրանց ներկայությունն իմ թիկունքում եւ ավելի վստահ եղել։ Մեղադրող կողմը «գործարքում» նաեւ հաշվի էր առել նրանց ներկայությունը, այսինքն՝ նրանք խուսափել էին գլխացավից։ Հասարակական կազմակերպությունները, որոնք ինձ սատար էին կանգնել՝ գլխացավանք էին մեղադրող կողմի համար եւ դրանից ազատվելու համար էլ գնացին զիջումների։ – Այս ամենից հետո հնարավոր չէ չենթադրել, որ եթե ժամանակին ունեցած լինեիք «գործարքի» հնարավորություն՝ չէիք ունենա այս կենսագրությունը, կմնայիք ազատության մեջ, կխուսափեիք քաղաքականացումից եւ այլն։ – Եթե այն ժամանակ լիներ այսպիսի հնարավորություն՝ դա չէր լինի այն երկիրը, որ կար եւ ինձ չէին առաջադրի այն մեղադրանքները, որ առաջադրել էին։ Այս երկիրն էապես տարբերվում է նախկինից։ Իսկ գործարքի հնարավորություն մի՛շտ կա։ Գործարքի հնարավորություն կա, ասենք, խղճի դեմ։ (Շարունակելի) Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Դատավարության նախօրեին տապալված այդ քննարկման ընթացքում Աշոտ Բլեյանը նշել էր. «Ասում եք՝ «Եթե ես լինեի Ազատ Արշակյանի տեղը, այդպես չէի վարվի՞», եղե՛ք իր տեղը, այդպես մի՛ վարվեք»։ Իսկ Վարդան Հարությունյանը նրա տեղում հայտնվելու միջոցն էլ էր հուշել. «Ձե՛ր զենքերի տեղն ասեք»։ Այժմ, վերափոխելով հայտնի խոսքն, ասենք՝ թող Ազատ Արշակյանի վրա փորձի քար նետել նա, ով արել է ավելին եւ ով անձամբ կամ միջնորդավորված չի գնացել գործարքների։