Վանոն բանկում փող ունի ԱԺ յուրաքանչյուր պատգամավոր իր «տքնաջան» աշխատանքի դիմաց ամսական ստանում է 124 հազար դրամ, գումարած 15.000 դրամ՝ պատգամավորական ծախսերի համար, աշխատավարձ։ Այսինքն՝ թե «գերազանցիկ» եւ թե «ծույլիկ» պատգամավորի ամսական աշխատավարձն ընդհանուր կազմում է 139 հազար դրամ։ Իսկ ո՞վ է ստանում Վանո Սիրադեղյանի աշխատավարձը, որը 2000թ. ապրիլի 4-ից մինչ օրս, չի ստացել այն։ Համաձայն ԱԺ կանոնակարգի, ԱԺ պատգամավորը պետք է անձամբ ստանա իր աշխատավարձը՝ ԱԺ գանձապահության համապատասխան մատյանում անձամբ իր ստորագրությունը դնելով։ ԱԺ գլխավոր հաշվապահ պրն Վիրաբյանի պնդմամբ՝ ԱԺ-ը Վանո Սիրադեղյանի աշխատավարձը եւ պատգամավորական ծախսերի համար նախատեսված 15000 դրամը իրենք բանկից չեն ստանում, եւ այդ գումարները մնում են բանկում։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի համոզմամբ, երբ Վ. Սիրադեղյանը վերադառնա, կարող է ցանկացած ժամանակ ստանալ իր այն աշխատավարձերը, որոնք այդ ամիսների ընթացքում կուտակվել են։ «Ի դեպ, նախադեպ եղել է Արշակ Սադոյանի, Շավարշ Քոչարյանի եւ Վազգեն Մանուկյանի հետ կապված։ Նրանց բացակայությունները ԱԺ-ն համարել էր հարգելի, եւ Ա. Սադոյանը եկավ, դիմում գրեց ԱԺ այսօր արդեն նախկին նախագահ Խոսրով Հարությունյանին եւ այդ գումարները ստացավ։ Նույն գործընթացը կիրականացվի նաեւ Վանո Սիրադեղյանի դեպքում»,- ասաց Վ. Դալլաքյանը։ Մինչ օրս որեւէ փաստաթուղթ չկա, որով, օրինակ, Վ. Սիրադեղյանը լիազորագիր տված լիներ, համաձայն որի՝ այդ գումարներն, ասենք, փոխանցվեին որեւէ բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին։ «Այսինքն՝ տվյալ պարագայում, ԱԺ հաշվապահությունը Վանո Սիրադեղյանին հասանելիք գումարը բանկից չի ստացել ԱԺ հաշվին»,- ասաց Վ. Դալլաքյանը։ Վերջինիս խոսքերով, եթե Վ. Սիրադեղյանի բացակայություններն ի վերջո անհարգելի ճանաչվեն, ապա այդ խնդիրը «ավտոմատ» կլուծվի, քանի որ Վ. Սիրադեղյան պատգամավորը կզրկվի ԱԺ պատգամավորական մանդատից։ Հետեւաբար, ըստ Վ. Դալլաքյանի, «Վ. Սիրադեղյանը աշխատավարձ չի ստանա»։ Իսկ թե այդ դեպքում ի՞նչ կլինի Վ. Սիրադեղյանի կուտակված աշխատավարձերի ճակատագիրը, Վ. Դալլաքյանը դժվարացավ պատասխանել. «Ինձ թվում է, պետբյուջե կգնա»։ Ի դեպ, Վ. Սիրադեղյանն ընդգրկված է ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում. «ԱԺ հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի նիստերի եւ ընդհանրապես պատգամավորների բացակայության հետ կապված տաբել է լրացնում, որի հիման վրա իրենք աշխատավարձ են ստանում։ Ես պիտի հանձնաժողովի նիստերին ներկա-բացակա անեմ, եթե չեն գալիս, բացակա դնեմ։ Բայց ես հո մանկապարտեզի վարիչ չեմ, որ պատգամավորներին ներկա-բացակա անեմ։ Ես տաբելը լրացնում եմ, որ բոլորը ներկա են եղել։ Կարծում եմ, մանր վերաբերմունք կլինի հանձնաժողովի նախագահի կողմից, որ ներկա-բացակա անի ու բացակաների դիմաց պատգամավորների աշխատավարձից պահեն։ Ես ինձ նման բան թույլ չեմ տալիս։ Վանոյին էլ ես բացակա չեմ դնում։ Իր անվան դիմաց ոչինչ մեր տաբելում գրած չի՝ ո՛չ ներկա, ո՛չ բացակա»,- խոստովանում է Վ. Դալլաքյանը եւ ավելացնում. «Ամոթ ա, հո դպրո՞ց չի, որ մատյանը հանեմ ներկա-բացակա անեմ, հետո էլ՝ ծնող կանչեմ։ Ես չեմ կարող, ասենք, Վազգեն Մանուկյանից ծնող կանչեմ, որը նախկին վարչապետ է եղել եւ հիմա էլ իմ հանձնաժողովից է»։ Իսկ, օրինակ, տեղեկացանք, որ ԱԺ պաշտպանության եւ ՆԳ հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը միշտ էլ «մատյանը» հանում ու ներկա-բացակա է անում, իսկ թե նա մինչ օրս որեւէ պատգամավորի ծնող կանչել է, թե ոչ, չկարողացանք ճշտել։ Պարզվում է, որեւէ արձանագրություն չի կատարվում, թե պատգամավորը այդ 15000 դրամ պատգամավորական ծախսի դիմաց ստացվող գումարն ինչպես է ծախսում եւ ինչ նպատակների համար։ Ծիծաղելի կլինի հավատալ, որ պատգամավորը հենց այդ «ծախսերն» է հոգում այդ գումարով՝ թուղթ կամ գրիչ գնում իր համար։ Ավելի շուտ պատգամավորներն այդ գումարները շատ արագ մսխում են ԱԺ-ին մոտ բարերում կամ… Միեւնույն է, նրանցից եւ ոչ մեկից որեւէ հաշվետվություն՝ այդ գումարը ծախսելու վերաբերյալ ոչ ոք չի պահանջում։ Իսկ այդ գումարները տարեկան բյուջեով կազմում են շուրջ 7 մլն 235 հազար 720 դրամ։ Ի դեպ, ի տարբերություն այլ պատգամավորների, Վ. Սիրադեղյանը շատ նպատակուղղված է օգտագործում (դեռ չստացած) իրեն հասանելիք պատգամավորական գումարը։ Նա էլփոստով իր ստորագրությունն ուղարկեց՝ հօգուտ ՀՀ նախագահի իմփիչմենթի։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ