«ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔԸ ԹԱՆԿ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» Նախկին ԽՍՀՄ տարածքի հանրապետությունների Աֆղանական պատերազմի վետերանների միություններին են դիմել այդ երկրներում ԱՄՆ դեսպանությունների համապատասխան աշխատակիցներ՝ խորհրդատվություն ստանալու նպատակով։ Հայաստանի Աֆղանական պատերազմի վետերանների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանն էլ հաստատեց, որ խորհրդատվական առաջարկ իրենք էլ են արել։ Առաջին խորհուրդներից մեկն այն էր, որ ԱՄՆ-ը ցամաքային զորքեր չմտցնի Աֆղանստան, ուժեղացնեն Հյուսիսային դաշինքի ուժերը, քանի որ վերջիններս ե՛ւ մարտունակ են, ե՛ւ տեղանքին են լավ ծանոթ եւ արդեն մոտ 10 տարի պայքարում են թալիբների դեմ։ «Փաստորեն, այդ ուղղությամբ էլ պայքար մղվեց, եւ արդյունքները այս մեկ շաբաթում ակնհայտ են, այսօր արդեն գրավեցին Քաբուլը։ Մտավախություն կա, սակայն, որ Աֆղանստանի պատերազմը երկար կտեւի։ Ամերիկացիների ունեցած ուժերին կհաջողվի Աֆղանստանում թալիբներին հեռացնել իշխանությունից, բայց հետագայի իշխանությունների խնդիրներն ավելի մեծ կլինեն, եւ այդ ներքաղաքական, քաղաքացիական պատերազմը դեռ երկար կշարունակվի»։ Ա. Մխիթարյանը դեմ է մեր աֆղանցիների՝ այդ պատերազմին մասնակցելուն, քանի որ ունենք մեր հայրենիքի սահմանների պաշտպանության, Ղարաբաղի խնդիրները։ Ռուսական լրատվամիջոցները նաեւ ասում են, թե նախկին ԽՍՀՄ երկրներից շատ աֆղանցիներ իբրեւ վարձու զինվորներ ընդգրկված են այդ պատերազմում։ Իսկ հայ աֆղանցիներից մասնակցո՞ւմ են։ – Մեր միության անդամներից չեն մասնակցում։ Ես այդ մասին մամուլում եմ կարդացել։ Ինձ թվում է՝ այդ ամենը անօրինական է, երրորդ պետությունների միջոցով են շատերը նման քայլերի դիմում։ Ոչ մի պետության ղեկավար իր համաձայնությունը չի տվել։ … Այն ժամանակ էլ իրենց համար հավատի պատերազմ էր, սրբազան պատերազմ՝ Սովետմիության դեմ։ Իրենք համոզված են եւ մանկուց այդպես են դաստիարակվել, որ հանուն ալլահի կամ հարենիքի մեռնելուց հետո դրախտ են ընկնելու։ Իրենց մարտունակության առաջին պատճառը ինքնազոհությունն է։ Ինչպե՞ս առաջացան թալիբները. նրանք սովետական բանակի հետ պատերազմի որբերն էին հիմնականում, որոնց իսլամական մոլլաները հավաքեցին, եւ այդ ճամբարներում, ցավոք, ԱՄՆ-ի եւ Պակիստանի ֆինանսավորմամբ ստեղծվեց այդ մեքենան, որը հետագայում՝ 94 թվից, Աֆղանստանում վերցրեց օրինական իշխանությունը։ Այսօր նույն Հյուսիսային դաշինքի ուժերն են Աֆղանստանում հետ վերցնում իրենց նախկին թողած իշխանությունը։ Ընդհանրապես ապօրինաբար, բռնի, զենքի ուժով ով գալիս է իշխանության, այդ երկիրը գնալով փլուզվում է: Այսօր Հայաստանի Աֆղանստանի պատերազմի վետերանների միությունն ունի 3700 անդամ, 500-ից ավելին աշխատանք չունենալու պատճառով հեռացան Հայաստանից՝ Ռուսաստան, Ուկրաինա եւ այլն։ Պետության կողմից օգնություն չի ցուցաբերվում. «Ես աշխատում եմ տղաներին որոշ աշխատանքների գոնե տեղավորել, որ կարողանան սոցիալական ինչ-ինչ հարցեր լուծել։ Հասարակական կազմակերպություններից երեւի միակն ենք, որ ամեն ամիս 10-25 հազար դրամ օգնություն ենք տալիս զոհվածների ընտանիքներին։ Լուրջ խնդիրներ ունենք հատկապես հաշմանդամների պրոթեզավորումների, բուժման հետ կապված»։ Ա. Մխիթարյանի հետ մեր զրույցը շարունակվեց այլ ուղղությամբ՝ Աֆղանստանի եւ Ղարաբաղի պատերազմից հետ վերադարձածների այս իրականության մեջ գոյություն պահպանելու շուրջ։ Տարիներ առաջ ձեւավորվեց «աֆղանական սինդրոմ» երեւույթը, որը դեռ չհաղթահարած՝ Աֆղանստանում կռված հայ տղաները մեկնեցին ղարաբաղյան պատերազմ։ «Այդ դաժան պատերազմից վերադառնում էին տուն, մի մասը՝ հաշմանդամ, մյուսը՝ զոհված ընկերների կորստով, վերքերով, հիշողություններով։ 94-95 թթ. ով ասում էր, թե կռվել է Աֆղանստանում, այստեղ շատերը ծիծաղում էին, որովհետեւ գաղտնի պատերազմ էր։ Իրենք լքված էին եւ են թե՛ պետության, թե՛ հասարակության կողմից։ Անարդարության զգացումից, հոգեկան ծանր ապրումներից են առաջանում նման սինդրոմները եւ այլ հետեւանքները, ինչպես՝ հանցագործությունները»։ Որքան հայտնի է, այդ պատճառներից դրդված հաճախ էին նաեւ ինքնասպանության դեպքերը։ «Այո՛, նման բազմաթիվ դեպքեր ունենք։ Եվ շատ հանցագործությունների ենք ականատես լինում կամ լսում, որ ասենք Ղարաբաղյան պատերազմի մի ինչ-որ զինվոր հանցագործություն է կատարում։ Հիշո՞ւմ եք, վերջերս էլ Գորիսում մեկը պատանդներ էր վերցրել, ՆԳՆ-ն գնաց, սպանեցին։ Երբ պետությունը չի մտածում իր զինվորի հետագա ճակատագրի մասին, նման հետեւանքներ են լինում։ Ռուսաստանի բանտերում 10 հազարից ավելի Աֆղանստանի պատերազմի վետերաններ կան։ Հայաստանում, ցավոք, վիճակագրական տվյալներ չկան, բայց Ղարաբաղյան պատերազմի շատ վետերաններ կան այսօր մեր բանտերում։ Ինչի՞ց եղավ, կարո՞ղ է՝ այդ մարդիկ հանցագործ են ծնվել, այդ իրավիճակը ստեղծվել է, չէ՞»։ Երբեմն-երբեմն թռուցիկ լսում ենք նաեւ հենց պատերազմի դաշտում եղած «կեղտերի», անարդարությունների մասին, որը շրջանցվում է։ Ա. Մխիթարյանը ցավով հիշեց որոշ թվեր. «Խորհրդային բանակը 10 տարվա պատերազմի տարիներին 14000 զինվորի եւ սպայի կորուստ տվեց, իսկ Աֆղանստանի ժողովուրդը՝ մոտ 1 միլիոն։ Պատերազմի ժամանակ ամեն մի զոհվածի համար ծառայական քննություն էր կատարվում, թե ինչո՞ւ այդքան զոհ եղավ, հրամանատարը մեղավորություն ունե՞ր, թե՞ ոչ։ Մեր Ղարաբաղյան պատերազմում հարյուրավոր անտեղի զոհեր ենք տվել եւ եթե մի քիչ պրոֆեսիոնալ լինեինք՝ կորուստ քիչ կլիներ։ Զինվորի կյանքը թանկ պետք է լինի պետության համար։ Իսկ այսօր տեսնում ենք, որ լավագույն հրամանատարների մեծ մասը մարտի դաշտում չզոհվեցին, այլ խաղաղ պայմաններում նրանց կորցրինք։ Այդ անարդարությունները ամեն զինվորի աչքի առջեւ է, բայց պատերազմի հողի վրա ընդմիշտ փակվեցին ու երեւի չեն էլ անդրադառնա։ Պատճառները պետք է ուսումնասիրել, շատ երկրներում հատուկ ինստիտուտներ են աշխատում պատերազմի հետեւանքների ուսումնասիրությամբ։ Միայն Հայաստանում է այս վիճակը»։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ Հ. Գ. Ա. Մխիթարյանը վերջերս կրկին դիմել է իշխանություններին՝ Աֆղանստանի պատերազմի վետերաններին որեւէ պանսիոնատ կամ առողջարան տրամադրելու հարցով։ Վարչապետ Ա. Մարգարյանը տվել է իր համաձայնությունը. շուտով երեւի կլուծվի այս հարցը։ Կամրագրենք, որ առաջին անգամ պետությունը ձեռք մեկնած կլինի։