Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

20-ԱՄՅԱ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱՆ

Նոյեմբեր 16,2001 00:00

20-ԱՄՅԱ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱՆ Օրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տոն էր։ Այս տարի լրանում է Գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական ֆիլհարմոնիայի գործունեության 20 տարին։ 1981 թվականին կենտրոնի տնօրեն Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ հիմնադրվեց Մանկական ֆիլհարմոնիան, որի նպատակն էր, ինչպես նշեցին հանդիսության կազմակերպիչները, «պրոֆեսիոնալ ճիշտ ուղու վրա դնել մանուկների երաժշտական եւ պարային դաստիարակության գործը։ Աշխատանքի հրավիրվեցին բանիմաց, հմուտ մասնագետներ, հարյուրավոր տղաներ ու աղջիկներ ընդգրկվեցին ֆիլհարմոնիայի ավանդական ժողովրդական, դասական եւ ժամանակակից արվեստը ներկայացնող խմբերում ու ստուդիաներում»։ Տոնական համերգը սկսվեց ֆիլհարմոնիայի երգ ու պարի «Գորանի» համույթի ելույթով։ Նրանց հետեւեցին «Հայկական զարդանախշեր», «Էլենը եւ երեխաները», «Ժպիտ» եւ այլ խմբեր, որոնց ղեկավարներն իրենց փոքրիկ նվերները հանձնեցին Մանկական ֆիլհարմոնիային՝ 20-ամյա հոբելյանի առիթով։ Շնորհավորելու էին եկել նաեւ Հայաստանի «Ջազ ակումբի» նախագահ Լեւոն Մալխասյանը, երգչուհիներ Վարդուհի Վարդանյանը, Լեյլա Սարիբեկյանը։ Ներկա չէր միայն Հ. Իգիթյանը, որն այս օրերին Մոսկվայում մասնակցում է այնտեղ կազմակերպված Հայաստանի մշակույթի տասնօրյակին։ Համերգի ավարտին պրն Իգիթյանը հեռախոսազանգով շնորհավորեց կենտրոնի բոլոր աշխատողներին՝ հղելով իր խոսքերը. «Մեր կենտրոնի ուսուցիչները աշխարհի ամենալավ, ամենատաղանդավոր ուսուցիչներն են, մեր կենտրոնի երեխաները աշխարհի ամենալավ եւ ամենատաղանդավոր երեխաներն են»։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել