Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄՈՌԱՑՎԱԾ ԹԱՂԱՄԱՍԸ

Նոյեմբեր 16,2001 00:00

ՄՈՌԱՑՎԱԾ ԹԱՂԱՄԱՍԸ Երեւանի հյուսիս-արեւմտյան մասում, Աշտարակ մեկնող խճուղու հարեւանությամբ կա մի բնակավայր, որին ասում են «Նորաշեն» կամ 16 թաղամաս։ Մի ժամանակ այդ տեղամասը հարուստ այգեստան էր, այն եղել է Շահումյանի շրջանի Անաստասավան գյուղի կոլտնտեսության այգիների ամենաառատ անկյուններից մեկը, որտեղ աճում էին բազմաթիվ մրգատու ծառեր։ Այսօր դժվար է ասել՝ ո՞ւմ կողմից վերացվեց այգին եւ տեղը կառուցվեց այս «չարաբաստիկ» թաղամասը։ Դեռեւս 1988թ. լուսահոգի Կ. Դեմիրճյանը մի խումբ աշխատակիցների հետ (այն ժամանակ թիկնապահներ չկային, ինչպես այժմ) այցելեց նորակառույցը՝ ծանոթանալու բնակիչների (գրեթե բոլորը երիտասարդ ընտանիքներ էին) առօրյային, նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին։ Շատ սրտաբուխ զրույց սկսվեց նրա ու բնակիչների միջեւ։ Ըստ Կ. Դեմիրճյանի, թաղամասը պետք է լիներ օրինակելի, իր հանգստյան գոտիներով, կանաչ պուրակներով եւ ցուցադրվեր զբոսաշրջիկներին։ Կ. Դեմիրճյանը արգելեց նաեւ ավտոտնակներ տեղադրելը։ Բայց այդ արգելքը երկար չտեւեց, նրա աշխատանքից ազատվելուց անմիջապես հետո բնակիչները գործի անցան։ Բոլոր կանաչ գոտիներն ու պուրակները քանդվեցին (նույնիսկ մանկապարտեզի տարածքը) եւ տեղը ավտոտնակներ տեղադրվեցին՝ թաղամասը զրկելով տեսքից։ Դա դեռեւս չարիք չէ։ Չարիքն այն է, որ թաղամասը դուրս է մնացել բոլոր իշխանավորների տեսադաշտից, որեւէ մեկը չի այցելում այստեղ՝ իմանալու բնակիչների հոգսերը։ Կարծես այս թաղամասը Երեւան քաղաքի խորթ զավակը լինի։ Եթե Հայաստանի բոլոր քաղաքներն ու ավանները ջեռուցվեն, այստեղի բնակիչները երբեք չեն պատկերացնում, որ դա կվերաբերի 16-րդին։ Վերջին տարիներին ջեռուցման նոր գծեր անցկացրին, ջերմամեկուսացմամբ, որն այժմ անտարբերության է մատնված, կառուցածը քանդվել է, թափվել ջերմամեկուսացման շերտը։ Վատ է նաեւ ջրամատակարարումը (բացառությամբ վերջին 1-2 շաբաթներից), էլ չենք խոսում այդ բարձրահարկ շենքերի կտուրների մասին։ Օրինակ, 31-րդ շենքը կոոպերատիվ է, չգիտես դրա տերն ով է, ոչ մի վերանորոգման աշխատանք չի տարվում։ Շենքի 1-ին հարկում մարդիկ առանձին անկյուններ են ստեղծել իրենց առեւտրական գործարքների համար։ 16 թաղամասը ասես ժայռին թառած արծիվ լինի, որը մենակ, մռայլ ու խռով նայում է Երեւան քաղաքին, անմասն մնալով նրա անցուդարձին։ Թերեւս այդ անտարբերությունն է պատճառը, որ թաղամասի բնակիչները ուզում են բնակարանները վաճառել ու հեռանալ այստեղից։ Այստեղ բնակարանների գինը զգալիորեն ցածր է՝ համեմատած Երեւանի ցանկացած անկյան հետ։ Գուցե այս երկտողը լույս տեսնելուց հետո վերադասը հիշի, որ երբեմնի փառքը ապրած «Նորաշեն»-16 թաղամասում եւս մարդիկ են ապրում։ ԱՂՎԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ Աշխատանքի վետերան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել