Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Աշտարակ» հեռուստատեսության աշխատակիցների լրացուցիչ պարզաբանումները

Նոյեմբեր 16,2001 00:00

«Աշտարակ» հեռուստատեսության աշխատակիցների լրացուցիչ պարզաբանումները Մենք՝ «Աշտարակ» կաբելային հեռուստատեսության այժմ արդեն նախկին աշխատակիցներս, «Առավոտ» օրաթերթի ս/թ նոյեմբերի 9-ի համարում կարդացինք Նաիրա Մամիկոնյանի «Աշտարակ» հեռուստատեսության մասին հոդվածը եւ որոշեցինք դիմել ձեզ՝ վերոհիշյալ հոդվածին առնչվող, ոչ պակաս կարեւոր մանրամասներ հաղորդելու նպատակով։ Առաջին հերթին մենք ափսոսանք ենք հայտնում, որ առիթ չենք ունեցել հանդիպելու եւ զրուցելու լրագրողի հետ, ինչը եւ, մեր համոզմամբ, պատճառ հանդիսացավ «Աշտարակ» հեռուստատեսության շուրջ ծավալվող իրադարձությունների միակողմանի եւ մակերեսային լուսաբանմանը։ «Աշտարակ» հեռուստատեսության ֆինանսատնտեսական գործունեությունը հարկային տեսչության եւ ներքին գործերի աշխատակիցների կողմից ստուգվել է համաձայն մեր՝ ս/թ օգոստոսի 29-ին գրված դիմումների, քանի որ մենք շուրջ մեկ տարի աշխատավարձ չենք ստացել եւ իմանալով, որ տնօրինությունը ունեցել է վարձատրելու հնարավորություն, բայց չի վարձատրել, ս/թ օգոստոսի 27-ին հայտարարել էինք գործադուլ եւ խնդրել էինք աջակցել մեր օրինական պահանջների արդարացի լուծմանը։ Սակայն «Աշտարակ» հեռուստատեսության տնօրեն Վ. Բոցինյանը մեր՝ իրավունքները օրենքի սահմաններում պաշտպանող աշխատակիցներիս արդարացի պահանջները անձնական վիրավորանք համարելով, բոլորիս հեռացրեց աշխատանքից։ Այսպես, ուրեմն. ս/թ հոկտեմբերի 4-ին հեռուստատեսության թողարկիչներին կանչելով աշխատավայր, շանտաժի միջոցով փորձեց ստիպել նրանց հրաժարվելու արդարացի պահանջներից։ Չհասնելով արդյունքի, տնօրեն Վ. Բոցինյանը շատ կոպիտ ձեւով վռնդում է աշխատավայրից, իսկ երկու շաբաթ անց, հոկտեմբերի 18-ին, հեռացնում է աշխատանքից՝ աշխատանքի չներկայանալու եւ հեռուստատեսության հեռարձակումը խափանելու պատրվակով։ Նույն բախտին են արժանանում նաեւ տեխնիկական կազմի աշխատողները, որոնք էլ հեռացվում են աբոնենտներին վատ սպասարկելու, պարտականությունները չկատարելու եւ աշխատանքի չներկայանալու պատրվակով։ Իսկ ամենազարմանալին այն է, որ բոլոր աշխատակիցները աշխատանքից հեռացվում են այն ժամանակ, երբ «Աշտարակ» հեռուստաստուդիան պաշտոնապես զրկված է եղել հաղորդումներ հեռարձակելու իրավունքից։ Հիմք ընդունելով մամուլի մասին օրենքի 24-րդ հոդվածը, խնդրում ենք տպագրել մեր պարզաբանումը։ Հարգանքներով՝ «Աշտարակ» հեռուստատեսության նախկին աշխատակիցներ՝ ԼԵՎՈՆ ՌԱՄԱԶՅԱՆ Գլխավոր ինժեների ժամանակավոր պաշտոնակատար ՀԱՄԼԵՏ ԳԱԼՍՏՅԱՆ Ինժեներ ԱՐԹՈՒՐ ՂՈՆԱՂՉՅԱՆ Գծային մեխանիկ ՍՈՒՍԱՆՆԱ ԱՂՈՒՄՅԱՆ Հեռուստաթողարկիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել