Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ տասը տարի հանրապետությունում մարզական մասսայական միջոցառումները գրեթե մոռացության էին մատնվել։

Նոյեմբեր 16,2001 00:00

ՎԱՍՏԱԿԱԾ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄՆ ՍԿՍՎԵՑ ԳՅՈՒՄՐԻԻՑ Շուրջ տասը տարի հանրապետությունում մարզական մասսայական միջոցառումները գրեթե մոռացության էին մատնվել։ Մարզաշխարհի ղեկավար պատասխանատու անձերը գերազանցապես նախապատվությունը տալիս էին մեծ սպորտին, ասես մոռանալով, որ ազգին, պետությանը նախ եւ առաջ առողջ քաղաքացիներ են հարկավոր։ Այս կարեւոր բացը լրացնելու համար «Սպորտը բոլորի համար» հասարակական կազմակերպությունում մասնագետներն անցած տարի մտածեցին հանդես գալ նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով խթանել հանրակրթական դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի զարգացումը (գաղտնիք չէ, որ այս առարկան չափազանց անմխիթար վիճակում է)։ Ու քանի որ դա լինելու էր մեծ գործի սկիզբ, գնահատելով հնարավորությունները, որոշվեց կազմակերպել 1-3-րդ դասարանների սովորողների շուրջտարյա մրցություն, որին ԱԺ համապատասխան հանձնաժողովի հավանությամբ տրվեց «Ազգային ժողովի գավաթ» անվանումը։ Մրցաձեւերն էլ ընտրելիս հիմք ընդունվեց առարկայի դասավանդման ծրագիրը՝ 30 մետր վազք, թենիսի գնդակի նետում, սեղմումներ հատակից եւ հեռացատկ տեղից։ Հաստատելով նաեւ հանրապետական մակարդակի նախաձեռնության կազմակերպման կանոնադրությունը՝ այն բաժանվեց Հայաստանի բոլոր 1406 դպրոցներին։ Առաջին փուլում՝ ներդպրոցական մրցումներ, հաղթողներն անցան երկրորդ՝ ընտրատարածքային, այստեղ աչքի ընկածները՝ մարզային առաջնություն եւ դրանից հետո կազմակերպվեց հանրապետական մրցությունը՝ հոկտեմբերի 7-ին, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում։ Եզրափակիչին մասնակցեց 11 թիմ, յուրաքանչյուրում՝ 9-ական երեխա։ Արդյունքների ամփոփումով հաղթող ճանաչվեց Գեղարքունիքի մարզի թիմը, նրան հաջորդեցին Շիրակի մարզն ու Երեւանը։ Երեկ կազմակերպիչները Գյումրիում սահմանված մրցանակները հանձնեցին 2-րդ տեղը գրաված այս քաղաքի թիվ 6 եւ թիվ 14 դպրոցներին։ – Բարեբախտաբար, այս նախաձեռնությանը միացան նաեւ սպորտի պետական կառույցը, ազգային օլիմպիական կոմիտեն։ Վերջինս, ի դեպ, ժամանակին միջնորդեց ՄՕԿ-ի առջեւ, որն էլ մեծագույն հաճույքով մրցումների անցկացումը վերցրեց իր հովանու ներքո, ֆինանսական միջոցներ հատկացրեց (շուրջ $5000),- ասաց «Սպորտը բոլորի համար» կազմակերպության նախագահ Հարություն Յավրյանը։ – Կազմկոմիտեն ինչպե՞ս է տնօրինել գումարները։ – Հոգացել ենք եզրափակիչ փուլի բոլոր ծախսերը, սկսած թիմերի՝ Երեւան գալու ծախսերից մինչեւ մրցավարություն, մրցանակներ, այդ թվում՝ նաեւ հաղթող թիմերի։ – Ի՞նչ մրցանակներ են սահմանվել։ – ՀԱՕԿ-ն այսօր եւ հաղթող դարձած բոլոր 9 թիմերին այցելելիս կրթօջախներին կհանձնի ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, մինի ֆուտբոլի բարձրորակ գնդակներ, ֆիզկուլտուրայի ուսուցչին եւ դասվարին՝ մարզահագուստ, ԱԺ-ն իր հերթին հաղթող մարզերի թիմերին ապահովել է մարզազգեստով, բասկետբոլի եւ վոլեյբոլի ցանցերով, շախմատով, սեղանի թենիսի եւ բադմինտոնի պարագաներով, թենիսի գնդակներով, մարզական թեմայով դասագրքերով, այլ գույքով։ Որ այս լավ նախաձեռնությունն արդեն իսկ կյանքի ուղեգիր է ստացել եւ տարեցտարի ընդլայնելու է ընդգրկման ոլորտները՝ գովելի է։ Հանրապետական բոլոր դպրոցների շուրջ 70 տոկոսն ակտիվորեն ներգրավվել է միջոցառման ոլորտ։ Սակայն պարզեցինք նաեւ, որ ամեն բան չէ, որ բավարար մակարդակով է ընթացել։ Մասնավորապես, երկրորդ փուլում, որի կազմակերպման պատասխանատվությունը գլխավորապես դրված է եղել տեղերից ընտրված պատգամավորների վրա, ժողովրդի ընտրյալները որոշ ընտրատարածքներում գրեթե ձախողել են նախաձեռնությունը՝ չկատարելով պատգամավոր դառնալու համար ընտրարշավի ժամանակ ժողովրդին տված իրենց խոստումների այն մասը, որում պարտավորվել են մանդատ ստանալուց հետո մշտական ուշադրության կենտրոնում պահել հատկապես աճող սերնդի առողջության պահպանման եւ ամրապնդման գործը, աջակցել ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը։ Մասնավորապես, ընտրատարածքային փուլը վատ է անցկացվել Տավուշում, Վանաձորում, Սյունիքում, Երեւանում։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել