ՆԳՆ-ի առաջարկը հոմոսեքսուալիստներին Հելսինկյան հայկական ընկերակցությունը հրավիրել էր ասուլիս «Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը» թեմայով, ուր ներկայացվեցին մարդու իրավունքների ոտնահարման օրինակները եւ դրանք ծնող օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները։ Ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը մտահոգված էր Հայաստանում քաղբանտարկյալներ չլինելու վերաբերյալ Եվրախորհրդում արված հայտարարության կապակցությամբ։ Նա գտնում էր, որ մեր երկրում Եհովայի վկաների դատապարտման փաստեր կան, մինչդեռ վերջիններս Եվրախորհրդի չափանիշներով քաղբանտարկյալներ են։ Մթնոլորտը հատկապես շիկացավ 50 զինծառայողների սպանության, մասնավորապես՝ Գալուստ Դիլանյանի «ինքնասպանության» դեպքերը ներկայացնելիս, հնչեցին բուռն մեղադրանքներ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հասցեին։ Փաստաբան Հովիկ Արսենյանն էլ զարմացած էր մեր երկրում հանցագործությունների բացահայտման մեծ չափերից (շուրջ 80%), այն դեպքում, երբ «քաղաքակիրթ աշխարհում այդ թիվը չի անցնում 15-20%-ից»։ Նա փաստեց, որ «գործ հարուցելուց անմիջապես հետո նախաքննական մարմինը դառնում է իր իսկ հարուցած գործի ստրուկը, դրա համար էլ ստիպված գործը կալանքով է մտնում դատարան»։ Ավելին, վերջինիս պնդմամբ՝ «վարույթ իրականացնող մարմինը, փաստերի ճնշման տակ, նաեւ՝ արհեստական ապացույցների միջոցով, խեղաթյուրում է օբյեկտիվ իրականությունը»։ Տպավորություն կար, որ ասուլիսի ընթացքում խնդիր էր դրված խոսել հատկապես Եհովայի վկաների «ոտնահարված», իրավունքների մասին, որոնց իբր Հայաստանում հալածում են ու թշնամանքով վերաբերվում։ Հիշատակվեց Ապարանի օրինակը, երբ ոստիկանների մի խումբ, քահանայի ղեկավարությամբ, «հարձակվել» էր վերջիններիս վրա։ Սակայն աղանդի հետեւորդների՝ գործ հարուցելու պահանջը մերժվել էր։ Մ. Դանիելյանը անդրադարձավ նաեւ Ղարաբաղում զինվորական ծառայությունն ավարտած երիտասարդներին բաց չթողնելու եւ նրանց ծնողներին տված «պաշտոնական» այն պատճառաբանությանը, թե վիճակն այնքան լուրջ է, որ «հայերն ու ադրբեջանցիներն արդեն քարերով են կռվում»։ Սեռական փոքրամասնություններին ասուլիսավորները նույնպես չմոռացան, հիշեցին նրանց շրջանում կատարված 7 սպանության դեպքերը։ Իսկ Հելսինկյան ընկերակցության նախագահն էլ հայտարարեց, թե նրանցից «փող են կորզում, առաջարկում համագործակցել իրավապահ մարմինների հետ՝ սպառնալով 116 հոդվածով»։ Կրքերի բորբոքման արդյունքում «սրի քաշեցին» նաեւ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանին՝ մեղադրելով «Իրտեկ» ՓԲԸ-ին հովանավորելու մեջ։ Իսկ «Իրտեկի» «ախոյան» «Ջոինթ ֆայնենշլ գրուպ» ՍՊԸ-ի նախագահ Անդրանիկ Քարամյանը ներկայացրեց իրենց միջեւ ծագած վեճը։ Պարզվեց, որ էլեկտրոնային տարբերակով իրավանորմատիվ ակտերի հրապարակմամբ զբաղվող «Իրտեկը» դատի էր տվել «Ջոինթ ֆայնենշլին» (ըստ Քարամյանի՝ շուկան իրենց հետ կիսել ցանկացող մի խումբ երիտասարդների «չհանդուրժելու» պատճառով) եւ «անիրավացիորեն» շահել դատը։ Հելսինկյան հայկական ընկերության նախագահ Մ. Դանիելյանը այս եւ ընդհանրապես մարդու իրավունքների բոլոր ոտնահարումների պատճառը տեսնում էր «անպատժելիության մթնոլորտի, 96թ. ոչ լեգիտիմ ընտրությունների եւ ոչ լեգիտիմ Սահմանադրության» հիմքում, բայց կոնկրետ ուղիներ այդպես էլ չառաջարկեց։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ