Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մինչ

Նոյեմբեր 16,2001 00:00

ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ… ՔՐԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ Մինչ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը երեկ կմերժեր քաղաքացի Ռուբեն Հակոբյանի հայցը (հեղինակային իրավունքի պաշտպանության համար 10 հազար դոլարի պահանջով) ընդդեմ HSBC-ի, նույն դատարանին կից դահլիճում դատավոր Պարգեւ Օհանյանի նախագահությամբ քննության էր դրվելու թիվ 13201001 քրգործը։ Այն առնչվում էր փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին եւ մասնավորապես՝ դատավոր Գայանե Կարախանյանին։ Սույն պատմության մեխը հունվարի 25-ի այն չարաբաստիկ օրն է, երբ հնչեց նույնքան չարաբաստիկ բառը. «անգրագետ»։ Փաստաբան Ն. Բաղդասարյանի այս մի բառն էլ պատճառ է դարձել նրա նկատմամբ քրգործ հարուցելուն։ Փաստաբան Ն. Բաղդասարյանը, երեկվա դրությամբ, փաստացի ունի 48 պաշտպան, որից դատարան էին ներկայացել մոտ 20-ը։ Փաստաբան Ն. Բաղդասարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը միջնորդեց, որ հետաձգվի դատական նիստը, քանի որ իրենք պետք է քննարկեն բացարկ հայտնելու հարցը։ Եվ, որովհետեւ դա պետք է քննարկվի Ն. Բաղդասարյանի պաշտպանների մասնակցությամբ, ուստի անհրաժեշտ է ժամանակ։ Մեղադրող Պերճ Տեր-Հարությունյանը նշեց, որ մնացյալ պաշտպանների բացակայությունը, իհարկե, խանգարող հանգամանք չէ, սակայն միացավ վերոնշյալ միջնորդությանը։ Ն. Բաղդասարյանի մեկ այլ պաշտպան նշեց միայն մեկի՝ Հայկ Ալումյանի բացակայությունը հարգելի համարելու մասին, քանի որ վերջինս գտնվում է ԼՂՀ-ում՝ մեկ այլ քրգործով։ Դատավոր Պ. Օհանյանը հետաձգեց նիստը, ասելով, որ «ոչ այն հիմքով, որ ոչ բոլորն են ներկա», իհարկե չասելով, թե այդ դեպքում որ հիմքով։ Դատավորը խոստացավ. «Ես հնարավորություն կտամ բացարկը ճշտելու»։ Անշուշտ, ծանր փորձության առաջ են կանգնած հայ փաստաբանները, նրանց ետեւում՝ իրենց միությունները։ Նրանց գործընկերոջ նկատմամբ հարուցված է քրգործ։ Առաջին անգամ փաստաբանները կարծես մարսեցին փաստաբան Կրոմվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրգործը եւ Կրոմվելին նմանօրինակ դատավարությանը թողեցին մեն-մենակ։ Ն. Բաղդասարյանի դեպքում կարծես նույնը կրկնվում է. 2-րդ անգամ եմ նրանց հանդիպում դատարանում, իսկ փաստաբաններին մի տեղ, մի գործով հավաքել, կարծես, չի լինում։ Հետաքրքիր է այս քրգործում ներգրավված 7 վկաների ցուցմունքները։ Վկաներից՝ ուղեկցող վաշտի միլիցիոներ Վ. Սարգսյանը ցուցմունք էր տվել, որ «ամբաստանյալ» փաստաբանն անգրագետ է անվանել դատավորին, եւ երբ վերջինս «փաստաբանին կարգի է հրավիրել, նախազգուշացրել, որ նա դատարանին չվիրավորի, Ն. Բաղդասարյանը շարունակել է, ասել է, որ դա իր կարծիքն է»։ ՆԳՎ ուղեկցող վաշտի մեկ այլ միլիցիոներ՝ Ս.Սաղոյանը, ցուցմունք է տվել, որ դատական նիստը բացվելուց հետո (ժ. 13։00) փաստաբան Ն. Բաղդասարյանը բացարկ է հայտնել դատարանի դեմ եւ հայտարարել է, որ դատավոր Գ. Կարախանյանն անգրագետ է։ «Դատավորը պահանջել է, որ նա չվիրավորի դատարանին, նախազգուշացրել է պատասխանատվության մասին, սակայն Ն. Բաղդասարյանը կրկին անգամ հայտարարել է, որ դատավորը բացարձակ անգրագետ է, եւ պնդել է, որ իր բառերը մտցվեն արձանագրության մեջ»։ Ի դեպ, մեղադրող կողմն իր հերթին ֆիքսել է, որ Ն. Բաղդասարյանն այդ արարքը թույլ է տվել «դատավորի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու դիտավորությամբ» եւ «արդարադատության իրականացման կապակցությամբ»։ Որքան թույլ է տալիս իմ իրազեկությունը, մեզանում, կարծես, սահմանված չէ «պաշտոնատար անձանց, դատավորներին վիրավորանքներ հասցնելու» ցանկը։ Կամ էլ ընդունված չեն նրանց վիրավորելն արգելելու մասին օրենքներ։ Սակայն կա մի քարացած արդարադատություն իրականացնելու հանգամանք։ Արդարադատություն իրականացնողին թթու խոսք ասելը… վը՛-նա՛-սա՛։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել