Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեռ 2 տարի առաջ, խաղահրապարակին կից, անօրինական ճանապարհով «ժեշտից» ավտոտնակը տեղադրելու ժամանակ, բն

Նոյեմբեր 16,2001 00:00

Եկա, տեսա… մոռացա Դեռ 2 տարի առաջ, խաղահրապարակին կից, անօրինական ճանապարհով «ժեշտից» ավտոտնակը տեղադրելու ժամանակ, բնակիչների դժգոհություններին ի պատասխան, վերջիններիս հավաստմամբ, ՆԳ 2 աշխատակիցների կողմից հնչել էր «ուզում եք տրակտորե՞նք ձեզ» սպառնալիքը։ «Առավոտի» 3.07.2001թ. «Կդադարեցվի՞ հերթական ապօրինի շինարարությունը» հրապարակման մեջ թերթն արդեն անդրադարձել էր այդ խնդրին։ Խոսքը Իսահակյան եւ Թումանյան փողոցների թիվ 38 եւ 6 շենքերի բնակիչների բողոքի մասին էր, որտեղ ասվում էր, որ նույն շենքի թիվ 54 բնակարանի բնակիչ Ա. Սարգսյանը, զբաղեցնելով հանգստի գոտին, երեխաների խաղահրապարակին կից ապօրինի տեղադրել էր մետաղյա ավտոտնակ։ Ինչի առիթով բնակիչներն իրենց դիմում-բողոքներով դիմել էին Կենտրոն համայնքի ղեկավար Արարատ Զուրաբյանին, Բնակարանային եւ կոմունալ տնտեսության բաժնի պետ Վահագն Հայոցյանին։ «Առավոտի» այն հարցին, թե խմբագրություն դիմած շենքերի բողոքող բնակիչները կարո՞ղ են հուսալ, որ որեւէ միջոց կձեռնարկվի այդ շինարարությունը դադարեցնելու համար, պրն Հայոցյանը պատասխանել էր. «Այո, անպայման ամեն ինչ կարվի»։ Օրերս վերը նշված խնդրի առիթով թերթի խմբագրություն էր եկել նույն հասցեում բնակվող Վիլիկ Խուրշուդյանը, որի խոսքերով. «Արդեն երկու տարի է, ինչ այս խնդիրը լուծում չի ստանում։ Սկզբում բերեցին, «ժեշտի» կտորները տեղադրեցին՝ տարածքում տեղ զբաղեցնելու համար, հետո մեկ ուրիշ հարեւան բակի մի հատված կտրեց, թե՝ «խորովածանոց եմ սարքում»։ Կողքի բակից մեկ ուրիշը պատը քանդեց, դուռ բացեց, ավտոտնակ կառուցեց։ Համապատասխան կառույցների համար ոչ ոք չի անհանգստանում, տիրություն չի անում։ Բազմիցս բողոքել ենք քաղաքապետարան, Կենտրոնի թաղապետարան։ Եկել են, տեսել, խոստացել, սակայն՝ ապարդյուն։ Բնակիչների բողոքներից հետո Ա. Սարգսյանը մետաղյա ավտոտնակը հանելու փոխարեն այն փոխարինեց քարով։ Մեր անհանգստություններին ի պատասխան, թաղապետարանի աշխատակիցը պատասխանել էր՝ «ձեզ համար ի՞նչ տարբերություն՝ ժեշտի՞ց է, թե՞ քարից»։ Ո՞նց թե ինչ տարբերություն, մենք բողոքում ենք, որ հանեն, տարածքն ազատեն, իրենք ասում են՝ թող քարից լինի։ Բակը կենտրոնում է, լավ տեղ է եւ ամեն մարդ աշխատում է տարածք զբաղեցնել, որովհետեւ «վաղը» դա փող է, վաճառելու են-գնան։ Այդ ավտոտնակի տերը հիմա այստեղ չի, մեկնել է ԱՄՆ։ Մինչեւ հունվար կամ էլ ընդհանրապես չի գալու։ Գործն այդպես քնեցնում են, մոռանում»։ Նա պատմեց, որ իրենց բակում ապրել եւ ապրում են ճանաչված մարդկանց որդիներ, որոնց մեքենաներն այսօր էլ դրսում են կանգնում։ Անդրադառնալով բնակչի բողոքին, «Առավոտը» կրկին փորձեց դիմել պրն Հայոցյանին։ Նրա խոսքերով. «Թող սպասեն, այդ հարցը լուծվելու է»։ Ե՞րբ… մետաղյա ավտոտնակը քարաշեն դարձնելուց հետո՞։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել