Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բնապահպանական

Նոյեմբեր 16,2001 00:00

ՊԱՀՊԱՆԵՔ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՅՆ «ՊԱՀՊԱՆՈՂՆԵՐԻՑ» Բնապահպանական թեմաներով միջոցառումներին՝ անկախ դրանց մասշտաբներից, կազմակերպիչները սովորաբար փայլ ու շուք են հաղորդում, ներկաները լուրջ ու մտահոգ տեսք են ընդունում՝ իրենց եւ շրջապատին համոզելու համար, թե ինչքան են կարեւորում բնության եւ շրջակա միջավայրի պահպանության խնդիրները, ինչ համապատասխան պատշաճությամբ են դրանց վերաբերվում։ Այս առումով շատ տխուր տպավորություն թողեց ԱՊՀ միջպետական բնապահպանական խորհրդի (ՄԲԽ) 12-րդ նստաշրջանը՝ անուղղակիորեն ցուցադրելով, թե իրականում ինչքան ձեւական է այդ խնդիրների, այսպես ասած, կարեւորումը։ Շատ քիչ երկրներ էին բնապահպանության նախարարի մակարդակով ներկայացել։ Վրաստանում, օրինակ, այժմ կառավարություն է ձեւավորվում, այնպես որ՝ երկիրը ՀՀ-ում դեսպանության մի խորհրդական էր ներկայացնում՝ դիտորդի կարգավիճակով։ Հայաստանը Վարդան Այվազյանն էր ներկայացնում, որը հազիվ էր զսպում հրճվանքը, երբ հայտարարվեց, որ նա է նստաշրջանը նախագահելու։ Այդ «բարձր վստահությունը», ինչպես արտահայտվեց եւ ինչի համար ներկաներից շնորհակալ եղավ պրն Այվազյանը, նրան իրականում տրվեց համաձայն աշխատակարգի՝ իբրեւ հյուրընկալ երկրի համապատասխան նախարարի։ Այնպես որ, ընտրված թամադայի արտահայտությունը պրն նախարարի դեմքին ամենեւին տեղին չէր։ Ի դեպ, թամադայի թեմաներով։ Երեկվա նիստը «Հրազդան» հյուրանոցի դահլիճում էր, որը կահավորանքով եւ չափերով համապատասխանում է իր գործածությանը։ Սակայն պարզ չէր, թե ում կազմակերպական հայտնագործությունն էր սեղաններին մի քանի երկար լարերով բարձրախոսներ պառկեցնելը։ Պառկեցնել՝ բառացիորեն, քանի որ դրանք առանց պատվանդանի էին. բանախոսները, համարյա ինչպես հարսանիքներում, խոսում էին՝ մեկ ձեռքով բարձրախոսը բռնած, հետո՝ խոսքի հետ դա էլ փոխանցելով հաջորդ բանախոսին։ Թեեւ կարող էին եւ բարձրախոս չօգտագործել, այնքան անհավես էին կարդում սեփական ելույթները՝ համեմված ընդհանուր բնույթի «համատեղ ուժերով կարեւորագույն խնդիրների լուծում» տիպի արտահայտություններով, որ մարդ դժվարանում էր իրեն համոզել՝ լսելու դրանք։ Նույնը չենք կարող պնդել իրենց՝ բանախոսների մասին. գուցե իրար լսում էին, սակայն համենայնդեպս առաջին 4 ելույթներից հետո ոչ մի զեկուցողի հարց չեղավ, օրակարգի եւ այլ հարցերի շուրջ՝ ոչ մի առաջարկություն։ Միակ աշխուժությունը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձի հրապարակումից հետո էր՝ հավուր պատշաճի մի քանի ծափեր։ Կայուն զարգացման Համաշխարհային համաժողովին ընդառաջ սեփական երկրներում անցկացվող բնապահպանական աշխատանքների, արտադրական թափոնների դասակարգման եւ կոդավորման միասնական համակարգի, էկոլոգիական անվտանգության մասին Համաձայնագրերի մշակման եւ այլ «կարեւորագույն հարցեր» ՄԲԽ-ն թերեւս մի քիչ ավելի աշխույժ կքննարկի նաեւ այսօր՝ Ծաղկաձորի մաքուր օդում։ «Տխրության» թեման շարունակելով՝ արձանագրենք նաեւ Բնապահպանության նախարարության (կամ գուցե՝ նախարարի՞) վերաբերմունքը լրատվության եւ ԶԼՄ-ների նկատմամբ, որը դարձյալ անուղղակիորեն, սակայն բնորոշում է, թե ինչքանով է կարեւորվում շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող հարցերի լուսաբանումն այստեղ։ Մի քանի օր առաջ աշխարհով մեկ հայտարարեցինք, որ Հայաստանի շնորհիվ աշխարհում սկսեց գործել «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկատվության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիան։ Այսինքն, շրջակա միջավայրին առնչվող տեղեկատվություն ունեցող ցանկացած մեկից ՀՀ ցանկացած քաղաքացի կարող է պահանջել այն եւ չստանալու դեպքում նույնիսկ դատարան դիմել։ Կարծում ենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունում կա նման ինֆորմացիա եւ ոչ՝ մեկը, բայց մամուլի ծառայությունը սենյակում վերջերս պատահած հրդեհից հետո տեղափոխվել է մի «անկապ» սենյակ, որը արտաքին աշխարհի հետ կապի ոչ մի միջոց չունի։ Մամլո ծառայության նորանշանակ պետ Ագապի Հայկազունին էլ, ըստ մեր լավատեղյակ աղբյուրների, այդպես էլ չի հաջողացնում հրամանագրվել իր պաշտոնում, քանի որ չի ներկայացնում բարձրագույն կրթության մասին փաստաթուղթ։ Մամուլի հետ հարաբերություններն այս անհասանելի բարձրության վրա դրվեցին «կակրազ» Օրհուսի կոնվենցիայի վավերացումից հետո։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել