«Հնարավոր չէ հանդուրժել» «Լավ, սրանից ավել էլ ի՞նչ պիտի լինի։ Լավ, յուրաքանչյուրիս դռանը պետք է «Հոկտեմբերի 27» կամ «Առագաստ» չոքի՞, որ գիտակցենք, թե ուր է գնում հանրապետությունը»,- երեկ քանաքեռցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արտաշես Գեղամյանը։ Ասվածը վերագրվեց այն կուսակցություններին, որոնք ընդունելով երկրում առկա «պայթյունավտանգ» իրավիճակը, ասում են, թե արտահերթ նախագահական ընտրությունների համար դեռ հիմքեր չկան։ Ա. Գեղամյանն անդրադարձավ նաեւ 40 հազար աշխատատեղեր բացելու մասին նախագահի «անհեթեթ» խոստումներին։ Ըստ Ա. Գեղամյանի, եթե 40 հազար աշխատատեղ է բացվել հանրապետությունում, ապա այդքան նոր աշխատող մարդ պետք է եկամտահարկ մուծեր։ Իսկ այն հիմնարկները, որտեղ նրանք աշխատում են՝ շահութահարկ։ Սակայն այս անցած 9 ամիսների ընթացքը, ըստ Մամիկոնիչի, համեմատելով 2000 թ. գանձված եկամտահարկի հետ, պարզվում է, որ 18,7%-ով պակաս եկամտահարկ է ստացվել։ Իսկ շահութահարկը՝ 20,1%-ով պակաս։ Եվ այս ամենից հետո, ըստ Ա. Գեղամյանի, «117 տոկոսով գովում» են, թե ամենուր աճ կա։ «Մարդիկ կան, ասում են՝ եթե ոչ Քոչարյանը, ապա՝ ո՞վ։ Կարծես բոլորիս գլխին ոսկի անձրեւ է տեղացել, մենք էլ դրան սովորել ենք ու հիմա առանց Քոչարյանի ոչ կյանք ունենք, ոչ՝ ապրուստ»։ Իշխանամետ լրատվամիջոցների կողմից բարձրացված այն հարձակումներին, թե Գեղամյանը «գցեց» եռյակի մյուս երկու կուսակցություններին՝ հրաժարվելով միտինգային տարբերակով իշխանափոխություն իրականացնելուց, Գեղամյան Արտաշն ասաց. «Քանի կար իշխանություններն էին ասում՝ մի արեք։ Գլխավոր հրամանատարը հաթաթա էր անում հեռուստատեսությամբ, թե ապակայունացնում եք վիճակը, Ալիեւը ռազմատենչ հայտարարություններ է անում»։ Սակայն իշխանությունների ուզածը, ըստ Գեղամյանի, հենց դա է։ Կապակայունացվի վիճակը՝ արդարացում կունենա Քոչարյանը, կասի՝ ինչո՞ւ է ձախողել 40 հազար աշխատատեղը, ինչո՞ւ է 150 հազար զբոսաշրջիկի փոխարեն լավագույն դեպքում 25-30 հազար եկել, ինչո՞ւ է տապալվում ԼՂՀ խաղաղ կարգավորումը։ Եվ այդպես ամեն ինչ կգցի ընդդիմության վրա։ Իսկ եռյակի, ըստ Գեղամյանի, «ամենահետեւողական կյանքի կոչողները» իրենք են։ «Բացահայտ սպանություն տեղի ունեցավ «Առագաստում», ոչ մի մարդ կալանավորված չէ։ Մի 2 հատ բերդանկա պադվալում քցեցին, էն Ազատ Արշակյանին մե՜ծ շուքով տարան նստացրին, մե՜ծ շուքով էլ բաց թողեցին։ Թոզ են փչում, իբր արդարադատություն կա»,- ասաց Ա. Գեղամյանը՝ քանաքեռցիներին ցույց տալու համար, թե ինչպիսին է երկրի դատական համակարգը։ Ըստ նրա, Քոչարյանի օրոք ամեն ինչ արվեց, որ բոլոր կուսակցություններն իրար դեմ թշնամանան, որպեսզի ժողովուրդը տեսնի «իրար միս են ուտում, ասի՝ մենք սրանց հետ ճանապարհ չենք գնա»։ Սակայն, ինչպես Գեղամյանն էր պնդում, իրենց հորդորների արդյունքն էր, որ կուսակցությունների ղեկավարները կարողացան ճիշտ կողմնորոշվել ու, որ հիմա միմյանց հասցեին հնարավորինս քիչ են ցեխ շպրտում։ «Միայն մի քանի գրպանային կուսակցություններ՝ իրենց վինի պուխ քարտուղարներով, առանց օճառ, համապատասխան գործողություններ են անում նախագահի հետ կապված»։ Սրանից ավելի վատ վիճակ, ըստ Գեղամյանի, այլեւս հնարավոր չէ հանդուրժել, ուստի դրանով էր պայմանավորված Քոչարյանին հեռուստաբանավեճի հրավիրելու հանգամանքը։ «Երիտասարդական մոլուցքով չեմ տառապում, երբ Քոչարյանին բաց բանավեճի եմ հրավիրում։ Ինձ համար ակնհայտ է իր գիտելիքների պաշարի գերսակավությունը, եւ խնդիրը հերթական անգամ հեռուստադիտողին ցույց տալը չէ, որ նրան կտանեմ ջուրը-ծարավ ետ կբերեմ։ Գիտելիքներով։ Խնդիրն այն է, որ հայրենիք ենք կորցնում»։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ