ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ԵՎ ՇԱՆՏԱԺ «ՉԻ»-Ի ԴԵՄ Արդեն հաղորդել էինք ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետի տեղակալ, գնդապետ Սեյրան Անթանեսյանի նոյեմբերի 12-ին «Չորրորդ իշխանություն» կատարած «այցի» մասին։ Մանրամասները ներկայացնում է թերթի պատասխանատու Շողեր Մաթեւոսյանը։ Ըստ Շողեր Մաթեւոսյանի՝ գնդապետի այցի շարժառիթը պաշտպանության նախարարության վերաբերյալ «Չորրորդ իշխանության» հրապարակումներն էին. «Մենք նախ զրուցել ենք երես առ երես։ Սեյրան Անթանեսյանը պատմեց իր հերոսական կենսագրությունը՝ ես լսեցի։ Հետո ինձ զգուշացրեց սպառնացող հնարավոր վտանգների մասին։ Ընդ որում, նշեց, թե սպառնալիքն իրականացնողն ինքը չի լինելու՝ կլինեն այլ մարդիկ, որոնց «Չորրորդ իշխանությունն» անդրադարձել է։ Մանրամասները չեմ ասի, քանի որ նրան խոստացել եմ։ Բայց որեւէ որոշակի հրապարակման մասին խոսք չկար։ Երբ համարեցինք, թե զրույցն ավարտված է՝ մեր լրագրողները մտան իմ սենյակ։ Նրանցից մեկին տեսնելուց եւ Լիզա Ճաղարյանի հարցից հետո՝ «Մեր խմբագրություն ուսադիրներով մարդիկ ընդհանրապես չեն մտնում, ի՞նչ նպատակ եք հետապնդում»՝ Սեյրան Անթանեսյանը նոր հիշեց 4 ամսվա վաղեմության մի հոդված, որտեղ ոչ իր, ոչ որեւէ մեկի անուն ընդհանրապես չկար։ Մենք անդրադարձել էինք երեւույթին, ոչ թե անձամբ իրեն։ Եվ եթե նա այդ հոդվածի վերաբերյալ բողոք ուներ՝ կարող էր 4 ամիս առաջ գալ»։ «Չորրորդ իշխանության» հուլիսի 14-ի համարում հրապարակվել էր «Ընդդեմ ստորության» հոդվածը, որում մասնավորապես նշված է, թե Վազգեն Սարգսյանի նախկին զինակիցները նրա անունը շահարկելուց բացի՝ չեն խնայել նաեւ նրա եղբայրներին։ Եվ բերված է մի օրինակ, թե բանակի բարձրաստիճան սպաներից մեկը, որն իրեն Սարգսյանների ընտանիքի բարեկամ էր հռչակել, բավական մեծ գումար էր վատնել կազինոյում. «Այդ պատճառով վատացել էր գնդապետի ֆինանսական վիճակը։ Այլընտրանք չունենալով՝ գնացել էր Սարգսյան եղբայրներից մեկի մոտ, հավանաբար ներկայացրել, որ ինքը շատ ծանր վիճակի մեջ է եւ խնդրել, որ իրեն պարտքով գումար տրամադրի։ Վ. Սարգսյանի եղբայրն էլ Սարգսյանների ընտանիքին բնորոշ բարյացակամ վերաբերմունք էր ցուցաբերել գնդապետի նկատմամբ եւ նրան տրամադրել պահանջված գումարը»։ Ի շարս որոշ այլ մանրամասների, հետո նշվում է, որ Սերժ Սարգսյանն այդ սպային նշանակել է վարչության պետի տեղակալ. «Բացի այդ՝ նաեւ խորհուրդ է տվել, որ Սարգսյաններից վերցրած գումարը ետ չվերադարձնի»։ Համաձայնեք, որ եթե Սեյրան Անթանեսյանը չինքնաբացահայտվեր, խիստ նեղ մի շրջանակ միայն կիմանար, որ անհասցե այս պատմությունը վերաբերում է հենց իրեն։ «Չորրորդ իշխանության» խմբագրությունում տեսնելով այդ հրապարակումը ստորագրած լրագրողուհուն՝ գնդապետը բորբոքվում է։ Նրանց վեճի մի հատվածը լրագրողները ձայնագրել էին՝ ընդ որում, ոչ գաղտնի, հարցազրույցի հրավիրելով նրան եւ բավական «անդուր» հարցեր տալով, թե ինչպես է կարողանում ծառայել այն մարդկանց, որոնք կասկածվում են Վազգեն Սարգսյանի սպանությանն առնչակցության մեջ։ Ես լսեցի այդ ձայնագրությունը. Սեյրան Անթանեսյանը լրագրողից անընդհատ պահանջում էր խոստովանել, թե ով է իրեն ասել այդ փաստերը։ Թեեւ արդեն իսկ ենթադրություն էր հայտնում, որ ՊՆ-ի մի բարձրաստիճան սպա է այդ հրապարակման պատվիրատուն, պնդում էր, թե ունի դա հաստատող ձայնագրություն։ Շանտաժով ու սպառնալիքներով հագեցած այդ զրույցի այլ մանրամասներ չենք մեջբերում։ Ի դեպ, «Առավոտը» հաղորդել էր, որ գնդապետի այցը հաջորդել է պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանի վերաբերյալ հրապարակմանը։ Շողեր Մաթեւոսյանը նշեց, որ դրանից հետո Արթուր Աղաբեկյանի անունից զանգահարել են եւ հայտնել, որ Արթուր Աղաբեկյանը որեւէ կապ չունի Սեյրան Անթանեսյանի այս այցելության հետ։ Թեեւ վերջինս հենց այդ փոխնախարարի ենթական է։ Թերթի պատասխանատուի սենյակում, այսպես ասած, բանավեճից հետո Սեյրան Անթանեսյանը Լիզա Ճաղարյանին հրավիրել էր դուրս։ «Մեկ էլ տղամարդու վայնասուն լսեցի,- պատմեց Շողեր Մաթեւոսյանը։- Դուրս եկա այն պահին, երբ գնդապետը գոռում էր. «Զենքս տուր՝ սրանց վերացնեմ», եւ նրա վարորդն ու մեր խմբագրություն եկած հյուրերից մի քանիսը փորձում էին գնդապետին խցկել մեքենա։ Ինչքան հասկացա պատմածներից, Լիզա Ճաղարյանի ներկայությամբ նա հայհոյել եւ փորձել էր վարկաբեկել այն լրագրողուհուն, որն իր մասին նյութի հեղինակն է։ Լիզան էլ «ու տես որդիս, պատգամ որպես» ենթատեքստով օրհնանք է հղել գնդապետին եւ ի խորոց սրտի հրաժեշտ տվել նրան»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ