ԴՊՐՈՑՆ ԷԼ «ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏ ՉԷ» 03.11.01թ. «Առավոտ» օրաթերթի «Դրսում ավելի տաք է, քան դպրոցում» հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների տնօրենները տեղեկացված են, որ ինչպես ձմռան ամիսների, այնպես էլ նոյեմբերի համար էլեկտրաէներգիայի ծախսման չափաքանակ ունեն եւ, եղանակը ցրտելու դեպքում, դասասենյակները կտաքացվեն։ Կենտրոնացված ջեռուցման համակարգով տաքացվող մայրաքաղաքի 29 կրթօջախներում «Երեւան» հիմնադրամի միջոցով տեղադրվում են էլեկտրական սարքավորումներ, որ կենտրոնացված ջեռուցում չլինելու դեպքում դպրոցներն անակնկալի չգան։ Ձմռան նախապատրաստական աշխատանքները Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը սկսում է ամառվանից, ստուգվել է դպրոցները սնող մալուխային (կաբելային) տնտեսությունը, կազմվել ժամանակացույց, ըստ որի կատարվում են վերականգնողական աշխատանքներ։ Մայրաքաղաքի մի շարք դպրոցներ ունեն անհատական կաթսայատներ՝ հ.հ. 20, 21, 67, 89, 132, 11 գ/օ, ընթացքի մեջ է հ.հ. 48 եւ 76 դպրոցների կաթսայատների կառուցումը, ծրագրված է հ. 162-ի կաթսայատան աշխատանքները։ Վերոնշյալ նյութում, չգիտես ինչու, միտում է ունեցել անպատճառ մեղադրանքի շեշտեր գտնել քաղաքապետարանի կրթության վարչության հասցեին՝ հարցում արված դպրոցների տնօրենների եւ փոխտնօրենների խոսքերում։ Ներկայացված մեղադրանքներին ի պատասխան տեղեկացնում ենք, որ քաղաքապետարանի կրթության վարչությունը տնտեսվարող սուբյեկտ չէ եւ նման ծախսերը կարող է կատարել միայն պետբյուջեից համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում։ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվական վարչություն Անհասկանալի է, թե ինչ միտում է նկատել քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը, եթե նույնիսկ հրապարակման վերնագիրը մեջբերված է դպրոցի տնօրենի խոսքից եւ հենց տնօրեններն ու փոխտնօրեններն են իրավացիորեն ասում, որ դպրոցը ջերմամեկուսացրել են ու ձմռանը պատրաստվել են իրենց ուժերով եւ կրթության վարչությունը ոչնչով չի օգնել։ Եթե քաղաքապետարանը բյուջեի քննարկումների ժամանակ չի կարողանում հասնել նրան, որ իր կարիքները հոգալու համար անհրաժեշտ գումարներ նախատեսվեն, ապա դա նաեւ քաղաքապետարանի մեղքն է, ոչ միայն կառավարության։ Դպրոցները եւս «տնտեսվարող սուբյեկտներ չեն» եւ պետական անբավարար ֆինանսավորման դեպքում ստիպված են ծնողներից գումար հավաքել, ինչն այնպես «խստորեն» դատապարտում է կրթության վարչությունը։ միության նախագահ