Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ չի սպառնում օպտիմալացման վտանգը

Նոյեմբեր 15,2001 00:00

Ո՞ւմ չի սպառնում օպտիմալացման վտանգը Վանաձորում բուժհիմնարկների օպտիմալացման արդյունքում «ազատագրված» մի տարածք (Գր. Լուսավորչի 26 հասցեում գտնվող հինգ հարկանի բնակելի շենքի առաջին հարկում), որը մինչեւ օպտիմալացումը զբաղեցված էր կանանց կոնսուլտացիայի կողմից, վերջերս հատկացվեց էներգապետհսկողության Լոռու մարզային բաժանմունքին, որն էլ մինչ այդ ժամանակավոր այլ տարածք էր զբաղեցնում: Կանանց կոնսուլտացիան էլ տեղափոխվեց թիվ 1 համաբուժարանի շենքը: Նախկինում թիվ 2 մանկական համաբուժարանին պատկանող շենքն էլ Նալբանդյան 1-ին նրբանցք, 2 հասցեում «ազատագրվեց» (մանկական համաբուժարանը տեղափոխվեց ոչ հեռու գտնվող «Գուգարք» նորակառույց հիվանդանոցային համալիր) եւ այն որոշվեց հատկացնել ՆԳ Լոռու մարզային վարչությանը, որի շենքում (Մխիթար Գոշի 3) փաստորեն, կմնա միայն ՆԳ քաղաքային բաժանմունքը: Ի դեպ, նախկինում թիվ 1 մանկական համաբուժարանին պատկանող տարածքն էլ (Տիգրան Մեծի 71 հասցեում գտնվող բնակելի շենքի 1-ին հարկում) դեռեւս 1998 թ. «վերաձեւվեց»՝ ըստ նպատակահարմարության օգտագործելու նպատակով: Արդեն մեկ տարի է, այն զբաղեցված է բանկային մի մասնաճյուղի կողմից: Նորանոր տարածքների «ազատագրումը» առողջապահական համակարգում, ըստ երեւույթին, դեռ կշարունակվի: Հատկանշական է, սակայն, որ դեռեւս 2-3 տարի առաջ իշխանությունների կողմից նշվում էր, թե Վանաձորում անհրաժեշտ է կառուցել 2 նոր հիվանդանոց (մեկը՝ մանկական)՝ անվճարունակներին սպասարկելու նպատակով։ Նույնիսկ նշվում էր այդ ծրագրի արժեքը (ի դեպ, այդ ծրագրով նախատեսվում էր մեկն էլ Ալավերդիում կառուցել): Հետեւաբար, ինքնըստինքյան հաստատվում է այն, որ երեք տարի առաջ բուժհիմնարկներում «շարժն» ավելի շատ է եղել, ուրեմն եւ ՝ սոցիալական պայմանները այնքան ծանր չեն եղել, հետեւաբար՝ հիվանդանոց չհասնողների (անժամանակ մահացողների), անվճարունակության պատճառով բժշկի չդիմողների, եւ, ի վերջո, արտագաղթողների թիվն՝ այդքան մեծ: Փաստորեն, ժողովրդի առողջության պահպանմանն ուղղված հիմնարկներն այլեւս ի վիճակի չեն իրենց գոյությունը պահպանել՝ ժողովրդի նյութական ծանր պայմանների եւ պետության անվճարունակության պատճառով: Հիվանդանոցներից ու համաբուժարաններից, ըստ երեւույթին, պետբյուջե այնքան գումար չի մտնում, որքան՝ իրավական ոլորտի ու պետական վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից նշանակվող տուգանքներից, բռնագանձումներից, ինչպես նաեւ՝ բանկային համակարգում ներդրվող ու շրջանառվող գումարներից, ուստի այդ համակարգերի գործունեությունն ընդլայնվում է: Առայժմ նրանց չի սպառնում օպտիմալացման վտանգը: ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել