«Մի ուրիշ բան է հայրենիքը» Զարմանալի բան է հայրենիքի կանչը. ապրում է մարդու ներսում անլռելի, կենդանի արարածի նման եւ ոչնչով հնարավոր չէ խլացնել նրան։ Այդ կանչը հոգու խորքում զգացել է դաշնակահար, դիրիժոր Կոնստանդին Օրբելյանը։ Ինչպես ինքն է խոստովանում. «Ճիշտ է, հայերեն խոսել չգիտեմ, բայց դեռ ուշ չէ։ Ութ տարեկան որդուս՝ Գեորգիի հետ, որը հաճախում է հայկական դպրոց, ես էլ մեծ սիրով սովորում եմ հայերեն»։ Երաժիշտը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, սովորել Ջուլիարդի համալսարանում, որպես ստաժոր՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր Յուրի Հայրապետյանի մոտ։ Իբրեւ դաշնակահար տարեկան նվագել է մոտ 100 համերգ՝ հեղինակավոր նվագախմբերի ընկերակցությամբ։ Առաջին անգամ հայրենիք եկավ 1989 թվականին եւ փայլուն համերգ ունեցավ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Նշենք, որ Կոնստանդին Օրբելյանի կատարմամբ Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի ձայնագրությունը արժանացել է Անգլիայի «Տարվա լավագույն կոնցերտ» մրցանակին։ Այսօր արդեն մաեստրոն ժամանել է Երեւան՝ ղեկավարելու Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Հանդիպեցինք երաժշտին եւ խնդրեցինք ներկայացնել Կ. Օրբելյան-դիրիժորին։ «Ասեմ անկեղծ. դեռ չտեսնելով հայրենիքը, հոգումս միշտ ձգտում է եղել հնարավորին չափ շուտ տեսնել Հայաստանը։ Դեռ մանկուց հայի կարոտ չեմ քաշել, որովհետեւ մեր տանը մշտապես հավաքվում էին հիմնականում սփյուռքահայեր եւ, իհարկե, Հայաստանից ժամանած արվեստագետներ, կոմպոզիտորներ Միրզոյանը, Հարությունյանը… Արդարության դեմ չմեղանչելու համար սա էլ ասեմ. ես իմ տեղը գտա Մոսկվայում։ 90 թվականին համերգներ ունեցա Մոսկվայի կամերային նվագախմբի հետ, որից 6 ամիս հետո մահացավ վերջինիս գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը՝ Կորսակովը։ Իսկ Մոսկվայում գիտեին, որ ես ուսանել եմ Նյու Յորքում հայտնի դիրիժոր, Ռաբինովիչի դպրոցն անցած Քինի մոտ եւ ահա 91 թվականին ստացա հրավեր։ Իհարկե, Եվրոպայից շատերին էր ձգում, շատերն էին ցանկանում ղեկավարել այդ հեղինակավոր նվագախումբը, բայց Մոսկվայի կամերային նվագախումբը ղեկավարելու, գլխավորելու պատիվը ընձեռվեց ինձ։ Տարեկան, նվագախմբով, 120-ից ավելի համերգներ ենք ունենում Ռուսաստանում, Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի եւ Աֆրիկայի երկրներում։ 91 թվականին, երբ նվագախմբի եւ իմ առաջին համերգաշրջանի բացումն էր, հրավիրեցի հայրենակիցներիս՝ Արաքս Դավթյանին, Մեդեա Աբրահամյանին, Ռուբեն Ահարոնյանին….»։ Նվագախումբը Օրբելյանի ղեկավարությամբ բազմաթիվ հեղինակավոր փառատոների մասնակից է։ Մաեստրոն «Սանկտ Պետերբուրգի պալատներ» միջազգային փառատոնի հիմնադիրն է ու գեղարվեստական ղեկավարը։ Հիմնել է նաեւ Մոսկվայի «Կրեմլի թանգարանների երաժշտական գանձերը» եզակի համերգաշարը։ Նրա ամեն օրն ու ժամը պլանավորված է։ Այո, Կոնստանդին Օրբելյանի աշխատանքի շնորհիվ է, որ այսօր Մոսկվայի հեղինակավոր եւ աշխարհահռչակ այդ նվագախմբի մակարդակը շարունակում է համապատասխանել ունկնդրի զգայական աշխարհի, ավելին՝ երաժշտագետների ամենախիստ պահանջներին։ Ներկա գտնվելով նրա փորձերին, դեռ երկար կհիշենք նվագախմբային ստեղծագործության «գաղտնիքները» բացատրող նրա շարժումները, ինտոնացիան ու մտքերը՝ մերթ ոգեւորող, մերթ հումորով, բայց միշտ լրջմիտ, ավելորդաբանությունից հեռու։ Նվագախմբի երաժիշտներից մեզ ասացին, որ փորձերից մեկի վերջում մաեստրոն բարձրաձայն մենախոսել է. «Մի ուրիշ բան է հայրենիքը։ Ճիշտ է, մշտապես շփվել եմ հայրենակիցներիս հետ, բայց քանի գնում, այնքան ավելի եմ ուզում շփվել։ Դե, արդեն տասը տարի է՝ այդքան հեռու չեմ ապրում, ընդամենը Մոսկվայում եմ բնակվում։ Այսուհետ ավելի հաճախակի կդառնան այցերս հայրենիք…»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ