Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հարցազրույց

Նոյեմբեր 15,2001 00:00

ՖԻԶԻԿԱՊԵՍ ԴԵՌ ՓՈՍՈՒՄ՝ ՎԵՐԵՎՆԵՐԻՑ ՉԵՆՔ ԽՈՍՈՒՄ… Հարցազրույց դերասան, Երեւանի պետական երիտասարդական «Փոսի» թատրոնի տնօրեն Գուրգեն Սեդրակյանի հետ – Այսօրվա պայմաններին ինչպե՞ս է հարմարվում «Փոսի» թատրոնը։ – Իրոք, դժվար են պայմանները, իսկ «Փոսի» թատրոնի համար՝ առավել եւս։ Մենք դժվարությամբ ենք հանդիսատես ընդունում, քանի որ թատրոնն այլեւս պիտանի չէ շահագործման. քանդված պատեր, ռադիոտեխնիկայի, լույսերի պակաս… Ուրիշ կերպ հնարավոր էլ չէ, քանզի 25 տարի փոսում, գետնի տակ ամեն ինչ փտում է, փչանում։ Այսօր առաջնահերթ խնդիր է թատրոնի վերանորոգումը։ Պետք է ժամ առաջ լուծել օդափոխության հարցը, քանի որ ներկայացման կեսից արդեն դահլիճում շնչելն անհնար է դառնում։ Եվ այս պայմաններում աշխատելով՝ մենք ավելի շատ հանդիսատես ենք կորցնում, չնայած ունենք լավ ռեպերտուար, հաջողված ներկայացումներ։ Թատրոնի վիճակին տեղյակ են բոլորը, նախարարությունը խոստացել է գումարներ տրամադրել։ Սրան զուգահեռ՝ մենք էլ պարապ չենք մնում, հանդիպում ենք մարդկանց, փորձում որեւէ կերպ բարելավել մեր թատրոնի վիճակը։ Սրան աջակցում է նաեւ մեր գեղարվեստական ղեկավար Ազատ Գասպարյանը՝ իր ծանոթություններով ու հեղինակությամբ։ – Դուք միաժամանակ ե՛ւ դերասան եք, ե՛ւ տնօրեն։ Ինչպե՞ս եք համատեղում։ – Իմ համոզմունքներից մեկն այն է, որ բոլոր տնօրենները պետք է նախ եւ առաջ դերասան լինեն։ Երբ տնօրենը մտնում է բեմ, նոր է միայն իրոք հասկանում դերասանի դարդն ու ցավը: Բացի այդ, պատասխանատվությունն է այս դեպքում մեծանում. լավ տնօրենը վատ դերասան լինելու, միջակ խաղ ցույց տալու իրավունք չունի, նա օրինակ պետք է լինի կոլեկտիվի համար։ Եվ երկրորդն էլ, լավ դերասանը պարտավոր է նաեւ լավ տնօրեն լինել։ Մեկի կամ մյուսի բացակայության դեպքում խախտվում է հեղինակությունը։ – Փորձի ժամանակ Ձեր պաշտոնը որոշ կաշկանդվածություն չի՞ առաջացնում մյուս դերասանների մոտ։ – Ես երբեք թույլ չեմ տալիս, որ տնօրինությունը ներխուժի փորձասենյակ։ Փորձին ես մասնակցում եմ իբրեւ շարքային դերասան։ Եվ, ընդհանրապես, իմ եւ կոլեկտիվի միջեւ ձեւավորված են շատ մտերմիկ փոխհարաբերություններ, մեր մեջ չկա պարոն բառը, քանի որ ես աշխատում եմ ընկերներիս հետ, որոնց հետ անցկացրել եմ երկար տարիներ։ – Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեիք այն, որ ներկայացումների ժամանակ հիմնականում դրսից եք դերասան հրավիրում։ – Ոչ բոլորին, մենք ունենք նաեւ մեր թատրոնի դերասանները։ Բայց կան դերասաններ, որոնք տարվա ընթացքում միայն մեկ ներկայացման մեջ են զբաղված, սակայն մենք ստիպված նրանց պետք է ամեն ամիս աշխատավարձ վճարենք։ Այդ ձեւով նաեւ գումարի խնայողություն ենք անում, որն էլ օգտագործում ենք հրատապ խնդիրների լուծման համար։ Մեզ մոտ գոյություն ունեն աշխատանքային ազատ հարաբերություններ, այսինքն՝ իմ դերասանը կարող է եւ մասնակցում է այլ թատրոնների ներկայացումներին եւս։ Ժամանակներն այնպիսին են, որ միայն մեր թատրոնի տված գումարով ապրել, գոյատեւել հնարավոր չէ։ – Խնայողությունների թվի՞ն է արդյոք դասվում Ձեր եւ գեղարվեստական ղեկավարի՝ Ազատ Գասպարյանի մասնակցությունը ներկայացումներին։ – Անշուշտ, սա մեր ամենաառավելագույն խնայողությունների թվին է պատկանում։ Մենք ներկայացման համար գումար չենք ստանում, պարզապես ավելորդ ճոխություն մեզ թույլ չենք տալիս։ – Դուք համամի՞տ եք այն կարծիքին, որ «Փոսի» թատրոնը ճանաչում ունի շնորհիվ Ձեր եւ Ազատ Գասպարյանի հեղինակության։ – «Փոսի» թատրոնը լավ անուն է ունեցել, հետագայում է միայն մոռացության մատնվել։ Այդ պայմաններում ես վերադարձա թատրոն (ես 18 տարի աշխատել եմ այստեղ, եղել եմ «Փոսի» թատրոնի հիմնադիրներից)։ Հնարավոր է, որ մեզանով ճանաչեն թատրոնը, որովհետեւ քիչ թե շատ ճանաչված ենք։ Բայց միանշանակ այդպես ասելն էլ ճիշտ չէ. մենք ունենք ոչ պակաս ճանաչված դերասաններ եւս։ – Ասում են, որ Ձեր թատրոնը դարձել է ընտանեկան։ – Ինչո՞ւ… Իմ կինն այստեղ չի աշխատում։ – … բայց աշխատում են Ձեր եւ Ա. Գասպարյանի երեխաները։ – Իսկ ինչո՞ւ ոչ, երկուսն էլ տաղանդավոր երիտասարդներ են։ Մեկն ավարտել է, մյուսն էլ սովորում է Թատերական ինստիտուտում։ Վախենալու կամ ամաչելու բան չկա, եւ մենք չենք փոշմանել, այլ հակառակը՝ հպարտանում ենք, որ նման երեխաներ ունենք, ժամանակին բացահայտել ենք ու բեմ բարձրացրել։ – Մտադրություն չունե՞ք թատրոնը փոսից հանելու։ – «Փոսի» թատրոնը բարոյապես երկար ժամանակ է, ինչ բարձրացել է փոսից, բայց ֆիզիկապես դեռ փոսում է։ Իսկ նոր շենքի հարց լուծելն այսօր դժվար է, եթե ոչ՝ անհնար։ – Դուրս է գալիս, որ բոլորդ փոսում եք՝ հանդիսասրահը, տնօրենի, գեղարվեստական ղեկավարի առանձնասենյակները: Թվարկածներիցս յուրաքանչյուրը տարբեր շենքերի նկուղներում է տեղակայված։ – «Ինչպես երկիրս անսփոփ…»՝ հիշո՞ւմ եք Տերյանին… Մեր բախտը ներդաշնակ է այսօրվա Հայաստանի տնտեսական վիճակին, մի քիչ էլ համբերենք եւ ազգովին դուրս կգանք փոսից ԱՆԱՀԻՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել