Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարզերի

Նոյեմբեր 15,2001 00:00

Վառարանները պետք է տէներով փոխարինել Մարզերի դպրոցների ջեռուցումը նախատեսված էր սկսել նոյեմբերի 6-ից։ ԿԳ փոխնախարար Ռոբերտ Զարգարյանը երեկ հավաստիացրեց, որ բոլոր դպրոցները ժամանակին ապահովվել են դիզվառելիքով եւ ջեռուցման շրջանը ոչ մի մարզում չի հետաձգվել։ Այս անգամ դիզվառելիքի մատակարարի համար հայտարարված մրցույթում հաղթել է «Ֆլեշ» ՍՊԸ-ն։ Արդեն տեղեկացրել ենք, որ մարզերին այս տարի էլ հաջողվեց դպրոցները դիզվառելիքով ապահովելու հոգսը իրենց ուսերից գցել ԿԳ նախարարության վրա։ Ամեն տարի այդ գործը հանձնարարվում է մարզերին, նրանց հաշվին է փոխանցվում նաեւ պետբյուջեով այդ նպատակի համար հատկացված գումարները։ Հետո, երբ ծրագիրը հայտնվում է տապալման վտանգի առջեւ, քանի որ մարզերն ու տարածքային կառավարման նախարարությունը ոչինչ չեն անում այդ ուղղությամբ, ջեռուցման շրջանից մի քանի օր առաջ գործը հանձնարարվում է ԿԳ նախարարությանը։ Ու հապշտապ սկսում են փակ մրցույթ (բաց մրցույթի համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ) հայտարարել, որ ընտրեն, թե ով պետք է իրականացնի դիզվառելիքի մատակարարումը։ Բազմիցս գրել ենք նաեւ, որ մատակարար ձեռնարկություններն այնքան էլ մեծ ոգեւորությամբ չեն աշխատում կառավարության հետ, քանի որ վերջինս վստահելի գործընկեր չէ եւ միշտ ուշացումով է վճարում կատարած աշխատանքի դիմաց։ Այս նույն պատճառով էլ, ի դեպ, «Ֆլեշ» ՍՊԸ-ն վերջին տարիներին հրաժարվում էր մրցույթին մասնակցել՝ դնելով իր պայմանները։ Այս անգամ համաձայնել է կառավարության պայմաններին, որոնք, մեղմ ասած, այնքան էլ գրավիչ չեն։ ԿԳՆ-ն մրցույթին մասնակցելու հրավերով դիմել էր դիզվառելիքի յոթ մատակարարի, սակայն դրանցից հինգը պահանջել էր սկզբում վճարել կատարած աշխատանքի դիմաց։ «Ֆլեշը» նման պահանջ չի դրել, կանխավճար եւս չի ուզել, հաշվի են առել նաեւ այն, որ վերջինս բարձր որակի դիզվառելիքի անհրաժեշտ պաշար ունի հանրապետությունում եւ մեկ լիտրի համար համեմատաբար էժան գին է առաջարկում։ Այս գործոնների հիման վրա էլ՝ Ռ. Զարգարյանի գլխավորած մրցութային հանձնաժողովը «Ֆլեշին» է ընտրել դպրոցները դիզվառելիքով ապահովելու ծրագիրն իրականացնելու համար։ Ջեռուցման առաջին շրջանը մինչեւ դեկտեմբերի 23-ն է։ Հաջորդ շրջանը կսկսվի դպրոցական արձակուրդներից հետո, հունվարի 20-ից։ ԿԳ փոխնախարարը հուսով էր, որ այս անգամ մարզերը կհոգան այս հարցը, ինչպես եւ նախատեսված է։ Առաջին շրջանի համար նախատեսված է դպրոցներին հասցնել ընդհանուր հաշվով մեկ միլիոն 483 հազար 250 լիտր դիզվառելիք։ Այս տարի էլ յուրաքանչյուր դպրոցին օրական հասնում է 2 լիտր դիզվառելիք՝ մեկ դասասենյակի համար։ Պետությունը, ըստ պայմանագրի, «Ֆլեշ» ՍՊԸ-ին, աշխատանքի փաստացի ավարտից հետո, պետք է վճարի 264 մլն 18 հազար 500 դրամ։ Մատակարարն իր աշխատանքը ավարտել է եւ, Ռ. Զարգարյանի գնահատմամբ՝ լավ է աշխատել, հատկապես մարզերում մասնաճյուղեր ունենալու շնորհիվ, սակայն վճարումը դեռ չի կատարվել։ Ըստ Ռ. Զարգարյանի՝ առաջիկա օրերին «Ֆլեշ»-ին կվճարեն առաջին 70 մլն դրամը, մնացածը պետք է մինչեւ տարվա վերջ վճարեն։ Մարզերի որոշ դպրոցներ չունեն դիզվառելիքի համար նախատեսված վառարաններ, դրանք փայտի վառարաններ են։ Նման դպրոցները դիզվառելիքը տեղում փոխում են փայտի հետ, ինչն ավելի էժան է։ Սակայն Ռոբերտ Զարգարյանի կարծիքով, դպրոցներն ավելի նպատակահարմար է ջեռուցել էլեկտրական տէներով կամ ջեռուցման կենտրոնացված համակարգով, լոկալ կաթսայատներով։ Այս տարբերակներն ավելի անվտանգ են եւ սանիտարահիգիենիկ առումով՝ նախընտրելի։ Ընդ որում՝ փոխնախարարի հաշվարկներով դա պետության վրա ավելի թանկ չի նստի։ Պարզապես մարզերը նախապատրաստական աշխատանք պետք է տանեն՝ դպրոցները տէներով ապահովելու, շրջակա էլեկտրակայանները բարձր ծանրաբեռնվածության համար նախապատրաստելու նպատակով։ Մայրաքաղաքի դպրոցները, ի տարբերություն մարզերի, հիմնականում էլեկտրական տէներով են ջեռուցվում։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել