Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

3,5 մլն դոլար եկամուտի հաշվին

Նոյեմբեր 15,2001 00:00

Խեղված ճակատագրեր 3,5 մլն դոլար եկամուտի հաշվին Մինչ հանրապետության նախագահը խոստանում եւ չի ապահովում 40 հազար աշխատատեղերը, աղքատությունը շարունակում է մնալ երկրի թիվ մեկ խնդիրը՝ մարդկանց աչքն էլ շարունակում է դուրս նայել բարեկեցիկ կյանքի հեռանկարով։ Այդ հատվածում, որոշ «ճարպիկ գործարարներ» բավականին հաջող բիզնես են ծավալում եւ մեծ շահույթներ ստանում՝ ի հաշիվ «միամիտ ռոմանտիկների» բարոյահոգեբանական եւ առողջական վիճակի։ Երեւույթն արմատական է աղքատ երկրներում, որոնցից մեկն էլ Հայաստանն է։ Այս առիթով Միգրացիայի միջազգային կազմակերպությունը իր սուղ հետազոտությունների հիման վրա հրապարակել է մի զեկույց՝ Հայաստանում կանանց եւ երեխաների անօրինական փոխադրումների վերաբերյալ, որը ներկայացվեց ՄԱԿ-ում երեկ կազմակերպված կլոր սեղանի ժամանակ։ Ըստ այդ զեկույցի՝ անկանոն միգրացիայի տեսանկյունից, Հայաստանը նաեւ ելքի տարանցիկ երկիր է։ 1991-ից ի վեր 4 մլն-ից էլ պակաս ընդհանուր բնակչություն ունեցող Հայաստանից արտագաղթել է 800 հազարից 1 մլն մարդ (օրինական եւ ապօրինի ճանապարհով)։ Հայաստանի Գյումրի, Վանաձոր, Երեւան քաղաքներում վերադարձած 59 միգրանտների հետ հարցազրույցներ են անցկացվել։ Նրանցից 43-ը ապօրինի փոխադրման զոհ է դարձել, որոնցից 28-ը «գործատուների» կողմից ներգրավվել է «սեռական աշխատանքի մեջ»։ Հարցման ենթարկվածներից միայն 10-ն են գիտակցաբար գնացել նման աշխատանքի, որոնք շահագործվել են ամենայն ստրկությամբ՝ չվճարվելով աշխատանքի դիմաց։ Նման կանայք, սակայն, ապօրինի փոխադրումից տուժածներ չեն դիտվել եւ հետազոտության արդյունքներում ներառված չեն։ Սեռական առեւտրի նպատակով փոխադրվում են հիմնականում մինչեւ 30 տարեկան կանայք։ Մեծ պահանջարկ ունեն կույս անչափահասները, որոնք ապահովագրված են սեռական վարակներից։ Առանց ծնողների ուղեկցության անչափահասների սահմանանցումը, ըստ զեկույցի, վկայում է փոխադրումների շղթայում կոռումպացված պաշտոնյաների խճճված համակարգի մասին։ Հայաստանից հիմնականում «արտահանվում» են Թուրքիա եւ Արաբական Էմիրություններ։ Հիմք ունենալով այս իրողությունները, զեկույցի հեղինակները Հայաստանի կառավարությանն առաջարկում են երեւույթի դեմ պայքարելու համատեղ միջոցառումներ մշակել։ Կլոր սեղանի մասնակից կառավարական հատվածի (ոլորտին առնչվող նախարարությունների) ներկայացուցիչները միահամուռ գովերգեցին զեկույցի անհրաժեշտությունը եւ առօրեականությունը ու ավանդական ձեւակերպումներով ելույթներ ունեցան. «Երեւույթի պատճառները երկրի սոցիալ- տնտեսական վիճակն է», «մենք առօրեական աշխատանքով փորձում ենք նպաստել դրա վերացմանը», «անհրաժեշտ օրենսդրական դաշտ չկա», «աշխատանքի մեկնելիս պայմանագիր պահանջեք», «միգրանտների վերադարձից հետո նրանց բարոյահոգեբանական վիճակը պետք է վերականգնել», «պետական պաշտոնյաների չարաշահումը կանխարգելել» եւ այլն։ ՆԳՆ փոխնախարար Արմեն Երիցյանն արձանագրեց, որ «բիզնեսի» այդ ձեւը տարեկան 3,5 մլրդ դոլարի եկամուտ է բերում «գործատուին»։ Բողոքեց, որ հետախուզական այնպիսի ցանց չունեն, որպեսզի աշխատանքներն արդյունավետ լինեն։ Տեղեկացրեց, որ այժմ ՀՀ կալանավայրերում 20 կավատ է գտնվում ու նորից բողոքեց, այս անգամ համաներման ակտերից, որոնց շնորհիվ ՀՀ քրեական օրենսգրքով կավատության համար նախատեսված 5 տարին ավարտվում է 2-3-ով եւ մի շարք մեծ-մեծ հույսեր հայտնեց։ Խնդիր կար, կա եւ վերաճելու միտում ունի։ Կառավարությունն էլ, հասարակությունն էլ իրազեկ էին եւ շարունակում են այդպիսիք մնալ։ Հիմա արդեն ՄՄԿ-ի նման հեղինակավոր կառույցի զեկույցն էլ ունենք։ Բայց ո՞վ, ինչպե՞ս, ե՞րբ խնդրի գործնական լուծումներին կանդրադառնա՝ դեռ պարզ չի։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, մեր միամիտ ու անտեղյակ կառավարությանը տեղեկացնեմ նաեւ, որ աշխատուժի շահագործում ոչ միայն դրսում է կատարվում։ Նույն աղքատությունից եւ սոցիալ-տնտեսական վիճակից ելնելով՝ տեղում էլ է աշխատուժը ստրկորեն շահագործվում։ Այս դեպքում մի քիչ ավելի քաղաքակիրթ եղանակով՝ «Աշխատանքային օրենսգրքի» եւ հստակ պայմանագրերի առկայության պարագայում։ Ու քանզի նույն հիմնախնդիրներից ելնելով սույն աշխատուժն այլընտրանք չունի՝ սուս ու փուս շահագործվում է՝ ստամոքսային խնդիր լուծելու կենսական պահանջից ելնելով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել