Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նկատի

Նոյեմբեր 15,2001 00:00

«ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԱՆՑՈՒՄՆԵՐՈՎ» Նկատի ունենալով Պետական գնումների գործակալությանը (ՊԳԳ) վերապահված գնումների ծավալը՝ ընդամենը 5%, այս կառույցին մեր երկրում լուրջ դեր վերապահված չէ։ Բայց գործակալության պետն այլ կարծիքի է. «Այս մեկ տարվա ընթացքում շատ մեծ ու լավ աշխատանք է կատարվել։ Որեւէ ուրիշ ոլորտում չգիտեմ՝ նման բան արձանագրվե՞լ է, թե՞ ոչ, բայց խնայված 1 մլն դոլարը ակնհայտ փաստ է»։ Պարզապես հարցն այն է, որ այդ 1 մլն դոլարը կարող էր բազմապատիկ շատ լինել։ ՊԳԳ պետ Գագիկ Խաչատրյանն իր ղեկավարած հիմնարկի մեկամյա գործունեության ամփոփման առիթով հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց, որ 150 մրցույթ են անցկացրել՝ 6 մլրդ 800 մլն դրամ նախահաշվային արժեքով։ Ինչպես նշվեց, խնայվել է 550 մլն դրամ։ Իմիջիայլոց նկատենք, որ ինչ-որ հակասություն կա։ Դեռեւս հոկտեմբերի 11-ին «Առավոտին» տված հարցազրույցում գործակալության պետը հայտնել էր, որ անցկացվել է ավելի քան 150 մրցույթ՝ 5,5 մլրդ դրամ նախահաշվային արժեքով։ Ըստ այդ նույն տեղեկատվության, խնայողությունը կազմել էր 400 մլն դրամ։ Ավելի քան մեկ ամիս անց պարզվում է, որ մրցույթների թիվը չի ավելացել (եթե չասենք, որ պակասել է), բայց ավելացել է նախահաշվային արժեքն ու խնայողության չափը։ Այս անհամապատասխանությունը վերագրենք թվերը «ճոխացնելու» հակմանը կամ տեխնիկական հարցերի ու անցնենք առաջ։ «Առյուծի բաժինը դեռեւս չի ընդգրկվել գնումների ոլորտ։ Եթե մեզ հաջողվի ավելացնել մեր միջոցով գնվող պետական կարիքների ցանկը, խնայողություններն ավելի մեծ կլինեն»,- հաշիվ է անում գործակալության պետը։ Սակայն ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության առաջարկությամբ օրենսդրական փոփոխություն է կատարվել, ըստ որի, մեկ ապրանքի գծով պետական կարիքը պետք է կազմի առնվազն 750 հազար դրամ (շեմը երեք անգամ բարձրացվել է), որպեսզի գնումը կատարվի կենտրոնացված կարգով, այսինքն՝ ՊԳԳ-ի միջոցով։ Այսինքն՝ ոչ թե քայլ է արվում, որպեսզի պետական գնումներն առավել չափով տեղափոխվեն քաղաքակիրթ դաշտ, այլ՝ հակառակը։ Հիշեցնենք, որ կենտրոնացված կարգով գնումների ինստիտուտի գլխավոր նպատակներից մեկն էլ պետության ու հարկատուների փողերը հասցեական օգտագործելն է։ Իհարկե, նշվածը չի նշանակում, թե հակառակ դեպքում հակառակ պնդումը կարելի է անել։ Բայց փորձը վկայում է, որ հիմնարկի կարիքների համար գնումներ կատարելիս, այսինքն՝ ոչ իր սեփական փողը ծախսելիս, չինովնիկը նույն սրտացավությամբ չի կատարում գնումը։ Ավելին, մեծ մասամբ ծախսերն ուռճացված են ցույց տրվում։ «Առավոտի» հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի այդ ապրանքների ու ծառայությունների ցանկն ընդլայնվի, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Նվազագույն շեմի բարձրացմամբ նվազում կարող է չլինել։ Ընդհակառակը՝ եթե նախկինում ԿԳ նախարարությանը պատկանող քոլեջն առանձին էր հայտ ներկայացնում, ապա այս օրենսդրական փոփոխությունից հետո հայտերը ամբողջական համակարգով պետք է ներկայացվեն։ Այդ պատճառով էլ հնարավոր է, որ նույնիսկ ավելացումներ լինեն։ Պետպատվերի շրջանակներում մատուցվող ծննդօգնության համապատասխան բուժհիմնարկներ ընտրելու համար հաջող անցկացված մրցույթներից հետո որոշվել է, որ պետպատվերի շրջանակներում սպասարկվող բուժօգնության համար ՊԳԳ-ն պետք է մրցույթներ անցկացնի»։ Պրն Խաչատրյանը նշեց. «Բյուջեի լարված վիճակը, չէի ասի, թե մեծ դժվարություններ է հարուցում, բայց վճարման ժամանակ ժամկետների տեղաշարժեր լինում են։ Միջոցառումներ են մշակվում, որպեսզի մեր կողմից կատարվող գնումների համար պետբյուջեից հատկացման առաջնահերթություն սահմանվի։ Որովհետեւ պետությունը պետք է նաեւ ներկայանա որպես հուսալի գործընկեր»։ Երեք անգամ կրկնված հարցին, թե արդյոք եղե՞լ են դեպքեր, որ պետության նկատմամբ սանկցիաներ կիրառվեն կամ թե ո՞ր ընկերությունների նկատմամբ է պետությունն անպարտաճանաչ գտնվել կամ ի՞նչ գումարների մասին է խոսքը, գործակալության պետը, թեեւ սպառիչ պատասխան չտվեց, բայց նշեց, որ պետությանը դատի տալու դեպքեր չեն եղել, չնայած իր պարտավորությունները չկատարելու համար պետությունն էլ է պատասխանատվություն կրում, կան ուշացումներ, որոնք եզակի են։ Ըստ նրա, պատահում են նաեւ դեպքեր, որ այդ ընկերություններն էլ են պետբյուջեի նկատմամբ պարտավորություններ ունենում, ուստի «փոխադարձ հաշվանցումներով հարցերը լուծվում են»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել