Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՒՂՂՎԻ ԵՎ ԿՎԵՐԱԴԱՍՏԻԱՐԱԿՎԻ՞

Նոյեմբեր 15,2001 00:00

ԿՈՒՂՂՎԻ ԵՎ ԿՎԵՐԱԴԱՍՏԻԱՐԱԿՎԻ՞ Դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո Ազատ Արշակյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Մեր խնդրանքով նա հայտնեց իր գնահատականը դատավարությանը. «Ես անկեղծ էի, երբ վերջին խոսքումս ասում էի, թե հիմա մեր դատարանները, հասարակությունը եւ առաջին հերթին՝ ազատ մամուլը անհամեմատելի են նախկինի հետ։ Տարիների իմ փորձը ցույց է տալիս, որ հիմա լավ է վիճակը։ Ամեն ինչ շատ վատ է, բայց այս հարցում լավ է»։ Դատավճռում նշվել էր, թե «հնարավոր է Ազատ Արշակյանի ուղղումը եւ վերադաստիարակումը՝ առանց հասարակությունից մեկուսացնելու»։ «Առավոտի» հարցին, թե ինքը դա հնարավոր համարո՞ւմ է՝ պատասխանեց հարցով. «Երկու տարո՞ւմ… Երկու տարին լրի՛վ կբավարարի ինձ՝ ուղղվելու ամբողջությամբ»։ Թերեւս անիմաստ էլ էր Ազատ Արշակյանին, որին, իրոք «Գուլագ» ստեղծած խորհրդային մամլիչն էլ չկարողացավ «ուղղել», նման հարցեր տալ։ Այնուամենայնիվ, հետաքրքրվեցինք, թե քանի որ այս գործը իր քաղաքական գործունեության հետեւանք էր դիտվում (եւ ինքն էլ ակնարկեց դրա մասին ի՛ր ցուցմունքներում), այսուհետ շարունակելո՞ւ է այն, թե՞ իր նկատմամբ սահմանված 2 տարվա փորձաշրջանը որոշակի անդրադարձ կունենա. «Շարունակելու եմ, իհարկե, քաղաքական գործունեությունս։ Ինչ վերաբերում է ակնարկներին, ըստ երեւույթին, կարելի է ասել, որ դրանք բոլորը գումարվեցին։ «Ե՛վ, ե՛ւ»-ներ էին բոլորը, ամեն ինչ կար իմ գործի մեջ։ Չեմ կարող ասել, որ միայն քաղաքական էր։ Դրա մասին հետո կխոսենք»։ Հետագային հետաձգեց նաեւ «Հայկական ժամանակի» հարցի պատասխանը, թե գտնո՞ւմ է արդյոք, որ ինքը հանցանք էր գործել, եւ դատարանն իր նկատմամբ կայացրեց ճիշտ եւ արդարացի դատավճիռ։ Նշենք, որ դատարանը հաստատված է համարել Ազատ Արշակյանի գործողությունների հանցավոր բնույթը եւ հասարակական վտանգավորությունը եւ նրա «վարքի վերահսկողությունը» վերապահել ՆԳ մարմիններին։ Թե ինչ է սա նշանակում (առաջին իսկ պահանջով ներկայանալ, ստորագրություններ եւ այլն)՝ թերեւս առանձնակի մանրամասնելու կարիք չկա։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել