Happy birthday, mister president… Այսօր Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվաշնեւսկու ծննդյան օրն է։ Այս տարելիցը մեզ բոլորովին չէր հուզի, եթե նա այն չտոներ Հայաստանում՝ իր պետական այցի ընթացքում։ Ինչպես պարզվեց երեկ, երկու նախագահների համատեղ ասուլիսում, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ անձամբ հոբելյարը «շա՜տ ուրախ» էին Լեհաստանի նախագահի ծնունդը Երեւանում նշելու կապակցությամբ։ Առավել եւս, որ պրն Կվաշնեւսկու խոսքերով՝ «մթնոլորտն այստեղ ֆանտաստիկ լավն է»։ Լեհաստանից նախագահի հետ ժամանել է նաեւ լեհ գործարարների մի պատկառելի (50 հոգիանոց) խումբ։ Այսօր կբացվի Հայ-լեհական բիզնես-համաժողովը՝ երկու երկրների նախագահների մասնակցությամբ։ Նախագահները բավականին մեծ սպասումներ ունեն բիզնես-ֆորումից։ Ռ. Քոչարյանն, օրինակ, պնդում էր, թե Հայաստանը բավական հուսալի եւ հարմար բիզնես-պարտնյոր է. «Որքան գիտեմ, դժգոհ ներդնողներ Հայաստանում չկան»։ Իսկ Ա. Կվաշնեւսկին կարծում էր, որ միայն Հայաստանի աշխարհագրական դիրքը բիզնեսի համար լայն ասպարեզներ է բացում, իսկ եթե մյուս գործոններն էլ գումարե՜նք… Հավանաբար, Լեհաստանի նախագահի տեսակետից, այդ գործոններն էլ են դրական։ Ինքն էլ, որպես հայ-լեհական բիզնեսի ծաղկման առաջին քայլ, խոստանալու պես արձանագրեց. «Երեւանը գեղեցիկ քաղաք է, շատ ռեստորաններ կան, գործերն ավարտենք ու՝…»։ Թեեւ մինչեւ ծաղկեցնելը, պետք է դեռ ստեղծել հայ-լեհական համատեղ բիզնես դաշտը, որի մասին Ալ. Կվաշնեւսկին ցիտեց իր երկրի ֆինանսների նախարարի խոսքը. «Մեր երկրների միջեւ տնտեսական, գործարար հարաբերություններն այնքան ցածր մակարդակի վրա են, որ այլ ելք չունենք, քան առաջ ընթանալը, վեր բարձրանալը։ Ուղղակի՝ սրանից վատ հնարավոր չի»։ Բիզնեսմեններին՝ միմյանց հետ կապեր ստեղծել նախագահները չեն կարող պարտադրել, բայց երկուսն էլ խոստացան՝ համոզել բիզնեսմեններին համագործակցել, թեեւ չմոռացան նշել, որ «միամիտ բիզնեսմեններ գրեթե չկան, նրանք, իհարկե, առաջին հերթին իրենց շահով են առաջնորդվելու»։ Նաեւ տնտեսական փոխհարաբերությունների զարգացման առումով պարոն Կվաշնեւսկին Լեհաստանը համարում էր ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար շահագրգիռ կողմ։ Ընդ որում, հետաքրքիրն այն էր, որ պրն Կվաշնեւսկին Ղարաբաղի հարցի «խաղաղ կարգավորումը» ռուսերեն արտասանեց «ՎՌՐՏՉՏպ ՐպՔպվՌպ»։ Տարօրինակ էր, որ Լեհաստանի նախագահը տեղյակ չէր իր երկրում մեծ թվով հայերի (հիմնականում՝ անօրինական) բնակեցումից։ Երբ լրագրողներից մեկը հարցրեց՝ քննարկվե՞լ է, արդյոք, Լեհաստան արտագաղթած հայերի խնդիրը, պրն Կվաշնեւսկին իր պատասխանում շատ կտրուկ էր. «Այդպիսի պրոբլեմ գոյություն չունի, այդ պատճառով դրա մասին մենք չենք զրուցել։ Ես որեւէ ինֆորմացիա չունեմ, որ մեր երկրում ոչ ֆորմալ կարգավիճակով ապրող հայեր կան։ Մենք ունենք փոքր հայկական սփյուռք, որը, մի քանի դար է, ապրում է Լեհաստանում, հիմնականում նկարիչներ են, բժիշկներ, մտավորականներ, շատ հարգելի մարդիկ։ Ես չգիտեմ հայերի հետ կապված որեւէ խնդիր։ Անկեղծ եմ ասում»։ Ինչ խոսք, չափից դուրս դիվանագիտական էր այս պատասխանը, եթե նկատի ունենանք, որ եթե ոչ Լեհաստանում, ապա՝ Հայաստանում բոլորը գիտեն, որ բազմաթիվ են օրինական կարգավիճակ չունեցող հայաստանցիները, եւ նրանք կանգնում են բազմաթիվ բարդ խնդիրների առաջ։ Այնուամենայնիվ, մի այլ ենթատեքստում պրն Կվաշնեւսկին անդրադարձավ սահմանների խնդրին. «Սահմանը պիտի լինի բարեկամական ամուր եւ փակ՝ հանցագործների առջեւ»։ Իսկ սլավոնները, թարսի պես, սովորություն ունեն հանցագործի տեղ դնել նրանց, ովքեր ունեն «սՌՓՏ ՍՈՉՍՈջրՍՏռ վՈՓՌՏվՈսՖվՏրՑՌ». ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ Նկարում- Պարոնայք Կվաշնեւսկու եւ Քոչարյանի դեմքերը մյուս լրատվամիջոցները բոլ-բոլ ցույց կտան։ Մենք նախընտրում ենք տպագրել նախագահների անձնական լուսանկարիչների դեմքերը։ Լեհ լրագրողները կատակում էին՝ «Մեր Ռամազն իր կորած եղբորն է գտել»։ Նկատի ունեին մեր Մարտինին՝ Շահբազյան։