ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ։ ԲԱՅՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ Թերեւս անհնար է մտաբերել հասարակական հնչեղություն ունեցող որեւէ դատավարություն, որտեղ մեղադրողի ճառն ընդունվեր ծափերով։ Սակայն երեկ հենց ծափեր հետեւեցին Ազատ Արշակյանին դահլիճից ազատ արձակելու վերաբերյալ մեղադրող Զելիմ Թադեւոսյանի միջնորդությանը։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի լեփ-լեցուն դահլիճից հազիվ 1-2-ն ընդվզեցին այդ ծափահարությունների դեմ։ «Ամո՛թ է, իրենք նստեցրին, իրենք էլ բաց են թողնում՝ ուրախանո՞ւմ եք»։ Սակայն ծափահարողներին կարելի էր հասկանալ՝ նախադեպ կարծես չէր եղել, երբ մեղադրական ճառի մեջ ամենայն մանրամասնությամբ հիշատակվեցին մեղմացուցիչ հանգամանքները։ Իսկ Զելիմ Թադեւոսյանը (հետո նաեւ նախագահող դատավոր Ռուբիկ Ներսիսյանը՝ դատավճռում) թվարկեց Ազատ Արշակյանի ծառայությունները, նշեց նրա ներդրումը Հայաստանի՝ անկախություն ձեռք բերելու եւ հայկական հողերի ազատագրման հարցում, նրան չազատազրկելու վերաբերյալ 12 պատգամավորների եւ ՔԴՄ-ի միջնորդությունները։ Անհնար էր չմտաբերել, որ Աշոտ Բլեյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բազմաթիվ գործիչների միջնորդությունները մինչեւ վերջ անտեսվեցին եւ առ այսօր հաշվի չեն առնվում Սամվել Բաբայանի ծառայությունները՝ նրա պատիժը գոնե ինչ-որ չափով մեղմացնելու համար։ Վերադառնանք Ազատ Արշակյանի գործին։ Դատավոր Ռուբիկ Ներսիսյանը նրան 2 տարվա ազատազրկման դատապարտելու վճռի կատարումը հետաձգելն այսպես պատճառաբանեց, թե Արշակյանը խոստովանել է իր հանցանքը եւ զղջացել։ Իսկ մեղադրողը նշել էր, թե ինքնախոստովանական ցուցմունքներն էլ էին մեղմացուցիչ հանգամանք։ Ըստ էության, բացի Ազատ Արշակյանի այդ ցուցմունքներից՝ դատարանն այլ ապացույցներ չուներ նրա մեղքը հիմնավորելու համար։ Քանզի երեկ դատարանում հարցաքննված 7 վկաներից (գրեթե բոլորն էլ «Անկախության բանակի» մարտիկներ էին) եւ ոչ մեկն այդպիսի ցուցմունք չտվեց, թե Գորվետկա 4 հասցեում հայտնաբերված զինամթերքն Ազատ Արշակյանն էր կուտակել ու պահել։ Ընդհակառա՛կն։ Վկա Լյովա Սահակյանն ասաց, թե «Անկախության բանակում» Ազատ Արշակյանի հիմնական գործունեությունը գաղափարադաստիարակչական աշխատանքներն էին, եւ նա զենքերի հետ ոչ մի առնչություն չուներ. «Առավել եւս՝ այն զենքերի, որոնք այժմ հայտնաբերվեցին»։ Լյովա Սահակյանը նաեւ վկայեց, որ զենքերի հայտնաբերումից հետո Արշակյանն իրեն ասել էր. «Պարզվում է, մեր հանգուցյալ հրամանատարը՝ Արթուր Մալխասյանը, այստեղ զենքեր է պահել, իսկ մենք բանից անտեղյակ ենք եղել»։ Լյովա Սահակյանը նշեց, թե այդ սենյակում, որտեղ հայտնաբերվել էին զենքերը, Արթուր Մալխասյանի ֆոտոլաբորատորիան էր, եւ դրա բանալին անգամ չի գտնվել իրենց մոտ։ Վկա Հենրիկ Սեւոյանը եւս նշեց, որ այդ սենյակը տրամադրված էր Արթուր Մալխասյանին, եւ ինքը չի տեսել, որ նրանից բացի որեւէ մեկը ներսուդուրս արած լինի այնտեղ։ Սակայն երբ հասավ ցուցմունք տալու իր հերթը՝ Ազատ Արշակյանը չօգտվեց ընկերների ցուցմունքներով իրեն ընձեռված հնարավորությունից եւ չփորձեց այնպես ներկայացնել, թե ինքը բացարձակապես անտեղյակ է եղել զենքերից։ «Ճիշտ չի լինի, եթե փորձեմ ամեն ինչ ջարդել Արթուրի վրա»։ Թեեւ բացասաբար էր պատասխանել դատավորի այն հարցին, թե արդյոք իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է, բայց, ի վերջո, մասամբ ընդունեց իր մեղքը՝ զենքերից տեղյակ լինելու իմաստով։ Ինչպես եւ նախաքննության փուլում, դատարանում էլ էր պրն Արշակյանի ցուցմունքների համար հատկանշական հակասականությունը։ Մեկ պատմեց. «Սկզբնական շրջանում ես փորձում էի, որքան հնարավոր է, բանավեճի փաստարկներ բերելով ապացուցել, որ ես չէի կարող դա անել ուղղակի լիազորություններ չունենալու պատճառով»։ Հետո ասաց, որ ինչպես Երջանիկ Աբգարյանն էր զբաղվում ՀՀՇ-ին ենթարկվող ջոկատների սպառազինության եւ այլ հարցերով, այնպես ինքն էլ զբաղվում էր «Անկախության բանակի» գործերով. «զենքը հանձնել-ընդունելու, կարգավորելու որոշ պարտականություն ուներ»։ Բայց հետո նորից այնպես ներկայացրեց, թե ինքն ընդամենը շարքային հրաձիգ է եղել. «Ինձ թվում էր՝ իրավասու մարմինները կուսումնասիրեն ու կպարզեն, որ ես երբեւէ չեմ ստացել այդ զենքերը ՊՆ-ից»։ Սակայն այս բավական կատարյալ շիլաշփոթի պատճառը բնավ այն չէր, որ Ազատ Արշակյանը մանեւրում էր՝ փորձելով խուսափել քրեական պատասխանատվությունից. «Ես չեմ խուսափում պատասխանատվությունից։ Ես ինձ պատասխանատու եմ զգում այն բոլոր սխալների եւ թերությունների համար, որ թույլ է տվել «Անկախության բանակը»։ Եվ դրանցից մեկն էլ, բնականաբար, զինամթերքը ժամանակին չհանձնելն էր։ Զենքերը պահեստավորելու առնչությամբ Ազատ Արշակյանը նախ ասել էր. «Մի «վատ» բնավորություն ունեմ՝ եթե որեւէ բան որեւէ մեկին տալիս եմ՝ այլեւս դրա ետեւից չեմ գնում, խուզարկություն կամ հսկողություն չեմ կատարում։ Ես իսկապես բանալիները հանձնել եմ իրենց՝ առանց զենքի եւ զինամթերքի»։ Նա հաստատեց, թե գիտեր, որ «Անկախության բանակն» ամբողջությամբ չէր օգտագործել իր զինամթերքը։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել այն հանձնելու, դրանց դիմաց փոխհատուցում ստանալու վերաբերյալ։ Բայց հետո չի հետաքրքրվել այդ պայմանավորվածությունների ճակատագրով մինչեւ 2000 թվականը. «2000-ին, երբ Արթուրը վերադարձավ Մոսկվայից, ես իմացա, որ ինքը չի հանձնել ինչ-որ բաներ»։ Ազատ Արշակյանը պատմեց, որ դիմել էր ՊՆ՝ Սերժ Սարգսյանին հանդիպելու համար, որպեսզի կարգավորվեր ՊՆ-ի համար պիտանի այդ սարքավորումները հանձնելը։ Բայց լուծումը ձգձգվել էր. «Ես գիտեի, որ որեւէ մեկը կարող է դրանց համար նստել, 2500 հոգի կարող է վկայություն տալ, որ ես ասել եմ՝ զենքերը հանձնե՛ք»։ Ամփոփենք. «Ես, իհարկե, տեղյակ էի, գիտեի, որ կա՛ զենքը։ Իմացել եմ, որ դա Արթուրի մոտ է՝ որպես ջոկատի հրամանատար։ Ուրիշի մոտ չէր էլ կարող լինել՝ իր մոտ պիտի լիներ, որովհետեւ ինքն է դա ստացել»։ Ազատ Արշակյանը նաեւ ասաց, թե ցավում է, որ այսպես ստացվեց։ Հարց կառաջանա, թե ուրեմն ինչո՞ւ հոժարակամ համաձայնեց կրել չկատարած հանցանքի համար պատասխանատվությունը եւ թեկուզ պայմանական ազատազրկումը։ Ազատ Արշակյանի բացատրությունը թերեւս սա էր. «Ինձ դուր է գալիս, երբ որ ասում եմ, թե դա ի՛մն է, որ դա ես եմ արել։ Ես իմ յուրայիններին ուզում եմ միշտ ասել, որ քվորում կա՛։ Հայաստանում կա մեկը, որ այսպես կանի։ Ես հիմա էլ կարող եմ էլի բաներ վերցնել ինձ վրա։ Եթե ինչ-որ մեկը դա չի անում՝ ես չեմ կարող իմ ընկերներին մատնել»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ