ՄԱՍՆԱՎՈՐ ՇԱՀԵՐ, ՊԵՏԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ Երեկ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսեցին «ՀՀ 2002 թ. պետբյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ներկայացնելով բյուջեի ուղերձը, հայտարարեց, որ պետական ապարատում չեն կարողանում երիտասարդ կարող ուժերի ներգրավել, քանի որ այդ պաշտոնների համար սահմանված աշխատավարձերը շատ քիչ են։ Այնուամենայնիվ, այս «մտահոգությամբ» հանդերձ, 2002 թ. պետբյուջեի նախագծում որեւէ տեղաշարժ այս առումով արձանագրված չէ։ «Պետք է պայմաններ ստեղծենք, որ երիտասարդները գան պետական ապարատ։ ԾԻԳ-երում այնքան շատ է աշխատավարձը, որ մեզ մոտ չեն գալիս»,- անորոշ ուղղությամբ բողոքներ շռայլեց Անդրանիկ Մարգարյանը։ Այս հայտարարության եւ դժգոհության հայտի վերաբերյալ ԱԺ որոշ պատգամավորներ զարմացած իրար հարց էին տալիս, թե ինչու, ասենք, իրենք գոնե այս տարվա բյուջեի նախագիծը կազմելիս այդ հանգամանքը նկատի չեն ունեցել։ Իսկ ընդհանրապես, ինչպես 2001 թ. բյուջեն, 2002 թ. բյուջեի նախագիծը, ըստ Ա. Մարգարյանի, եւս իրատեսական է, եւ ինչքան կա, այդքան էլ պետք է ծախսեն եւ տեղավորվեն այս բյուջեի մեջ։ «Շատ դժվար է, երբ պատգամավորներին օրենքի ընդունման ժամանակ ասում ենք՝ դուք բերում եք լրացուցիչ պարտավորություններ բյուջեի համար, ասում են՝ լավ, այս տարվա համար չենք բերում։ Ոնց որ մեզ լավություն են անում, իբր՝ լավ, այս տարի դուք այդ ծախսը չեք անի, մյուս տարի կանեք։ Ասում ենք, բայց մյուս տարի ես չեմ կարող 20-30% տնտեսական աճ ապահովեմ, որպեսզի այդ հսկայական գումարները կարողանանք ծախսել։ Միակ պատասխանը կառավարության կողմից սա է. 2002 թ. բյուջեն կբերեմ, ձեր ընդունած գումարները ասեք որտեղից եմ պոկելու, որտեղ եմ տալու»,- ասաց Ա. Մարգարյանը։ Ըստ վարչապետի, այսօր մի քանի բնագավառներ կան, որտեղ անհնար է ծախսերը կրճատել՝ պաշտպանություն, արտաքին տնտեսական աջակցություն։ Մնացած տեղերում, ըստ Ա. Մարգարյանի, օպտիմիզացիոնների, ծախսերի կրճատման պատճառով, գնումների մասին օրենքի կիրառումով կարողանում են միայն պետական ապարատի ծախսերը կրճատել, իսկ ծրագրերի իրագործման ծախսերը չեն կրճատվել։ «Առավոտի» հարցին, թե ինչպիսի՞ տրամաբանությամբ եւ հիմնավորմամբ է ե՛ւ 2001 թ., եւ 2002 թ. պետբյուջեում պետական հանձնաժողովների աշխատավարձերը, ի տարբերություն այլ պետական հիմնարկությունների, այդքան բարձր սահմանվում եւ ինչո՞ւ դրանք չեն վերանայվում, Ա. Մարգարյանը պատասխանեց. «Հերթական աբսուրդն է։ Անկախ հանձնաժողովները, ըստ օրենքի, իրենք են հաստատում իրենց բյուջեն, հաստիքացուցակը, աշխատավարձերը, եւ մենք պարզապես պարտավոր ենք՝ օրենքին ենթարկվելով, իրենց ներկայացրած թվերը բյուջեում ներառել։ Հարցը քննարկվել է»։ Ա. Մարգարյանի հավաստմամբ, Ազգային հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Նաղդալյանը, ի տարբերություն մյուս հանձնաժողովների նախագահների, շատ իրատեսական մոտեցում է ցուցաբերել այդ հարցում, չնայած իրեն եւս տրված էր այդ հնարավորությունը։ Տ. Նաղդալյանը այնպիսի աշխատավարձեր եւ հաստիքներ է ներառել հանձնաժողովի համար, որը համապատասխանում է, վարչապետի խոսքով՝ «նախարարի մակարդակին»։ Սակայն կան հանձնաժողովներ, որոնք կրկնակի, եռակի, քառակի անգամ բարձր են աշխատավարձեր ստանում, քան, ասենք՝ հանրապետության նախագահի աշխատավարձն է։ Իսկ թե որո՞նք են դրանք «Առավոտի» հարցին Ա. Մարգարյանը պատասխանեց. «Մնացած բոլորը, օրինակ չբերեմ։ Մոտեցումների մասին ժամանակին էլ է քննարկվել, եւ մենք դեմ էինք, բայց ԱԺ-ն հաստատեց։ Մենք, հավանական է, կդիմենք ԱԺ-ին, որպեսզի կարողանանք հավասարություն մտցնել հանձնաժողովների մեջ»։ Իսկ էներգետիկայի հանձնաժողովի ֆունկցիաները, ըստ վարչապետի, գնալով ավելանալու եւ ոչ թե պակասելու են։ Առաջիկայում կառավարությունը համապատասխան օրենսդրական փոփոխություններ կներկայացնի, ըստ վարչապետի, որպեսզի ամբողջ սակագնային քաղաքականությունը կենտրոնացվի մեկ մարմնում։ Դրանով փորձ կարվի «պետական ապարատը հովանավորչությունից, սուբյեկտիվիզմից զերծ պահել սակագների քաղաքականությունը»,- նշեց Ա. Մարգարյանը՝ ավելացնելով, որ վերոնշյալ հանձնաժողովների աշխատավարձերի չափի վերաբերյալ պրոբլեմ կա, որի մասին «մտածում են» եւ ԱԺ-ին կառաջարկեն քննարկումների ժամանակ անդրադառնալ դրան։ Իսկ փոփոխությունները կառավարությունն ինքը կներկայացնի ԱԺ-ին։ Օրինակ, պետական արժեթղթերի հանձնաժողովը ե՛ւ 2001 թ., ե՛ւ 2002 թ. կառավարությանը ներկայացրել է նույն թիվը, որը տարեկան կտրվածքով կազմում է մոտ 118 մլն դրամ։ Այն դեպքում, երբ այս հանձնաժողովն ունի ընդամենը 36 հաստիք։ Իսկ երբ այն համեմատում ենք, ասենք, ՀՀ ֆինանսների նախարարության տարեկան աշխատավարձերը կազմող գումարաչափի հետ, պարզվում է, որ մոտ 400 հաստիք ունեցղ նախարարության տարեկան աշխատավարձերը ոչ ավել, ոչ պակաս վերոնշյալ հանձնաժողովի տարեկան աշխատավարձերի գումարաչափից մոտ եռակի անգամ է ավել։ Ստացվում է, պետական արժեթղթերի, ինչպես նշեց տնտեսագետներից մեկը, մեռած հանձնաժողովը, որտեղ ոչ արժեթղթեր կան, ոչ էլ՝ աշխատանք, պարապ վիճակում շատ ավելի առավելություններ ունի, քան՝ աշխատող կառույցները։ Մեկ այլ հիմնավորմամբ, այդ հանձնաժողովներին իսկապես պետք է այդքան բարձր վարձատրեն, որպեսզի վերջիններս կարողանան անկախ գործել, ասել է թե՝ կաշառք վերցնելուց զերծ մնան։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ