Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻ ԴԺՎԱՐԻՆ ԾՆՈՒՆԴԸ

Նոյեմբեր 14,2001 00:00

ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻ ԴԺՎԱՐԻՆ ԾՆՈՒՆԴԸ Հանրագիտարանը սկսվում է բառացանկից։ Բառացանկը հանրագիտարանի հիմքն է, ատաղձը, տվյալ հրատարակության բնույթը, կառուցվածքը, ծավալը որոշող կարեւոր գործոն։ Հայկական Սովետական Հանրագիտարանի բառացանկը պարունակում է 38767 տերմին։ Ճյուղային խմբագրություններից ստացված բառացանկերի նախնական օրինակները պարունակում էին շուրջ 150 հազար տերմին։ Բառացանկերի վրա աշխատանքը տեւել է 5 տարի՝ 1965-70թթ.։ Սկզբում կազմվել են թեմատիկ բառացանկերը, նոր միայն ընդհանուրը։ Բառացանկի վրա աշխատանքը շարունակվում է մինչեւ հանրագիտարանի լրիվ հրատարակումը՝ անընդհատ թարմացվում է, լրացվում։ Բառացանկերը քննարկվել են գիտական եւ հասարակական հիմնարկներում։ Բառացանկի նախկին վարիչ Երանուհի Մաշուրյանին եւ խմբագիրներին՝ Սուրեն Շարամբեյանին եւ Սուրեն Համբարձումյանին ծանր աշխատանք էր սպասվում՝ ճյուղային խմբագրություններից ստացված 150 հազար տերմինից ընտրել 38 հազարը։ ՀՍՀ բառացանկը բաժանվել է երեք հավասար մասի՝ նախկին Սովետական Միությունը, աշխարհի երկրները եւ Հայաստանը։ Սովետական Միության եւ արտասահմանյան երկրների գործը հեշտ էր, որովհետեւ մեր ձեռքի տակ ռուսական եւ այլ երկրների բազմաթիվ հանրագիտարաններ կային։ Դժվարը բառացանկի հայկական մասը կազմելն էր, որովհետեւ մինչեւ 1974թ.՝ Հայկական Սովետական Հանրագիտարանի 1-ին հատորի լույս տեսնելը, հայկական ոչ մի համապարփակ հանրագիտարան չկար։ Մի աղբյուրի մեջ մեր մեծերի հայրանունը, ծննդյան, մահվան թվերը այլ էին, մեկ այլ աղբյուրում՝ այլ։ Հիշում եմ. 1970թ. բառացանկի վարիչը մեզ՝ ինձ եւ Ֆրիդա Աղվանյանին ուղարկում էր Պանթեոն՝ գերեզմանաքարերի վրայից տվյալներ ճշտելու։ ՀՍՀ բառացանկը՝ հայկական առաջին հանրագիտարանի բառացանկը, ծնվեց երկունքով։ Հիմա ապագա սերունդները ունեն հիմք նորանոր հանրագիտարաններ ստեղծելու համար։ Առայսօր ստեղծվել է շուրջ 30 հատոր հանրագիտարան։ ՀՌԻՓՍԻՄԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հայկական հանրագիտարանի խմբագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել