Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բա մենք չբողոքե՞նք

Նոյեմբեր 14,2001 00:00

Բա մենք չբողոքե՞նք «Գալակտիկա» ՓԲԸ-ի կոլեկտիվի 20 անդամներ երեկ հավաքվել էին Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց, պատրաստել էին նամակ ուղղված ԳԱԱ պրեզիդենտ Ֆ. Սարգսյանին։ Նրանք բողոքում էին «Գալակտիկա» ՓԲԸ-ում ստեղծված իրավիճակից եւ անում էին հայտարարություններ, որոնցով հարկ է, որ զբաղվեն իրավապահ մարմինները։ Մասնավորապես այսպիսի. «պարսկական հսկա բեռնատարները անթաքույց շարունակում են ձեռնարկության տարածքից դուրս բերել մետաղ, հաստոցներ, սարքավորումներ եւ այն ամենը, ինչ մետաղ է պարունակում»։ Նրանց կարծիքով (գոնե ինձ համար մեծագույն գիտնական) Գրիգոր Գուրզադյանի «գիտական» ծրագիրը եղել է «վերացնել» «Գալակտիկա» ՓԲԸ-ն, ասպարեզից մեկուսացնել «գիտության մասին իրոք մտածող մարդկանց»։ Նրանք ակադեմիայի պրեզիդենտի «երեսովն» էին տալիս այն հանձնաժողովի մասին (23.04.2001թ. ստեղծված), որի խնդիրը ՓԲԸ-ի պրոբլեմներն ուսումնասիրելն էր։ Մենք զրուցեցինք այդ 20-ից շատերի հետ. նրանք լինելով բաժնետերեր, բողոքում էին, որ 1994-ից բաժնետերերի ընդհանուր ժողով չի հրավիրվել, իսկ խորհրդի անդամ ԱԱ փոխպրեզիդենտն էլ՝ Յուրի Շուգուրյանը, չի ընդունում իրենց։ Ի դեպ, ակադեմիկոս Յուրի Շուգուրյանը ոչ միայն երեկ ընդունեց նրանց, այլեւ ողջ ժամանակամիջոցում նրանց ունկնդրեց ոտքի վրա կանգնած։ «Գալակտիկայի» շատ աշխատակիցներ իրենց բողոքը ներկայացնում էին նստած։ Պրն փոխպրեզիդենտը ֆինանսների եւ այլ օրինախախտումների վերաբերյալ «Գալակտիկայի» նախկին աշխատակիցների փաստարկների կապակցությամբ հայտնեց, որ այդ խնդիրն իր իրավասության շրջանակներից դուրս է, իսկ ինքն անձնապես հետամուտ կլինի ՓԲԸ-ի ընդհանուր ժողովի հրավիրումը կազմակերպել եւ մասնակցել։ – Ինչքա՞ն եք,- հարցրեց Յուրի Շուգուրյանը։ – 208։ – Կհավաքե՞ք այդքան ձեր ժողովին։ Սակայն թեժ մթնոլորտում այն տպավորությունն էր, թե ժողովն արդեն իսկ սկսվել է, միայն առանց Գուրզադյան-Վեքիլյան- Թունյանի, որոնց ՓԲԸ-ի կոլեկտիվը համարում է ինքնակոչ եւ պատահական «ընտրված»։ Պրն Շուգուրյանը ՓԲԸ-ի կոլեկտիվին հարցրեց, թե ո՞ւր են նրանց կողմից ընտրված խորհրդի անդամները։ Պարզվեց, երկուսը մահացել էին, իսկ երկուսն էլ դուրս էին եկել հանրապետությունից։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել