Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՉՔՆԵՐՍ ԼՈՒՅՍ

Նոյեմբեր 14,2001 00:00

ԱՉՔՆԵՐՍ ԼՈՒՅՍ Կառավարությունը իր տարեկան նորամուծությունը հրամցրեց ժողովրդին։ Ինչպես հայտարարեց ֆինանսների փոխնախարարը օրենսդրական փոփոխությունների փաթեթում տեղ է գտել նաեւ ավտոմեքենաները լիցքավորող գազի հաստատագրված հարկի բարձրացման նախագիծը, որի հետեւանքով գները կարող են բարձրանալ եւ հասնել բենզինի գներին, քանզի «բենզին քիչ է վաճառվում, որովհետեւ գազի գինը անհամեմատ էժան է»։ Սա անտրամաբանական է, չնայած վերջին երեք տարում, հարկային բնագավառում, կառավարության եւ Ազգային ժողովի ո՞ր քայլն է տրամաբանությանը մոտիկ եղել, որ այս մեկը բացառություն կազմեր։ Մի՞թե մոռացել ենք, որ 1999թ. օգոստոսին «բյուջեի ճեղքվածքը» փակելու պատրվակով, բարձրացնելով բենզինի եւ ծխախոտի հարկերը, կրկնակի բարձրացան դրանց գները (եւ ոչ միայն դրանց), ինչի հետեւանքը եղավ չքավորների եւ աղքատների քանակի ավելացումը։ Միայն ծխախոտի գծով բյուջեն տուժեց 25 մլն դոլարով։ Գրեթե կանգ առավ բենզինի վաճառքը, ներկրումը նվազեց կիսով չափ, նույն չափով էլ նվազեցնելով հարկերի մուծումը։ Մի՞թե մոռացել ենք, որ 2000թ. էլ «ստվերայնության» դեմ պայքարելու անվան տակ ներկրվող դեղերի համար սահմանեցին ավելացված արժեքի հարկ, որի պատճառով էլ գները բարձրացան 3-4 անգամ, ժողովրդի մի մասի համար դեղորայքը դարձավ անմատչելի։ Դե հիմա, բյուջեի մուտքի այդ բոլոր կորուստները գումարենք եւ տեսնենք՝ քանի անգամ է այն ավելի արտերկրից տրված եւ մեզ իրենց վասալը դարձրած գումարներից։ Ուրեմն, որպեսզի օտար երկրներից 20 մլն դոլար պարտք բերեն, տրորում են սեփական ժողովրդին, զրկվում սեփական վարկատուներից սպասվելիք 60 եւ ավելի միլիոններից: Ինչ վերաբերում է վերջին նախաձեռնությանը՝ նախ մեր միամիտներին (կամ մեզ միամիտների տեղ դնողներին) ասենք, որ ոչ մի երթուղային տաքսի մեծ ծախսեր չի անի գազի սարքավորումը փոխելու եւ ահռելի գներով բենզին գնելու համար։ Նա կգնա արդեն փորձված ճանապարհով, կբարձրացնի ուղեվարձը, որի հետեւանքով դարձյալ կտուժի ժողովուրդը՝ կպակասեն ուղեւորները, կավելանան գործազուրկ վարորդները, նորից կպակասի բյուջեի մուտքը։ Բենզինի վաճառքը չի ավելանա, գազինն էլ կանգ կառնի։ Ամենակարեւորը՝ նորից կվատանա բնակչությանը սպասարկող տրանսպորտի վիճակը, որը կարծես թե կարգավորվել էր։ Կարծում եմ, այս մեռելածին նախագիծը պետք չէ կյանքի կոչել։ ԿԱՌԼԵՆ ՔԱԼԱՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել