Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 23-րդ տուրում, որ կայացավ շաբաթ օրը՝ նոյեմբերի 10-ին, առաջատար «Փյուն

Նոյեմբեր 14,2001 00:00

«ՓՅՈՒՆԻԿԸ»՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 23-րդ տուրում, որ կայացավ շաբաթ օրը՝ նոյեմբերի 10-ին, առաջատար «Փյունիկը» Աբովյանում պետք է հանդիպեր «Արարատի» հետ։ Ֆուտբոլասերները գիտեն, որ մնացած հանդիպումներում Սամվել Դարբինյանի սաներին բավական էր վաստակել ընդամենը մեկ միավոր, որպեսզի մրցակիցների համար անհասանելի դառնային։ Սակայն դաշտի տերերը չներկայացան օրացուցային պլանով նախատեսված խաղին եւ, առաջնության անցկացման կանոնակարգի համաձայն, նրանց 0։3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցվեց։ Այսպիսով, Երեւանի «Փյունիկը» Հայաստանի առաջնության ավարտից երեք տուր առաջ նվաճեց չեմպիոնի կոչումը, որի համար նրան շնորհավորում ենք։ Անկախ Հայաստանի ֆուտբոլային 10 առաջնություններում սա այս թիմի չորրորդ ոսկե մեդալն է, որով «Փյունիկը» յուրօրինակ ռեկորդ սահմանեց։ Ստեղծվելով 1992թ. «Հոմենենթմեն» անունով, այս թիմը Հայաստանի անդրանիկ առաջնությունում «Շիրակի» հետ միասին նվաճեց երկրի չեմպիոնի կոչումը։ 1995թ. թիմը վերանվանվեց «Փյունիկ» եւ երկու անգամ անընդմեջ՝ 1995/96 ու 1996/97թթ. նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ Դրան հաջորդեց թիմի ճգնաժամային շրջանը եւ մեկ տարի հետո ակումբի առանցքային խաղացողները հեռացան ու մրցաշրջան-98-ի ավարտին թիմը լուծարվեց։ Բայց, բարեբախտաբար, դա շատ երկար չտեւեց։ Այս տարի ակումբի հիմնադիր եւ գլխավոր հովանավոր Ռուբեն Հայրապետյանը կրկին հավաքեց թիմը, որն առաջին իսկ տուրերից գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Բավական է ասել, որ այս առաջնությունը «Փյունիկը» սկսեց ութ անընդմեջ հաղթանակներով։ Սակայն թիմի մարզիչները եւ ակումբի ղեկավարությունը Ռ. Հայրապետյանի հետ միասին ճիշտ քաղաքականություն են որդեգրել։ Եթե քո երկրում առաջինն ես, դա չի նշանակում, թե հաջողություն ու ճանաչում կարող ես ունենալ նաեւ միջազգային մրցասպարեզներում։ Դրա համար անհրաժեշտ է ստեղծել մարտունակ կոլեկտիվ, մի բան, որ միայն տեղի կադրերով անհնար է։ Այդ իսկ պատճառով այստեղ լուրջ աշխատանք է կատարվում դրսից, մասնավորապես, Մալիից եւ Հարավսլավիայից լեգեոներականներ հրավիրելով։ Ներկայումս «Փյունիկում» խաղում են դրսից հրավիրված վեց ֆուտբոլիստներ եւ բոլորն էլ, կարծես, իրենց լավ են դրսեւորում։ Հայաստանի ներկայիս չեմպիոն «Փյունիկի» առջեւ կրկին բաց են Եվրոպայի ստադիոններ տանող ճանապարհները։ Իսկ մինչ այդ, դժվար չէ ենթադրել, որ թիմը նպատակ ունի նվաճել նաեւ Հայաստանի սուպերգավաթը։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել