Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումների որակի՝ բացթողումների եւ հայեցի ոչ լիարժեք հնչո

Նոյեմբեր 14,2001 00:00

Պե՛տք է վերականգնել Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումների որակի՝ բացթողումների եւ հայեցի ոչ լիարժեք հնչող խոսքի մասին շատ է խոսվել, բայց արդյո՞ք այսօրվա բազմաթիվ հեռուստաընկերությունների ծնունդ տված նահապետ Հանրայինը չունի կամ չուներ ուսուցողական եւ բարձրարժեք հնչեղությամբ հաղորդումներ։ Ուներ, եւ դրանք եթեր էին սփռվում ոչ վաղ անցյալում։ Հեռուստատեսային «Երեւան» ստուդիայի հետ համագործակցելով, Հանրային հեռուստատեսությունը ստեղծել էր մեկ րոպեից էլ քիչ տեւողությամբ մի գողտրիկ, հաճելի եւ ուսանելի հաղորդաշար, որը կրում էր «Մենք» խորագիրը՝ ձեւավորված երաժշտական նուրբ հնչողությամբ, կարճ ու հետաքրքիր բովանդակությամբ։ Բարձրարժեք այս հաղորդմանը անհամբերությամբ էր սպասում հեռուստադիտողը, որ «Հայլուրի» ավարտից հետո, ժամը 21.40-ին դիտի հայազգի մեծ հայտնագործությունների հեղինակ գիտնականների, կոնստրուկտորների, տաղանդավոր արվեստագետների, խորաթափանց զինհրամանատարների ու քաղաքական գործիչների եւ այլ հանճարների մասին պատմող «Մենքի» հերթական թողարկումը։ «Հուշալբոմ» հեռուստատեսային հաղորդումների միջանկյալ ժամանակահատվածում, Շառլ Ազնավուրի երգերից մեկի երաժշտության ներքո, լուսամփոփով զարդարված փոքրիկ սեղանի վրա, ակնոցի ու գալարաթղթի հարեւանությամբ, բազմանկար էջերի թերթումով բացվում էր կարմիր ալբոմը, միաժամանակ թրթռացնելով հեռուստադիտողի սիրտը, թե կյանքից հեռացած որ արվեստագետի կատարումը պիտի ցուցադրի «Հուշալբոմի» հարազատ ու խունացած էջը եւ կայանում էր հանդիպումը՝ նոր սերնդին ծանոթացնելով, իսկ մեծահասակներին ջերմ հիշողությամբ պարուրելով՝ Տաթեւիկ Սազանդարյանի, Շարա Տալյանի, Արաքսյա Գյուլզադյանի, Նորայր Մնացականյանի, Լուսինե Զաքարյանի, Սուրեն Քոչարյանի, Հրաչյա Հովհաննիսյանի եւ շատ այլ երգիչների, ասմունքողների ու բանաստեղծների ելույթներով, մարդկանց մի պահ խլելով հուսալքության չթուլացող կապանքներից։ Հարկավոր է վերականգնել այս եւ նմանատիպ հաղորդումները, անթույլատրելի է մոռացության մատնել լավագույնը։ Մեր սերունդը չի սիրում ընթերցել, նրան պետք է այս ձեւով կրթել ու ներկայացնել մեր ազգային մշակույթն ու նրա նվիրյալներին։ Ուստի լավ կլինի կրկնել «20-րդ դարի հայերը» հեռուստահաղորդումների շարքը։ Այս ձեռքբերումները եթե ունենային Ռուսաստանի, Եվրոպայի, Ամերիկայի հեռուստաընկերությունները, գերագնահատելով իրենց արժանիքները, հեռուստատեսային «Տեֆի», «Ոսկե Օրփեոս», «Օսկար» եւ հազար ու մի մրցանակներ կբաշխեին դրանց հեղինակներին, իսկ մեզ մոտ մոռացվում եւ, ցավոք, անտեսվում է դրանց ծնունդ տված լրագրող-ռեժիսորների իսկապես շնորհակալ աշխատանքը, եւ որոշ ժամանակ անց, այդ հեռուստահաղորդումների տեղը գրավվում է սուտ ու անպտուղ գովազդային հոլովակների ձանձրալի ու անվերջանալի ցուցադրումներով։ ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՔԱՌՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել