Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առավոտին»

Նոյեմբեր 14,2001 00:00

«ՕՐԵՆՔՈՎ» ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԷԻՆ «Առավոտին» տված իր հարցազրույցի ժամանակ ԱՆ զագսերի վարչության նախկին պետ, արդարադատության 3-րդ դասի խորհրդական, գեներալ-մայոր, նախկինում դատապարտված Վաղինակ Ղազարյանը ասել է, որ դիմել է հանրապետության նախագահին՝ հանիրավի դատապարտվելու եւ արդարացվելու խնդրով։ Երեկ մենք դիմեցինք արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար պրն Իշխան Նազարյանին, թե արդյոք Վ. Ղազարյանի նամակ-դիմումը տե՞ղ է հասել։ Նա պատասխանեց, որ Վ. Ղազարյանի դիմումը ԱԽ-ում է։ Իսկ հարցի լուծումն ինչպես է պատկերացնում՝ «Առավոտի» հարցադրմանն էլ պատասխանեց, որ հարցը կլուծվի, եթե Վ. Ղազարյանն առաջնորդվի Սահմանադրության 93, քրդատօրի 403, 404 հոդվածներով։ Մենք կրկին շարունակում ենք գեներալ-մայոր Վաղինակ Ղազարյանի հետ մեր զրույցը։ – Ձեզ լսելուց հետո, ինչպես Դուք եք ասում, «բնական եւ բանական հարց է առաջանում», թե այդ ինչպես եղավ, որ նման արտառոց փաստերի առկայության պարագայում Ձեզ դատապարտեցին 8 տարվա ազատազրկման։ – Այդպիսի փաստերի առկայության պարագայում ինձ դատապարտելու հնարավորության հիմքերը դրվել են դեռեւս ԽՍՀՄ-ում ամբողջատիրական ռեժիմի հաղթարշավի տարիներին։ 1937-ին վերահաստատվեցին 1923-ի հաստատված իրավապահ մարմինների կանոնադրությունները, որոնցով վերաձեւավորվեցին, ժամանակի պահանջներին համապատասխանեցվեցին իրավապահ մարմինների ողջ համակարգը, ծառայությունների ու բնագավառների գերատեսչական ենթակայությունը։ Ստեղծվեց այնպիսի համակարգ, որը «վերեւից» տրված ցուցումով կարող էր ցանկացած մարդու ցանկացած հանցանքը մեղսագրել եւ «օրենքով» դատապարտել։ Այդպես տասնյակ միլիոնավորների (ըստ Վ. Աբրամկինի Մոսկվայի «Մարդու իրավունքների ուսումնասիրման կենտրոնի» տվյալների՝ 40 միլիոն մարդուց ավելի) դատապարտեցին մահվան, իսկ երեւի դրանից շատ ավելին ազատազրկման դատապարտվածների քանակն է։ Վեց տասնամյակից ավելի է անցել, բայց նույնությամբ պահպանվել է 1937թ. իրավապահ մարմինների ձեւախախտված համակարգը։ Ասել է թե, այսօր էլ, ինչպես տասնամյակներ առաջ, առկա է «վերեւից» տրված հանձնարարությամբ կամ պատվերով անմեղ մարդկանց դատապարտելու հնարավորությունը։ Մի պատվեր էլ ինձ դատապարտելն էր։ Իհարկե, պատվեր կատարողներն էլ իրենց ծառայությունների համար որոշակի հատուցումներ ստանում են։ Ես հայտարարություն չէ, որ անում եմ, բայց մարդուն ակամայից մռայլ մտքեր են պաշարում այն փաստից, որ իմ նկատմամբ դատապարտող դատավճիռ կայացնելուց մի շաբաթ հետո ՀՀ նախագահի նույն հրամանագրով (1996թ. հունվար) ինձ դատող դատավորը նշանակվեց ՀՀ գերագույն դատարանի քրգործերով դատական կոլեգիայի նախագահ, իսկ դատավարությանը մասնակցող դատախազը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ – Եթե Ձեզ դատապարտելու ապացույցները հերքող փաստերն ու փաստարկները ճիշտ են, ապա տարբեր ատյանների ու մարմինների այդքան բողոքներ ու գանգատներ հղելուց հետո ինչո՞ւ չեք արդարացվում։ – Այն պարագայում, երբ քրեական գործերի հարուցումից մինչեւ գործը դատարան հանձնելը, բոլոր քննչական գործողությունները կատարվում են դատախազության հսկողությամբ, գիտությամբ ու թույլտվությամբ, դատարանում էլ նույն այդ դատախազությունն է պաշտպանում մեղադրանքը, ինչպե՞ս կարելի է սպասել, որ այդ նա կընդունի, որ ինքը այդ գործով սխալներ է թույլ տվել եւ կբողոքարկի իր իսկ սխալների կամ բացթողումների դեմ։ Բողոքարկման իրավունքը դատախազությանը վերապահելը արդարադատության վերականգնման միջոցն է։ Իմ պարագան բարդանում է նրանով, որ իմ դատավարությանը մասնակցող դատախազն ինքը պետք է բողոքը բերի, իսկ ինձ դատող դատավորն էլ (վճռաբեկ դատարանի նախագահի քրգործերով տեղակալը) ինքը պետք է որոշի՝ ինքը սխա՞լ է թույլ տվել, թե՞ ոչ։ Վիճակս ավելի է բարդանում, եթե ինձ դատելուց հետո նրանց պաշտոնների բարձրացումը պատահական զուգադիպություն չէ։ Չնայած պետք է նշեմ, որ Լ. Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո իմ պատժաչափը կիսվեց (դարձավ չորս տարի), քրգործերով դատական կոլեգիան (նիստին մասնակցել էր նաեւ Մ. Խաչատրյանը) այդ որոշումը կայացրել էր միաձայն։ – Հայտնի է, որ Դուք դիմել եք նաեւ ՀՀ նախագահին կից Մարդու իրավունքների հանձնաժողովին։ – Նախագահին հղած իմ խնդրագրերը որպես կանոն վերահասցեագրվել են ՀՀ դատախազությանը։ Այսինքն՝ ստացել են այն ընթացքը, ինչ «այն հին, բարի» սովետական տարիներին եւ այն ժամանակվա ոգով իմ բողոքը հանձնարարվում էր քննարկել այն մարմնին, ում գործողությունները բողոքարկվում էր։ Բնական է, որ նախագահը, շատ մեծ ցանկության դեպքում անգամ, չի կարող անձամբ ծանոթանալ ու ընթացք տալ իրեն հղված բոլոր դիմումներին, բայց կարող է եւ պարտավոր է իր անունից գործող օգնականներից պահանջել, որ նախագահի անունից դժգոհություններ առաջացնող պատասխաններ չտրվեն քաղաքացիներին, որպեսզի նրանք զուգահեռներ չանցկացնեն ներկա եւ անցյալ իշխանությունների միջեւ՝ գերապատվությունը տալով անցյալին։ Նրա համար այդպիսի մի օգնական է նաեւ իրեն կից Մարդու իրավունքների իրավազուրկ, անատամ հանձնաժողովը։ Այն ստեղծվել է ոչ թե ՀՀ քաղաքացիների ոտնահարված իրավունքները պաշտպանելու, այլ «պտիչկայի» համար, ինչ-որ միջազգային ատյանների ցույց տալու համար, թե իբր մեզանում էլ մարդու իրավունքների պաշտպանության հասկացություն կա։ Զրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել