Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեւանցիներն ամենից շատ «թերանում» են ջրամատակարարման պարտքերը մարելու հարցում, ինչի համար սեփական ա

Նոյեմբեր 14,2001 00:00

Ջրմուղային փիլիսոփայություն Երեւանցիներն ամենից շատ «թերանում» են ջրամատակարարման պարտքերը մարելու հարցում, ինչի համար սեփական արդարացումն ունեն: Քաղաքացիները ցանկանում են կոմունալ ծառայությունների դիմաց վճարել միայն այն չափով, որքանով դրանք մատուցվել են իրենց։ Ինչ վերաբերում է ջրի կենարար «շնորհին», ապա այն ոչ միշտ եւ ոչ բոլորին է տրվում։ «Առավոտին» դիմած Վարդաշեն թաղամասի 70-ամյա բնակիչը այն քչերից էր, որ, չնայած ամեն ինչին, պարտաճանաչ վճարել էր բոլոր վարձերը, թեեւ հայտնվել էր չվճարողների շարքում, ում ջուրն անջատված է։ Նրա ակամա պատիժը Էրեբունու ջրմուղկայանում պատճառաբանել էին տարածքում ջրամատակարարման վարձերի վճարման ցածր մակարդակով, ինչը դժվար թե հարմար «ալիբի» լինի համապատասխան ոլորտը սպասարկողների համար։ Ի դեպ, նույն տարածքի ջրմուղկայանից Զինա (ազգանունը չցանկացավ նշել) ներկայացած աշխատակցուհին ինձ նույնիսկ հանդիմանեց «անհարկի» հարցերիս ու դեռեւս դպրոցական տարիներից ջրամատակարարման ու ջրագծերի միացման նրբությունների մասին չստացած գիտելիքներիս «բացի» համար, հետո էլ խորհուրդ տվեց «որպես օրենքի մարդ՝ դիմել գործկոմին եւ կենտկոմին»։ Էրեբունու տարածքի որոշ հատվածներում ջրամատակարարման մասսայական դադարեցման վերաբերյալ մեր հարցերից ավելի մարտականորեն տրամադրվելով՝ ասաց. «Եթե ամբողջ մի փողոց ընդհանուր ջրամբարից եկող ջրագծից է սնվում, հո չե՞նք կարող հատուկենտ վճարողների համար 100 հատ առանձին խողովակ անցկացնել։ Դրա համար էլ բոլորի՝ ե՛ւ վարձը վճարողների, ե՛ւ չվճարողների, ջուրն էլ կտրել ենք»։ Նա նաեւ հավաստիացրեց, որ միայն 30% վճարումների դեպքում հնարավոր կլինի վերականգնել ընդհանուր ջրամատակարարումը, ինչը բնակիչների կողմից դեռեւս չի արվում։ Իսկ մեկ-երկու ջրի վարձ մուծողների շահերի պաշտպանությունը իրենց խնդիրը չհամարեց, մանավանդ ամբողջ օրն աշխատելու դեպքում էլ բնակիչներն իրենցից միայն դժգոհում են ու բողոքում լրատվամիջոցներին, որոնց ներկայացուցիչներն, ի տարբերություն ջրմուղի բազմաչարչար աշխատակիցների, գոնե ժամանակ ունեն շունչ քաշելու ու ժպտալու։ Կարծում ենք, որ փոխանակ նմանօրինակ հարցերին փիլիսոփայորեն շեղում տալու, ավելի ճիշտ կլիներ ընդամենը ջրամատակարարման այնպիսի համակարգ ստեղծելու մասին մտածել, որի դեպքում չէին ոտնահարվի պարտաճանաչորեն վճարող սպառողների շահերը։ Որովհետեւ քանի դեռ կիրառվում է ջրամատակարարման վարձերի հավաքման այդօրինակ «խրախուսումը», հաստատ կգա օրը, երբ անհայտ սկզբունքներով սահմանված ջրավարձը մուծողների թիվն էլ կպակասի։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել