Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպես

Նոյեմբեր 14,2001 00:00

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ՝ ՈՉ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ Այսպես է բնորոշում ԱՄՆ առողջապահական համակարգը ազատ լրագրող Լիա Քոլենբերգը։ Ըստ նրա, դրա մեղավորը հիմնականում բժշկական ապահովագրությունն է, որն օրեցօր թանկանում է։ Այդ ապահովագրության զարգացման կոպիտ սխեման հետեւյալն է։ Ամենասկզբում բուժսպասարկումը եղել է «Հիվանդ ես՝ վճարիր» սկզբունքով, այսինքն՝ մարդը վճարել է այն ժամանակ, երբ հիվանդացել է։ Հետո մասնավոր կառույցները, հաշվի առնելով այն, որ անսպասելի դեպքերում՝ վթարներ, աղետներ, դժբախտ պատահարներ, բուժօգնությունը շատ ավելի թանկ է լինում, եւ հաճախ դրա կարիքն ունեցողը այդ պահին վճարունակ չէ կամ մասամբ է վճարունակ, որոշեցին կամավորներից գումարներ հավաքագրել՝ հետագա անհրաժեշտության դեպքում դրանք ծախսելու պայմանով։ Մարդիկ հեշտությամբ էին վճարում, քանի որ ամենամսյա վճարները ցածր էին եւ հանրագումարում համապատասխանում էին բուժսպասարկման ինքնարժեքին։ Վերջինս առաջընթաց ապրում էր, բայց ոչ այն արագ տեմպերով, ինչքան՝ ապահովագրական վճարները։ Իսկ դա լինում էր հետեւյալի արդյունքում. անհապաղ բուժօգնության դիմում է մեկը, որի վճարները դեռ չեն լրացրել իրեն այդ պահին անհրաժեշտ բուժօգնության արժեքի չափը։ Գուցե նա հետագայում դա կանի, բայց իրեն՝ բուժօգնություն, հետեւաբար եւ՝ դրա համար պահանջվող գումարը անհրաժեշտ են տվյալ պահին։ Նրան ցույց է տրվում բուժօգնություն, միայն թե դրա արժեքը բաշխվում է մյուս ապահովադիրների վրա, այսինքն բարձրանում են ապահովագրական վճարները։ Այս գործընթացին զուգահեռ զարգանում էր նաեւ ընդհանրապես բժշկական ապահովագրությունը՝ ոչ արտակարգ իրավիճակների համար։ Սակայն այս դեպքում շատանում էին նաեւ տարբեր՝ առավել հաճախ հանդիպող հիվանդություններով բուժօգնության դիմողները եւ էլի ծախսվում էին ավելի շատ գումարներ, քան դրանք վճարվում էին։ Արդյունքում դարձյալ վճարի չափը բարձրանում է։ Իհարկե, ապահովագրական գործակալությունները գլխի ընկան, որ մարդկանց ինչ-որ հիվանդություններից ապահովագրելով իրենք «տակ են տալիս»։ Այդ սխալն ուղղվեց, իսկ վճարների չափը շարունակեց բարձրանալ։ Այդպես ստացվում է, որ բուժօգնության իրական գինը մի քանի անգամ բարձր է ինքնարժեքից։ Մասնագետները պնդում են, որ վերջին 10 տարում բժշկական ապահովագրությունը կենսամակարդակի համեմատությամբ թանկացել է 10 անգամ։ Օրինակ, ոտքի կոտրվածքը բուժելն արժե 10 հազար դոլար, կեսարյան հատումը՝ 30-35 հազար, ինչն ամենեւին էլ դրանց ինքնարժեքը չէ։ Իսկ որ ամենակարեւորն է, բժշկական ապահովագրությունից օգտվելու իրավունք ունի այն մարդը, ով այդ պահին վճարում է դրա համար։ Իսկ վճարում է հիմնականում աշխատող մարդը (կոնկրետ գործատու ունենալու դեպքում գումարի կեսը վճարում է գործատուն)։ Հասկանալի է, որ աշխատում է առո՛ղջ մարդը։ Այսինքն՝ մարդը հիվանդացավ, հետեւաբար, գոնե ժամանակավորապես, զրկվում է աշխատանքից, չի աշխատում, ուրեմն եւ ապահովադիր չէ՝ չի կարող օգտվել բուժօգնությունից։Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի առողջապահական հարցերով խորհրդատու Դին Միլսլեյգլը գտնում է, որ բուժօգնություն ստանալ կարող են բոլորը, ուղղակի պետք է ճշտեն՝ ով ինչ է ուզում ստանալ։ Ի դեպ, ԱՄՆ-ում գործում են նաեւ պետական բժշկական ապահովագրական համակարգեր՝ ծայրահեղ աղքատ եւ տարեց մարդկանց համար։ Շատ ավելի «դաժան» է շտապօգնության համակարգը, որտեղ նույնատիպ բուժօգնությունը ապահովագրականից կարող է 4-5 անգամ թանկ լինել։ Սակայն դրանից օգտվել կարող է նույնիսկ ամենաանվճարունակը։ Իսկ կվճարեն ավելի ունեւորները։ Խոսել բժշկական ապահովագրության օգուտների եւ վնասների մասին Հայաստանում՝ չափից ավելի վաղ է. այն դեռեւս վճռորոշ գործոն չէ մեր առողջապահական համակարգում։ Սակայն Ամերիկայի մի սխալը մերոնք հաստատ չեն անում. նույնիսկ սկզբնավորման փուլում մեր ապահովագրական ընկերությունները զերծ են մնում հաճախորդներին քրոնիկ հիվանդություններից ապահովագրելուց։ Իսկ առաջընթա՞ց, թե՞ հետընթաց կունենան ապահովագրական վճարների չափերը մեզ մոտ, դեռեւս կերեւա, երբ այս ինստիտուտը «չոչ անելուց» ոտքի կանգնի։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել