ԱՌԱՅԺՄ՝ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ «Տեղական ինքնակառավարման մասին» օրինագծի լսումներին ներկա էին հանրապետության գրեթե բոլոր մարզերի, համայնքների ներկայացուցիչները։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի տեղեկացմամբ, իրենք՝ օրինագծի հեղինակները, երեք կարեւոր խնդիր են դրել. 1) տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների մեծացում, 2) մեծացնել նաեւ այս մարմինների ֆինանսական հնարավորությունները, 3) ապակենտրոնացման ապահովում եւ միջհամայնքային միավորումների ձեւավորում։ Այսօր 901 համայնք կա եւ բոլորի ֆինանսական միջոցները, ի վերջո, փոշիացվում են։ Օրինագծի հեղինակների կարծիքով, միջհամայնքային միավորումների ձեւավորմամբ հնարավորություն կստեղծվի ֆինանսական միջոցների կենտրոնացման։ Օրինագծի հեղինակները առանձին կարեւորություն են տվել նաեւ Երեւան քաղաքին։ Երեւանի բյուջեի հարցը կլուծվի այս օրինագծով, իսկ Երեւանի քաղաքապետը, Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններից հետո, ոչ թե կնշանակվի, այլ՝ կընտրվի։ Պրն Դալլաքյանը նկատել տվեց, որ օրենքի բազմաթիվ դրույթներում ամրագրված են սահմանադրական ապագա բարեփոխումների ուրվագծերը, ըստ էության, լուրջ հակասություններ բարեփոխվելիք Սահմանադրության հետ չեն կարող լինել։ Կառավարության դիրքորոշումը օրինագծի հանդեպ դրական է։ Սակայն հասկանալի է, որ ամենացավոտ խնդիրը, նաեւ՝ կառավարության համար, եղել եւ մնալու է ֆինանսավորման խնդիրը։ Օրենքի ազդեցությունը ամենօրյա աշխատանքում զգացողները տարբեր կարծիքներ արտահայտեցին։ Թալինի քաղաքապետ Գուրգեն Գրիգորյանի կարծիքով, օրինակ, օրինագծի մեջ տեղ չեն գտել իրենց կողմից արված առաջարկները եւ ԱԺ-ն ու կառավարությունը գրում եւ անցկացնում են այնպիսի օրենքներ, որոնք իրենց են հարմար։ Կոնկրետ Թալինի դեպքում առաջարկ է եղել համայնքների միության հետ կապված, որը չի ընդգրկվել օրինագծում։ Երեւանի Կենտրոն համայնքի ղեկավար Արարատ Զուրաբյանը հակառակ կարծիքի է. «Մեկ քայլ առաջ է, բայց կարելի էր ավելին սպասել։ Ընդհանրապես, եթե օրենքն այս տեսքով ընդունվի, բյուջեում որոշակի, ֆինանսական առումով, ավելացում է սպասվում։ Իրոք, լավ է, բայց տեղական ինքնակառավարումը լուրջ կայացնելու համար գոնե հանրապետական բյուջեի 20 տոկոսի չափով պետք է լինի տեղական ինքնակառավարման բյուջեն»։ Մ. ԵՍԱՅԱՆ