Պահանջվում են երաշխիքներ Եվ շատ շտապ Երեկ ԼԴԿ գրասենյակում բուռն քննարկումներ էին անցկացվում «Փարիզյան սկզբունքներ» թեմայով, բնականաբար, տեղյակ չլինելով, թե ներկա իշխանությունների, ավելի ստույգ՝ Ռ. Քոչարյանի եւ Վ. Օսկանյանի համար որոնք են այդ սկզբունքները։ Արա Սահակյանն իր ելույթում կարեւորեց ԼՂՀ հիմնախնդիրը այլեւս «գաղտնի փուլից» հասարակական քննարկման առարկա դարձնելու հանգամանքը։ «Այն պետք է խառնարան դառնա», այլապես ԼՂՀ հարցը, ըստ Ա. Սահակյանի, կմնա իշխանությունը զավթելու համար լավագույն հնարավորություն։ «Չպետք է թույլ տալ իշխանությանը սեփականաշնորհելու ԼՂՀ հիմնահարցը եւ հասարակությանը թողնի անորոշության մեջ, որպեսզի վերջինս էլ ինքն իրեն քննարկի եւ փորձի հասկանալ, թե ինչ ասել է՝ փարիզյան սկզբունք եւ այլն»։ Իհարկե, հասկանալով, որ այս իրավիճակը «ձեռք է տալիս այսօրվա իշխանություններին»։ Դավիթ Շահնազարյանն էլ, հավելելով Ա. Սահակյանին, նշեց, որ հարցը կոնֆիդենցիալ բնույթ ունի, եւ այն պետք է որոշակիորեն պահպանի այդ սկզբունքը, սակայն «ես՝ որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ, որ իշխանությունները երաշխիք տան, թե Հայաստանի հաշվին չեն ընթանում ԼՂՀ հիմնահարցի շուրջ բանակցությունները»։ Իսկ երաշխիքներ ասելով, Դ. Շահնազարյանը նկատի ուներ ազատագրված տարածքները ետ վերադարձնելու բացառումը։ Դ. Շահնազարյանը նաեւ անդրադարձավ Քերի Քավանոյի այն հրապարակային լավատեսությանը, թե մինչեւ այս տարվա վերջը ԼՂՀ հիմնահարցը կգտնի իր վերջնական լուծումը։ «Ես Քերի Քավանոյի հետ առանձնազրույցում ասացի, որ իրականում ես չեմ տեսնում այդ լավատեսությունը», իսկ Քերին (այսպես էր Ք. Քավանոյին կոչում Դ. Շահնազարյանը.- Լ. Ս.) պատասխանել է. «Իրականում ես էլ ինչ-որ կասկածներ ունեմ եւ այն լավատեսությունը չունեմ, ինչը հրապարակեցի»։ Իսկ «Փարիզյան սկզբունքներին» վերադառնալու մասին Հայաստանի իշխանությունների կողմից շրջանառվող հաստատակամ «փուլային» իրավիճակի վերաբերյալ ասաց, որ այդ մասին միայն Հայաստանում են խոսում, իսկ Ադրբեջանում նման խոսակցություններ ընդհանրապես չկան. «Միգուցե Ռ. Քոչարյանն ու Վ. Օսկանյանն են միասին բանակցել եւ որոշել վերադառնալ «Փարիզյան սկզբունքներին»։ Աշոտ Բլեյանը ԼՂՀ հարցի լուծումը տեսնում է նոր քաղաքական ուժի ստեղծումով։ Ըստ նրա, այդ նոր ուժը պետք է ունենա երեք հիմնական սկզբունք՝ լեգիտիմություն, սուվերենություն եւ ԼՂՀ հարցի լուծում, որի կենտրոնում կլինի մարդու իրավունքը, իսկ մնացածը, ըստ Ա. Բլեյանի, դիվանագիտություն է, ամենօրյա աշխատանք։ Լ. ՍԵՅՐԱՆՅԱՆ