ԿԳ նախկին նախարարը խարդա՞խ է Հայ փաստաբանների միջազգային միության հրավիրած կլոր սեղանի մասնակից փաստաբան Աղասի Խուդոյանը առաջարկեց «իրերն իրենց անուններով կոչել» եւ «խարդախություն» որակեց ԿԳՆ-ի պատասխանատուների արածը, որի պատճառով առաջացել է ասպիրանտներին բանակ զորակոչելու հետ կապված խառնաշփոթը։ Շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ անցած երեկվա հանդիպումը, սակայն, այդպես էլ խնդիրը չհստակեցրեց՝ լուծումը թողնելով հինգշաբթի կայանալիք ՀՀ կառավարության նիստի որոշմանը։ ԿԳՆ-ի Իրավաբանական վարչության պետ Վրեժ Սարգսյանը այդպես էլ չկարողացավ տալ թերեւս ամենահիմնական հարցի պատասխանը՝ ի վերջո, օրինակա՞ն է արդյոք հավելյալ ասպիրանտական տեղեր բացելու որոշումը, եւ ո՞վ է այն կայացրել։ Իրավաբանը խոստովանեց, որ բարձրացված աղմուկից հետո ԿԳ նոր նախարարի հանձնարարականով փնտրում են, սակայն չեն գտնում որեւէ որոշում այս առնչությամբ։ Ասպիրանտական տեղերի թիվը որոշում է ՀՀ կառավարությունը, սակայն վերջինս հավելյալ տեղեր հատկացնելու որոշում չի կայացրել։ ԿԳ նախկին նախարար Է. Ղազարյանի եւ բուհերի, գիտական ինստիտուտների ղեկավարների փոխադարձ պայմանավորվածությամբ իրականացված ընդունելությունն ամենայն հավանականությամբ անօրինական է եւ ասպիրանտական այդ հավելյալ տեղեր ընդունվածները կարող են ընդհանրապես զրկվել իրենց տեղերից, եթե այդ ընդունելության արդյունքները չեղյալ ճանաչվեն։ Ամենից առաջ հենց այս հարցը պետք է հստակեցնել, մինչեւ պնդելը, որ ասպիրանտուրա ընդունված բոլոր երիտասարդները զինակոչից տարկետման իրավունք ունեն, ինչպես եւ երաշխավորում է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքը։ Օրինական, այսինքն՝ ԿԳՆ-ի եւ ՊՆ-ի համատեղ որոշմամբ սահմանված չափաքանակով, ընդունված ասպիրանտները բանակ զորակոչվելու խնդիր բացարձակապես չունեն։ Հանդիպման մասնակիցները բուռն քննարկման ընթացքում փորձում էին գտնել, թե ո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար եւ ո՞ւմ մեղքով են տուժում մոտ չորս տասնյակ այն ասպիրանտները, որ ընդունվել են հաստատված տեղերից դուրս։ Որոշակի ու անորոշ ակնարկներ հնչեցին ԿԳ պատասխանատուների հասցեին՝ վերջիններիս նաեւ մեղադրելով անձնական շահերով առաջնորդվելու համար։ Ընդունելություն են կազմակերպել (որքանով՝ «արդար», կարելի է ենթադրել նրանից, որ ընդունվածները գլխավորապես տղաներ են), ուսման վարձեր են գանձել՝ միայն բանավոր պայմանավորվածությամբ, առանց օրինական որեւէ հիմքի։ Հենց այս էին շեշտադրում քննարկմանը ներկա ՊՆ ներկայացուցիչները՝ հիմնավորելով ասպիրանտներին բանակ զորակոչելու իրենց իրավունքը։ Փաստաբան Ա. Խուդոյանը առաջարկեց պատժել նրանց, ովքեր անօրինական լրացուցիչ ընդունելություն են անցկացրել եւ ոչ թե՝ ասպիրանտներին։ Դիմելով ՊՆ ներկայացուցիչներին՝ նա ասաց. «Եթե դուք կասկածի տակ եք դնում այդ գործընթացը, եթե խարդախություն է արվել, դրա անունը ես՝ որպես իրավաբան, դնում եմ խարդախություն, ապա պիտի պատժվեն խարդախները»։ Ի պատասխան, զինդատախազության դատախազ Արմեն Գյուլնազարյանը նկատեց. «Եթե զինակոչիկը որեւէ խարդախի միջոցով, պետական այրի միջոցով ինչ-որ մի տեղեկանք է ձեռք բերում, որն իրեն տալիս է տարկետման իրավունք, մենք գտնում ենք այդ խարդախին ու պատժում, իսկ զինակոչիկի՞ն ինչ անենք, ասենք՝ դու մի՞ գնա բանակ։ Չէ՞ որ նա պե՛տք է գնա բանակ»։ Ասպիրանտներից մեկն էլ արձագանքեց՝ «իսկ որ պետական մակարդակով է արվում այս խարդախությո՞ւնը»։ Թե սրա տակից ինչպե՞ս դուրս կգա կառավարությունը, առաջիկա օրերին կերեւա։ Սակայն Հանրապետական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ Գագիկ Հարությունյանը, որը բավականին լավատեսորեն էր տրամադրված, տեղեկացրեց, որ այս հարցը ՊՆ-ում քննարկվում է, եւ կարծում էր, որ, ի վերջո, կընդունվի ասպիրանտների շահերը հաշվի առնող որոշում։ Իսկ այս դեպքը պարզապես պիտի դաս լինի ԿԳՆ-ին, որ «ապագայում մեզ նման թյուրիմացության մեջ չգցի»։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ